Այնինչ Բաքուն արդեն իսկ փոխզիջում համարում է բանակցություններին իր մասնակցելու փաստը, եւ բազմիցս է նախագահի մակարդակով հայտարարել, որ «Ադրբեջանը չի պատրաստվում զիջել այն, ինչը պատկանում է իրեն»: Բացի սրանից` որեւէ հակամարտության մեջ որեւէ միջնորդ, մանավանդ Մինսկի խումբը իր առկա մանդատով իրավասու չէ կողմերից որեւէ մեկին «պարտադրել որեւէ բան», եթե այդպես լիներ, ապա հայկական զույգ կողմերն էլ կարող են դժգոհություն հայտնել Մինսկի խմբից, «որովհետեւ չի պարտադրում Ադրբեջանին»: Մինչդեռ, հավատարիմ խաղաղ բանակցությունների ոգուն, առայժմ միայն Երեւանը շարունակում է հիմնահարցի խաղաղ լուծման ուղիներ որոնել Բաքվի հետ` Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Եվ ամենակարեւորը. Բաքուն, «հաշվի առնելով Մինսկի խմբի պարապությունը», կրկին ամենատարբեր, անգամ ամենաբարձր մակարդակներով բազմիցս դիրքորոշում է հայտնել, որ պետք է փոփոխել համանախագահների կազմը, ավելին. անձամբ Իլհամ Ալիեւի կարծիքով ու խոսքերովՙ «Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Հայաստանի բարեկամներն են»: Սակայն, ինչպես ամենասկզբում նշեցինք, Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի, եթե այս փաստորեն պաշտոնական դիրքորոշման հակառակ կարծիք չհնչեր: Երեկ, շեշտենք, միայն ոչ պաշտոնապես, պետական 1news.az-ում տեղեկություն հայտնվեց, ըստ որի` Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հայտարարել է. «Մինսկի խմբի ձեւաչափի որեւէ փոփոխություն կհանգեցնի հիմնահարցի լուծման հետաձգմանը, քանի որ բոլոր երեք համանախագահները այս ընթացքում մեծ փորձ են ձեռք բերել, լավ գիտեն տարածաշրջանը եւ իրազեկված են հակամարտության մասին»: Տիկին Մուրադովան հավելել է, որ եթե Եվրոմիությունը եւ «այլ միջազգային կազմակերպություններ» ցանկանում են օգնել լուծելու հիմնահարցը, ապա «դա կարող են անել առանց առկա ձեւաչափը փոփոխման ենթարկելու»: Ի՞նչ է ստացվում. նախ նկատենք, որ Մուրադովան որեւէ խոսքով չի ասում, թե նպատակահարմար չէ առկա ձեւաչափի փոփոխությունը, ընդամենը նշում է, որ այն կբերի հիմնահարցի լուծման հետաձգմանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ Բաքուն կողմ է հիմնահարցի հետաձգմանը, քանի որ հենց միայն ինքն է «կողմ Մինսկի խմբի համանախագահության կազմի վերանայմանը»: Սա հաստատում է ինքըՙ Մուրադովան, իր հաջորդ մտքով. «Մինսկի խմբում ներկայացված են 10 երկրներ: Իմ կարծիքովՙ նպատակահարմար կլիներ, եթե վերջիններս ակտիվորեն ներգրավվեին հակամարտության լուծման աշխատանքներում: Շատ երկրներ դա ցանկանում են, օրինակՙ Իտալիան»: Որ Մինսկի խմբում ԼՂ հարցով «զբաղվել», այլ ոչ «լուծել» ցանկանում է, Մուրադովայի խոսքերով, Իտալիան, այլ ոչ Թուրքիան, Միլլի մեջլիսի փոխխոսնակի «շոու» կազմակերպելու կարողություններից է, սա չէ էականը: Էականն այն է, որ Մուրադովան մեկ ընդգծում է, որ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխումը կձգձգի հակամարտության լուծումը, մեկ էլ նպատակահարմար համարում «օրինակՙ Իտալիայի» ներգրավումը: Եզրակացություն այստեղ կարող է լինել երկուսը. կամ Մուրադովան չի հասկանում ինչ է ասում, կամ հասկանում է, պարզապես Բաքուն ինքը հիմնահարցի լուծման ձգձգման կողմնակից է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment