Tuesday, November 8, 2011

ԱՄՆ կոնգրեսականները փորձում են կանխել Թուրքիային զենքի վաճառքը

News.am. 8-11-2011- Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն միացել է ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամներին, որպեսզի կանխի ամերիկյան զենքը Թուրքիային 111 մլն դոլարով վաճառելու առաջարկը` Անկարայի կողմից Հայաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի նկատմամբ թշնամական գործողությունների պատճառով:
«Մենք խորապես անհանգստացած ենք Թուրքիայի ավելի ու ավելի հզոր զենքեր ձեռք բերելու, նրա կողմից Իսրայելի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու, Եվրամիությանն անդամակցելու ցանկության, Կիպրոսի եւ Հայաստանի անողոք շրջափակման հանգամանքներով, - հայտարարել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Շելլի Բերքլին եւ Էլիոթ Էնգելը օրենսդրությունը ներկայացնելու ժամանակ: - Երեւում է, Անկարայի մեր վաղեմի դաշնակիցը ոչ միայն առճակատման է գնում իր ընկերների ու դաշնակիցների հետ, այլեւ խաղի մեջ է մտել մեր ոխերիմ որոշ թշնամիների հետ: Միացյալ Նահանգները պետք է բարձրաձայնի այս չափազանց լուրջ խնդիրների մասին, ոչ թե Թուրքիային զենք վաճառի»:
Գործընկերներին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են անում աջակցել №83 համատեղ բանաձեւին:
«Միեւնույն ժամանակ, երբ Թուրքիան ուշացումով հետ կանգնեց Սիրիայի մղձավանջից եւ աշխատում է իրանյան վարչակարգի սպառնալիքները չեզոքացնել, նա նախկինի պես հրաժարվում է ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար», - հստակեցրել են բանաձեւի կողմնակիցները:
Բերքլիի եւ Էնգելի ներկայացրած բանաձեւը կարող է արգելել զենքի վաճառքի գործարքը: №83 բանաձեւի կողմնակիցների շարքում են Ներկայացուցիչների պալատի անդամ Գաս Բիլիրակիսը, Մայքլ Գրիմը, Սթիվ Իսրեյելը, Քերոլին Մելոնին, Ջեյմս Մակհովերնը, Ֆրենկ Փալոննեն եւ Էդ Ռոյսը:

No comments: