Tuesday, November 8, 2011

Իրանցի մտավորականները խիստ քննադատել են Իլհամ Ալիևին

Panorama.am. 7-11-2011- «Իրանցի մտավորականները դատապարտել են Ադրբեջանի նախագահի հակաիսլամական հանցավոր գործունեությունը»:
Այդ մասին նշված է իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության` Արևելյան Ազարբայջան նահանգի մտավորականները, Թավիրզի համալսարանների դասախոսներն ու ուսանողներն Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարության մեջ, մասնավորապես, նշել են. «Ափսոսում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակասիլամական հանցավոր գործունեությունը ընդգրկվել է պաշտոնական Բաքվի աշխատանքային օրակարգում»:
Իրանցի մտավորականներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են հեջաբի արգելման, իսլամական գործիչների ձերբակալության և մզկիթների քանդման խնդիրներին:
Հիշեցնենք, որ օրերս իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլա Մաքարեմ Շիրազին իր ելույթներից մեկում, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, հայտարարել էր. «Մենք վստահ ենք, Ադրբեջանի ժողովուրդն այս իրավիճակը չի հանդուրժի և կգա մի օր, որ կբռնեն ձեր օձիքից և ցած կիջեցնեն իշխանական աթոռից: Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից դասեր քաղեք»:
Հավելենք, որ վերջերս «Իսլամական զարթոնքն Ադրբեջանում» թեմայով կազմակերպված համագումարի ընթացքում ավելի քան 40 իսլամական երկրի հոգևորականներ և գիտնականներ ևս դատապարտեցին Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը:
Շիիզմի ոլորտի աշխարհահռչակ գիտնականներից մեկը` այաթոլլա Թահրիրին, դատապարտելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքանությունը, նշել է. «Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ (ԻՀԿ) երկիր Ադրբեջանը չպետք է ազատազրկի իսլամական գործիչներին և արգելի հեջաբ կրել, Ադրբեջանի այդ գործողությունները, անշուշտ, չպետք է շարունակվեն»:

No comments: