Tuesday, November 8, 2011

Հայաստանն ու Իրանը որևէ երկկողմ խնդիր չունեն. արձանագրում են ԱԳ նախարարները

Tert.am. 8-11-2011- Հայաստանի և Իրանի միջև կան իրականացվող և հեռահար նպատակներ` տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում։ Այս մասին ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ալի Աքբար Սալեհին առաջին անգամ է Հայաստանում, և, ըստ Էդվարդ Նալբանդյանի, այցը լավ հնարավորություն է շարունակել երկխոսությունը:
Նախարարները մի քանի հանդիպում են ունեցել այս տարվա ընթացքում, և այսօր լավ հնարավորություն է ևս մեկ անգամ անդրադառնալ երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, միջազգային հարցերին: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են, կան իրականացվող և հեռահար նպատակներ` տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում:
«Լավ հանդիպումներ են ընթանում նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Արտգործնախարարություններն իրենց նպաստն են բերում, որ կյանքի կոչվեն ծրագրերը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրելի եղբորից՝ Նալբանդյանից և ասաց, որ լավ հիշողություննեևով է մեկնելու Հայաստանից։
Նա հայտնեց, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Նախարարները համակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը որևէ երկկողմ խնդիր չունեն, ոչ սահմանային և ոչ էլ որևէ այլ խնդիր, որը ունենում են երկու հարևան երկրներ։
«Մեր ջանքերը պետք է այնպես լինեն, որ երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնենք և ընդլայնենք: Մեր բոլոր ջանքերը կներդնենք, որ հարաբերությունները զարգացնենք և խորացնենք»,- ասաց Սալեհին։

No comments: