Tuesday, November 1, 2011

Ֆրանսիական համալսարանը շարունակում է արհամարհել ՀՀ օրենսդրության պահանջները. փաստաբան

Tert.am. 31-10-2011- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱՔԴ/2034/02/10 քաղաքացիական գործով 11.05.2011թ. վճռի համաձայն որոշվել է`
- Անահիտ Հակոբյանին, Լիլիթ Չիտչյանին, Մարատ Ավտոմյանին, Արմեն Եզեկյանին, Հերմինե Ահարոնյանին, Վարդան Ավետիքյանին, Գայանե Հակոբյանին, Տաթևիկ Սարուխանյանին, Լիլիա Դիլանյանին, Նարինե Կոխտիևային, Հայկանուշ Մխիթարյանին, Շուշանիկ Պետրոսյանին վերականգնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում զբաղեցրած նախկին պաշտոններում.
- «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից հօգուտ Անահիտ Հակոբյանի, Լիլիթ Չիտչյանի, Մարատ Ավտոմյանի, Արմեն Եզեկյանի, Հերմինե Ահարոնյանի, Վարդան Ավետիքյանի, Գայանե Հակոբյանի, Տաթևիկ Սարուխանյանի, Լիլիա Դիլանյանի, Նարինե Կոխտիևայի, Հայկանուշ Մխիթարյանի, Շուշանիկ Պետրոսյանի բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար.
- հօգուտ հայցվորների բռնագանձել պակաս վճարված արձակուրդների գումարները:
Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ 22.09.2011 թվականին:
Ինչպես հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, չնայած նրան, որ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի որոշ աշխատակիցների կողմից նախաձեռնվեցին հանդիպումներ` հեռացված դասախոսների վերականգման կազմակերպչական հարցերը քննարկելու կապակցությամբ, սակայն պարզ է դարձել, որ համալսարանն իրականում մտադրություն չունի վերականգնելու նրան:
Համալսարանը վճարել է միայն արձակուրդների գումարները, իսկ պարապուրդների գումարները չի վճարել: Պարապուրդների գումարները վճարել է միայն այն վերականգնված դասախոսներին, ովքեր դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելի մասին:
Համալսարանը պարտադրում է վերականգնված դասախոսներին մասնագիտական որակավորումն ու մակարդակը պարզելու նպատակով հանձնել քննություն, հայտարարելով, որ միայն դրանից հետո կթույլատրի մուտք գործել լսարան:
Վերականգնված դասախոսները գրավոր դիմել են համալսարանին հայտնելով, որ` «դատարանի վճռի համաձայն մենք վերականգնվել ենք զբաղեցրած նախկին պաշտոններում: Մենք դասախոսներ ենք և մեր գործառույթները կարող ենք իրականացնել լսարանում դասավանդելու միջոցով: Հիմնադրամի կողմից քննություն անցնելու նախապայման դնելը և փաստացի չվերականգնելը հակասում է վճռի պատվիրանին: Ավելին, այս գործողությամբ Հիմնադրամը խախտում է մեր` ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով երաշխավորված իրավունքները: ... Հիմնադրամը վերջին հինգ տարիներին համալսարանի դասախոսների համար քննություններ չի կազմակերպել և չի անցկացրել, ինչը ուղղակիորեն խոսում է մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին: Իսկ, մյուս դասախոսներից մենք տարբերվում ենք նրանով, որ «հանդգնել ենք» դատարան դիմել Հիմնադրամի դեմ»:
Դասախոսների կարծիքով համալսարանն ամեն ինչ անելու է, որ իրենց կրկին հեռացնեն, քանի որ չեն համակերպվում դատարանի վճռով իրենց վերականգվնելու փաստի հետ:
Դասախոսներից Նարինե Կոխտիևան նշել է` «Ես հիշում եմ, թե ինչ գեղեցիկ ավանդույթներ կային Ֆրանսիական համալսարանում, ինչպիսի ջերմ մթնոլորտ: Նույնիսկ եթե հավաքարարն էր դուրս գալիս աշխատանքից, հավաքվում էինք և նրան ճանապարհում: Շատ ջերմ կոլեկտիվ էր: Իսկ հիմա կարծես պառակտման և բամբասանքի մթնոլորտ լինի: Ես հասկանում եմ ներկայիս աշխատող դասախոսներին և ուսանողներին, ինչ անեն նրանք, չեն կարող դուրս գալ համալսարանի ղեկավարության դեմ: Բայց համոզված եմ, որ ներքուստ իրենք մեզ հետ են: Մենք որևէ մեկի դեմ թշնամություն չունենք: Մեր խնդիրը սոցիալական է, թույլ տվեք աշխատենք: Մենք դիմել ենք դատարան ստիպված, մեր խախտված իրավունքների պաշտպանությունից ելնելով: Եթե անօրինական եք մեզ ազատել, որի իրավունքը չունեիք և հիմա դատարանը վերականգնել է մեզ, բարի եղեք հարգեք դատարանի վճիռը և նորմալ միջավայր ստեղծեք, որպեսզի աշխատենք: Դատական այս քաշքշուկից պարզ է դարձել նաև, որ մյուս դասախոսներին (որոնք հիմա աշխատում են) արձակուրդային գումարները պակաս են տվել: Հարց է ծագում ինչու չեք վճարում դասախոսներին: Մենք կարող ենք հարկային մարմնին հաղորդում ուղարկել և խնդրել, որ ստուգի համալսարանը, քանի որ այդ թերացումների արդյունքում նաև պետության նկատմամբ պարտավորությունները չեն կատարել, սակայն Ֆրանսիական համալսարանը մենք համարում ենք մերը և չենք ուզում նրան վնասել: Իսկ ինչու համալսարանը մեզ չի համարում իրենը, ինչու է մեզ հետ վերաբերվում օտարի նման: Չէ, որ ռեկտորի սուրբ պարտականությունն է բարեհամբույր միջավայր ստեղծել բոլորի համար»:
Գրությունը ստորագրել են Նարինե Կոխտիևան, Շուշանիկ Պետրոսյանը, Տաթևիկ Սարուխանյանը, Գայանե Հակոբյանը, Լիլիա Դիլանյանը, Հայկանուշ Մխիթարյանը, Հերմինե Ահարոնյանը, Լիլիթ Չիտչյանը։

No comments: