Saturday, November 5, 2011

Թուրքիային չի հետաքրքրում Ղարաբաղը, պարզապես չի ուզում՝ Հայաստանը ոտքի կանգնի. թուրքագետ

Tert.am. 4-11-2011- Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չկա և ապագայում չի էլ ակնկալվում։ Նման համոզմունք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը։
«Ճիշտ է` միջազգային հանրությունը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ճիշտ է այդ հետաքրքրվածությունը արդյունք չի տալիս, սակայն միջազգային հանրությունը միշտ էլ զսպող օղակ է Թուրքիայի համար և միշտ կհիշեցնեն նրան բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով` Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի հետ լարված են, Թուրքիայում քրդերն են ակտիվացել, ներքաղաքական վիճակը նույնպես լարված է` համատարած ձերբակալություններ, մասնավորապես ձերբակալում են այն մտավորականներին, ովքեր խոսում են ցեղասպանությունից և փորձում բողոքի ձայն բարձրացնել: Դրանցից ամենակարկառուն դեմքերից էին Ռագըփ Զարաքոլուն և նրա որդին՝ Դենիզ Զարաքոլուն:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա ըստ թուրքագետի, Թուրքիան մոտ ապագայում չի անդրադառնալու այդ արձանագրություններին, քանի որ նրանց խորհրդարանում առաջնահերթ խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է, այդ առումով նրանց օրակարգը հագեցած է:
«Թուրքիային առհասարակ չի հետաքրքրում Ղարաբաղի հարցը, պարզապես Թուրքիային ձեռնտու չէ տեսնել Հայաստանին ոտքի կանգնած ու հզորացած, քանի որ հզորացած Հայաստանին շատ դժվար կլինի նախապայմաններ պարտադրելը»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

No comments: