Monday, November 21, 2011

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը դիտարկելու է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության հարցը

News.am. 21-11-2011- Իրանի մեջլիսը հանձնարություն է տվել ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովին քննարկել Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ համագործակցելու հարցը, Իրանի միջուկային ծրագրի հարցով գործակալության վերջին զեկույցի շրջանակներում, որտեղ ասվում է, որ մեծ հավանականություն կա, որ իրանական միջուկային ծրագիրը պարունակում է ռազմական բաղադրիչներ:
Reuters-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է ԻԻՀ-ի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանը: Նա պարզաբանել է, որ հանձնաժողովին կարգադրել են դիտարկել «ատոմային գործակալության հետ հարաբերությունների եւ համագործակցության մեթոդների վերանայման հարցը»:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ավելի վաղ Իրանի արտգործ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել ԱԷՄԳ-ի հետ այն դեպքում, եթե գործակալությունը «հավասարակշռի իր դիրքորոշումը» Իրանի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւի է ընդունել Իրանի մասին, որում մտահոգություն է հայտնվում երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ:
Նշենք, նաեւ, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ բանաձեւը կշռադատված է, հիմնված է ճշտված փաստերի վրա, կասկածելի եւ շինծու գնահատականներ ու եզրահանգումներ չի պարունակում: Այն կոչ է անում Իրանին եւ ԱԷՄԳ-ին ուժեղացնել համատեղ աշխատանքը եւ ողջունում է որոշման բանակցային տարբերակը:
Նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ը Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, համաձայն որի` այդ երկիրը միջուկային զենք է մշակում: Հրապարակումից հետո Եվրոպան եւ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու կոչ արեցին, իսկ Ռուսաստանը հանդես եկավ «վեցյակի» ձեւաչափով բանակցությունը շարունակելու օգտին (Ռուսաստաան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Չինաստան):

No comments: