Tuesday, November 8, 2011

Իշխանության կորստից ավելի լուրջ

«Լրագիր» 8-11-2011- Վերջին օրերին տեղի ունեցած կադրային փոփոխությունների հերթական փուլը, անշուշտ, վկայեց իշխանության մեջ Սերժ Սարգսյանի ինքնավստահության բարձրացման եւ նաեւ իշխանությանը տիրապետելու աստիճանի բարձրացման մասին: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը տոնեց ներիշխանական հաջողություն կամ հաղթանակ, որը սակայն կարող է շատ կարճ տեւել, եթե օրգանական կապի մեջ չի մտել հանրային շահի հետ:
Բանն այն է, որ այդ կադրային վերադասավորումների էֆեկտը պետք է ոչ միայն Սերժ Սարգսյանն ինքը զգա, կամ իր մերձավոր շրջապատը, այլ նախ եւ առաջ հանրութունը: Միայն այդ դեպքում կարելի է խոսել Սարգսյանի ներիշխանական տեւական հաղթանակի մասին: Եթե հանրությունը որակական առումով չի զգում այդ վերադասավորումների ազդեցությունը, ապա իրավիճակը շատ արագ կարող է հետ վերադառնալ “ելման դիրք”, կամ նույնիսկ ավելի հետ, քան այդ դիրքը:
Հասարակությունը պետք է զգա, որ իշխանության մեջ կատարվող փոփոխություններն առնչություն ունեն իր հետ: Առայժմ այդ զգացողությունը չկա: Մինչդեռ միայն այդ զգացողությունը կարող է այսպես ասած վերադասավորվող իշխանական համակարգի տակ սոցիալական հիմք ձեւավորել: Ներկայում, առանց այդ հիմքի, Հայաստանի իշխանությունն իրեն չի կարող ամուր զգալ:
Ընդ որում, այստեղ կապ չունի, թե ով է այդ իշխանության գլխին՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե ասենք Պուտինը: Հայաստանի իշխանությանն այժմ սոցիալական հենարան է անհրաժեշտ, ինչը հնարավոր է ապահովել միայն մի դեպքում՝ եթե հանրությունը տեսնի, որ ինքն է իշխանության մեջ կատարվող գործընթացների շահառուն: Իսկ առայժմ, հասարակությունը դա ոչ միայն չի տեսնում, այլ նույնիսկ չի հավատում, որ այդ շահառուն կարող է լինել ինքը:
Իսկ այդ պարագայում, Հայաստանի իշխանական համակարգում իշխանության հարցը լուծելն այլեւս գործնականում կլինի անհնար: Բանն այն է, որ իշխանության ինքնապահպանման ռեսուրսները ներկայում զգալիորեն նվազել են: Բնականաբար թեժանում է ռեսուրսների համար պայքարը: Այսինքն, կարծես թե գալիս է մի իրավիճակ, երբ բոլորը պատրաստ են ամեն ինչի:
Սոցիալական հենարանն այստեղ կարող է հենց բոլորին զսպող դեր կատարել: Իսկ քանի որ այժմ կարծես թե առավելությունը Սերժ Սարգսյանին է, ապա սոցիալական հենարանի առկայությունը զսպելով բոլորին, այդ թվում բնականաբար հենց Սերժ Սարգսյանին, միեւնույն ժամանակ նրան թույլ կտա գոնե պահել այդ առավելությունը իշխանության մյուս սեգմենտների համեմատ, չեզոքացնելով կամ էապես նվազեցնելով նրանց ստվերային գործունեության, ստվերային հակագրոհների հնարավորությունները:
Սակայն, ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանը իրավիճակի ռացիոնալ գնահատման փոխարեն, որոշակիորեն հայտնվում է էյֆորիայի մեջ, ասենք Տիգրան Սարգսյանին թույլ տալով հանրությանը սպառնալ “կոտրած տաշտակով”, եթե հանրությունը չհամախմբվի նախագահի շուրջ: Դա իհարկե Սերժ Սարգսյանն է ասում, քանի դեռ նա չի հայտարարել Տիգրան Սարգսյանի մոտեցման անընդունելիության մասին:
Մինչդեռ, ոչ թե հասարակությունը պետք է համախմբվի Սերժ Սարգսյանի շուրջ, այսինքն գնա դեպի Սերժ Սարգսյանը, այլ Սարգսյանը պետք է գնա դեպի հասարակություն, այլապես ինքն է հայտնվելու “կոտրած տաշտակի” առաջ:
Շատերը կարող են ասել, թե Սարգսյանը երբեք չի գնա, քանի որ դեպի հասարակությունը գնալը նրա դեպքում կնշանակի գնալ դեպի իշխանության կորուստ: Իհարկե, ամեն ինչ չէ, որ միարժեք է, եւ անկասկած կան փոխզիջումային տարբերակներ, երբ Սարգսյանը կարող է գնալ դեպի հասաակություն՝ իրապես, ոչ թե ձեւական եւ քարոզչական նկատառումներով, բայց գնալով եւ հանրային շահը բավարարելով հանդերձ պահպանի իշխանությունը: Առավել եւս, որ օրինակ հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես թե բազմաթիվ անգամներ ակնարկել է, որ իշխանության համակարգային իրական փոփոխությունների պարագայում պատրաստ են հրաժարվել իշխանափոխության իմպերատիվ պահանջից:
Բայց, անգամ եթե դեպի հասարակություն գնալը Սերժ Սարգսյանի համար հավասարազոր լինի իշխանության կորստին, միեւնույն է պետք է գնալ: Ներկայիս թե հայաստանյան, թե համաշխարհային իրավիճակից եւ միտումներից, նոր ի հայտ եկող էական նրբերանգներից դատելով, ավելի լավ է կորցնել այն բնույթի իշխանությունը, որ կա Հայաստանում, քան պահպանել այն: Որովետեւ այդ բնույթով իշխանությունը պահպանելը ներկայիս ժամանակում թերեւս շատ ավելի լուրջ կորուստներով է հղի, քան իշխանության կորուստը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: