Monday, November 21, 2011

Հայ և թուրք գործարարների համաժողով Երևանում

«Լրագիր» 21-11-2011- Նոյեմբերի 22-ին և 23-ին Հրազդան հյուրանոցի կոնֆերանսների սրահում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը կազմակերպում է հայ և թուրք գործարարների համաժողով: Միջոցառումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ` որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միության կոնսորցիումի կողմից: Համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 22-ին` ժամը 10:00-ին:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը նախատեսում է հրավիրել ավելի քան երեսուն գործարարների, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթև արդյունաբերություն, շինարարություն, կահույքագործություն, հանքային արդյունաբերություն, ոսկերչություն և առևտուր: Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հանդիպում կունենան Թուրքիայից ժամանած առանձին գործարարների հետ՝ համապատասխան ոլորտներում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Կհրավիրվեն նաև բանախոսներ, ովքեր կխոսեն Հայաստանի և Թուրքիայի գործարար ոլորտների միջև գործարար հարաբերությունների ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նաև տեղի կունենա Թուրքիայից հրավիրված մասնակիցների արտադրանքի նմուշների ցուցադրություն, որը թույլ կտա հայ գործարարներին ծանոթանալ թուրքական արտադրատեսակներին, որակին և արտադրության տեխնոլոգիաներին, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավորություններ:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է համագործակցության հուշագրերի ստորագրություն հայկական և թուրքական գործարար կառույցների, ինչպես նաև գործարար կանանց կազմակերպությունների միջև` դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների միջև գործարար համագործակցությունըզարգացնելու նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանն ու խորացմանը` տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

No comments: