Tuesday, November 8, 2011

ԵՎՐՈԻՆՏԵԳՐՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՁԵՎՈՎՙ ԳԱԶԱՏԱՐԸ ԵՂԱՆԱԿ Է ՓՈԽՈՒՄ

«ԱԶԳ, 08-11-2011- Երբ Ադրբեջանն անդամակցեց Չմիավորման շարժմանը, թվում էրՙ արտաքին քաղաքական ուղեգծում այս երկրի ընտրությունը պարզ է. Բաքուն «ոչ» է ասում ինչպես Արեւմուտքին, այնպես էլ Ոուսաստանին եւ կողմնորոշվում է դեպի իսլամական աշխարհ:
Օրերս ի հայտ եկավ ադրբեջանական արտաքին քաղաքական այս նոր ուղեգծի եւս մեկ վկայություն: Երբ հոկտեմբերի 19-ին Բաքուն հրաժարվեց միանալ Ազատ առեւտրային գոտու պայմանագրին, որն ստորագրվեց ԱՊՀ 8 երկրների կողմից (փաստաթղթին հրաժարվեցին միանալ նաեւ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը), Իլհամ Ալիեւը մեկնեց Թուրքիա, որտեղ ձեռք բերվեցին էներգետիկ ոլորտի մի շարք կարեւոր պայմանավորվածություններ: Վերջիններից ամենակարեւորը, թերեւս, գազային պայմանավորվածությունների փաթեթն էր:
Մինչեւ 2025 թվականն Ադրբեջանը պատրաստվում է 50 միլիարդ խորանարդ մետր գազ արդյունաբերել, ինչն արտահանելու նպատակով Բաքուն եւ Անկարան պայմանավորվել են նոր գազամուղ կառուցել: Ընդ որում, այս էներգառեսուրսը կարտահանվի ոչ միայն Թուրքիա, այլեւ վերջինիս տարածքով դեպի Եվրոպա: Գազի արդյունաբերման ծավալներին զուգընթաց գազատարի հզորությունը կավելացվի, այդ պահից հնարավոր է նաեւ օտարերկրյա ընկերությունների ներգրավում:
Ադրբեջանից «Շահ Դենիզ-2» նախագծի շրջանակներում արդյունաբերվող գազը «Հարավային միջանցք» նախագծի հիմնական աղբյուրն է հավակնում դառնալ: Հիշեցնենք, որ այս նախագիծը ԵՄ-ի համար կարեւորագույն էներգետիկ նախագծերից է համարվում, որը կոչված է տարբերակել ԵՄ էներգետիկ աղբյուրներըՙ նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից: «Հարավային միջանցք» նախագծի գազատարներն են NABUCCO-ն, Անդրադրիատիկ եւ Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարները:
Թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների համաձայն, ադրբեջանական գազի արժեքը Թուրքիայի համար 30%-ով ցածր կլինի Ռուսաստանից, Իրանից, Նիգերիայից եւ Ալժիրից ներմուծվող գազի գնի համեմատ:
«Այս համաձայնագրի ստորագրմամբ, ըստ էության, լուծեցինք երկրի գազամատակարարման խնդիրը եւ ամրապնդեցինք մեր դիրքերըՙ որպես տարանցիկ երկիր»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը:
Հոկտեմբերի սկզբին Թուրքիան հրաժարվել էր երկարացնել Ռուսաստանից այսպես կոչված «արեւմտյան երթուղով»ՙ Ուկրաինայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքով մատակարարվող գազի համաձայնագիրը, որ ստորագրվել էր 25 տարի առաջՙ մինչ այդ Ռուսաստանից պահանջելով վերանայել գազի սակագինը: Չնայած սրան, Թուրքիան դեռեւս շարունակում է ՌԴ-ից գազ ներմուծել «Երկնագույն հոսքով»:
Բաքու-Անկարա էներգետիկ համաձայնությունների շրջանակում փոփոխություններ են կատարվել նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պայմանավորվածություններում: Համաձայնագրում իրականացված ուղղումները Թուրքիային 3,7 միլիարդ դոլարի հավելյալ եկամուտ են խոստանում:
Եվ այսպես, Ադրբեջանն ակնհայտորեն կաշառում է Թուրքիային, հնարավոր էՙ դրա համար ունենալով հիմնավոր պատճառներ: Գաղտնիք չէ, որ Արեւմուտքի կողմից դեռեւս շարունակվում է ճնշումը Թուրքիայի նկատմամբ հայ-թուրքական գործընթացը «մեռյալ կետից» առաջ մղելու նպատակով: Մյուս կողմից, Բաքուն հրաժարվում է մասնակցել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացներինՙ պատճառաբանելով դրանցում Հայաստանի մասնակցությունը: Նման իրավիճակում թերեւս բնական է, որ Ադրբեջանը դեմքն ամբողջովին պետք է շուռ տար դեպի իսլամական աշխարհՙ մահմեդական ավագ եղբորՙ Թուրքիայի առաջնորդությամբ Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության ուղին բռնելով:
Արդյունքումՙ ուրվագծվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայությունը, եվրոինտեգրում ասվածըՙ Ադրբեջանի դեպքում դադարում է առնչություն ունենալ արժեքային համակարգի հարցերին: Պահպանելով եւ զարգացնելով բնականոն գործընկերային կապեր տնտեսական ոլորտում, Ալիեւի ռեժիմը փորձում է դրանով Եվրոպային դարձնել առավել հանդուրժող իր երկրում տիրող իրավիճակի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների նկատմամբ: Ադրբեջանը փորձում է ընդօրինակել արաբական այն երկրներին, որտեղ «գարուն չի գալիս», օրինակՙ Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Բահրեյնին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Օմանին: Այս ամենը կարելի է բնական համարել, սակայն մնում է մեկ հարց. որքանո՞վ է ԵՄ-ի եւ արեւելյան գործընկեր մյուս պետությունների համար նպատակահարմար Ադրբեջանի առկայությունն ԱլԳ-ում: Միգուցե ժամանա՞կն է փաստերին ուղիղ նայելու:

No comments: