Tert.am. 12-11-2011- «ԱՄՆ–ն ձգտում է Անդրկովկասի երկրները դուրս բերել պաշտոնական Մոսկվայի ազդեցության ոլորտից։ Այդ նպատակով Վաշինգտոնն իրականացնում է «Մեծ Կովկաս» նախագիծը, որը ծնվել էր դեռևս Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ, և որի էությունն է ամրապնդվել տարածաշրջանում և ամերիկյան շահերն առաջ մղել, իսկ հաջողության դեպքում ԱՄՆ–ն շահավետ պլացդարմներ կունենա՝ ուղղված ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ»,– ռուսական «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ՝ ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաևը և հավելել, որ Վաշինգտոնին այդ նախագծի շրջանակում հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել։Ագաևն ասել է, թե Վրաստանն այս պահին անկհայտ «հակառուսական դիրքերում է գտնվում», Ադրբեջանի իշխող վերնախավի հիմնական ներկայացուցիչները և ընդդիմադիր բլոկները ևս կողմոնորոշված են դեպի ԱՄՆ–ն։
Քաղաքագետը նշել է, որ վերոնշյալի իրականացման ճանապարհին ինչ–որ չափով միակ խոչընդոտը Հայաստանն է, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Նա նշել է, որ Հայաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, և հայկական սփյուռքի ազդեցիկ շրջանները կցանկանային Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից։
«Պատմական Հայաստանը շատ ուժեղ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ուստի դա հեշտ առաջդրանք չի լինելու, չնայած, սկզբունքորեն, լուծելի է»,–կարծում է քաղաքագետը։
Քաղաքագետը նշել է, որ Անդրկովկասում առավել ակտուալ խնդիրը տարածաշրջանային (ԼՂ, Աբխազիա, Հարավային Օսիա) հակամարտություններն են։ Ագաևի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցն աշխարհաքաղաքական «Մեծ Կովկաս» նախագծի հաջողության համար վճռորոշ է. «Եթե այն լուծվի հօգուտ Ադրբեջանի, նշանակում է, որ ամերիկացիների համար դժվար է լինելու լուծել հարցերը Հայաստանի հետ, և հակառակը։ Կարծում եմ, որ ԼՂ հարցը լուծվելու է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ համատեղ։ Թուրքիայում այդ ուղղությամբ շատ բաներ են արվում։ Մենք զգալի տեղաշարժերի նախաշեմին ենք գտնվում այդ հարցում»,– ասել է նա։
Ագաևը ընդգծել է, որ ԼՂ հակմարտության կարգավորման դեպքում, պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է նախաձեռնել Հյուսիսային և Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների միավորումը՝ Մեծ Կովկաս աշխարհաքաղաքական տարածքում, ինչի արդյունքում Ռուսաստանը վերջնականապես կկորցնի այդ տարածաշրջանը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ն այդ «առաջադրանքի» իրականացումն ակնհայտորեն կապում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի՝ «Մեծ Մերձավոր Արևելք»–ի իրականացման հետ։ «Մերձավոր Արևելքին վերաբերող նախագծի նպատակն ամերիկյան ազդեցության երկարատև ամրապնդումն է հենց Հարթլենդում. ով իշխում է Հարթլենդին, իշխում է նաև աշխարհին։ Հարթլենդը Պամիրից մինչև Ալմաթա անծայրածիր տարածություն է»,–ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանն այս փուլում որևէ բան չի կարող հակադրել այդ նախագծին, քանի որ գտնվում է «կուռումպացվածության, կազմալուծման, պառակտման» վիճակում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment