Tuesday, November 8, 2011

Օ՜ ոչ, Կոբալիա

«Լրագիր» 7-11-2011- Վրաստանն ըստ երեւույթին կասկածելով, որ միայն արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կարող է շահել Հայաստանի իշխանության սիրտը, որը թերեւս կարծրացել էր Հայաստանի պետական կառավարման համակարգի հասցեին Սահակաշվիլիի հերթական քննադատությունից հետո, որոշել է այդ սիրտը շահել ոչ միայն դիվանագիտությամբ, այլ նաեւ գեղեցկությամբ:
Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան: Նա գեղեցկուհի է: Հայաստանում Կոբալիային ճանաչում են վաղուց, երբ մեկ-մեկուկես տարի առաջ համացանցում հայտնվեցին նրա լուսանկարները՝ ակումբներից մեկում ժամանցի պահին: Հայաստանի այն տղամարդիկ, ովքեր կարողանում էին ինտերնետ մտնել, հիացած էին Կոբալիայով:
Շատերը նույնիսկ համարում էին, որ հենց այդօրինակ չքնաղ նախարարն է Վրաստանում բիզնես միջավայրի շեշտակի բարելավման գրավականը: Դե, այդպիսի գեղեկության հետ ամեն օր շփվող ամեն ինչ էլ կաճի՝ լինի դա որեւէ երկրի տնտեսություն, թե ասենք Սումատրա կղզում հայտնաբերված Ամորֆոֆալլուսի սոխուկ Արմավիրի չոր հողակտորներում:
Այժմ, Հայաստան ուղարկելով Վերա Կոբալիային, Սահակաշվիլին թերեւս վստահ է, որ եթե անգամ Վաշաձեի դիվանագիտական լեզուն չօգնի Հայաստանի իշխանության սիրտը փափկացնել, ապա Վերա Կոբալիայի գեղեցկությունն այդ խնդիրը կլուծի հաստատ: Առավել եւս, որ Հայաստանի իշխանությունն իր աշխատանքային պրակտիկայում կարծես թե ունի նրբագեղության կարիք:
Հայաստանի իշխանության մեջ եղած տղամարդիկ աշխատանքի ընթացքում չեն զգում կանանց ներկայության պակաս: Իշխանության մեջ կան նախարար, պատգամավոր, վարչության պետ եւ այլ բազմաթիվ կանայք, եւ «նույնիսկ մի կին ատամնատեխնիկ», ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը: Բայց բանն այն է, որ մեր կանայք ընտրվում են բացառապես աշխատունակության, ոչ թե գեղեցկատեսության սկզբունքով: Այսինքն նրանք բոլորն էլ գեղեցիկ են եւ յուրովի հմայիչ, բայց նրանց գլխավոր խաղաքարտը աշխատանքային արդյունավետությունն է:
Ասենք, նրանք կարող էին գեղեցիկ ծամեր անել Յուլիա Տիմոշենկոյի նման, բայց գերադասում էին մտածել վաղվա օրվա մասին, դրա համար էլ Տիմոշենկոն այժմ բանտում է, իսկ մեր կանայք շարունակում են մնալ իշխանության մեջ:
Նույն կերպ, նրանք կարող էին Վերա Կոբալիայի պես բարակիրան եւ նրբագեղ գեղեցկուհի լինել, բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը դա թույլ չի տալիս, որովհետեւ մեր երկրի տարածքով նավթ ու գազ չի անցնում, եւ շատ բան մեր պաշտոնյա կանայք ստիպված են կրել ձեռքով: Իսկ դա ուժ է պահանջում: Իսկ ուժի համար բարակ իրանը բանի պետք չէ: Պաշտոնյա կնոջ իրանի բարակությունը որոշվում է երկրի աշխարհագրական դիրքով:
Բայց, գեղեցկուհին էլ բանակի պես մի բան է՝ եթե չես կերակրում քոնը, ապա կկերակրես ուրիշինը: Պետք է ունենալ սեփական գեղեցկուհիները, իհարկե զուտ աշխատանքային նշանակության՝ տղամարդ պաշտոնյաների աչքը կուշտ պահելու համար, որպեսզի այլք չմտածեն իրենց գեղեցկուհիներով քեզ հետ հարցերը լուծելու մասին:
Այլապես, դժվար է պատկերացնել, թե որ հարցում են Կոբալիային «ոչ» ասելու հայ պաշտոնյաները:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: