Thursday, November 17, 2011

Կնեսետի նախկին պատգամավորը հանդիմանեց Հրանուշ Հակոբյանին

Tert.am. 17-11-2011- Այն ժողովրդի համար, որ վերապրել է հոլոքոստ, ավելի դյուրին պիտի լիներ հասկանալ ժողովրդի, որ վերապրել է Ցեղասպանություն դեռ դրանից առաջ։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:
«Նախքան ես կմտնեի քաղաքականություն, և ինձնից առաջ, եղել են և կան մի խումբ մարդիկ, որ այս հարցի լոբբինգով զբաղվում են, և նրանց թիվն օրըստօրե ավելանում է,- ասաց նա։- Իսկ ժողովուրդը, թեպետ պիտի որ հասկանա այն որոշումները, որ ընդունում է ազգային ժողովը, սակայն հիմնականում ապրում է իր հոգսերով, որոնք, ի դեպ, քիչ չեն Իսրայելում։ Եվ երբ հարցնում ես նրանց արցախյան խնդրի մասին, նրանք հաճախ չեն էլ պատկերացնում, թե ով, ում, երբ և ինչու ինչ է արել: Ի դեպ, հայերն էլ առանձնապես ծանոթ չեն հրեական խնդիրներին»։
Ըստ Ցինկերի՝ հարկ է ավելացնել այնտեղ մարդկանց թիվը, «ի վերջո, այնտեղ քվեարկություն է, հասկանո՞ւմ եք»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ զգացումներ է ունենում Երուսաղեմի հայկական թաղամաս այցելելիս, նա ասաց. «Նման վայրերն ինձ վրա առանձնապես, անկեղծ ասած, որևէ դրական ազդեցություն չեն թողնում. ես շատ սիրում եմ հայկական եկեղեցին»:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ Իսրայելում ապրող հայ համայնքի և Հայաստանի կապը բավարար չէ։ «Օրինակ, Սփյուռքի նախարարը եկավ, հանդիպեց եկեղեցու մի քանի ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ բոլորովին այլ բան պիտի լիներ։ Պիտի լիներ մեծ հանդիսասրահ, իմ տվյալներով, ի վերջո, այնտեղ ապրում է 14-15 հազար հայ։ Մարդիկ պիտի գային, խոսեին, քննարկեին, ԶԼՄ-ներով լուսաբանեին։ Ցավոք սրտի, ձեր հարևաններն այդ ամենը շատ լավ են անում»,- հանդիմանեց նա։
Թե հայ համայնքը Իսրայելում, թե հրեա համայնքը Հայաստանում ապրում են, ըստ Ցինկերի, աննկատ և եթե մի բան էլ անում են, անում են իրենց ուժերով՝ ինքնուրույն։ «Եթե հրեաներ կան, որ շարունակում են այստեղ մնալ, ուրեմն իրենց այստեղ լավ են զգում։ Ես ինձ այստեղ լավ եմ զգում»,- ասաց նա։
Ցինկերին հասած բանահյուսությունն ասում է, որ հրեաներն ի սկզբանե բնակություն են հաստատել Վանում՝ հայերի հետ ապրել բավական լավ հարաբերություններով. «Եվ գուցե «վանեցի» արտահայտությունը նրանից է, որ այնտեղ երբևէ հրեաներ են ապրել։ Դա գիտական տեսակետ չէ, բայց գեղեցիկ է»։

No comments: