Sunday, November 20, 2011

Այսօր աշխարհում երեխաների օրն է

Tert.am. 20-11-2011- Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան է խորհուրդ տվել բոլոր երկրներին՝ նշել այս օրը՝ որպես ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովման օր, քանի որ 1959 թվականի այդ օրը Գլխավոր Ասամբլեան երեխաների իրավունքների վերաբերյալ դեկլարացիա ընդունեց:
Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ միասին, այն ևս մի առիթ է հիշելու երեխաների խնդիրների, իրավունքների և ուղղակի մանուկների անկեղծ, միամիտ ու մաքուր աշխարհի մասին։
Թեպետ հայերս համարվում ենք երեխայապաշտ ազգ, սակայն պարբերաբար ասուլիսներ հրավիրող տարբեր ոլորտների փորձագետները նշում են, որ ավելանում են երեխաների նկատմամբ տարբեր տիպի, այդ թվում և սեռական բնույթի հանցագործությունները, իսկ դրանց վիճակագրությունը՝ վերջին հինգ տարում 99 դեպք, բնավ մոտ չէ իրականությանը։ Երեխաներն առավել հաճախ բռնության են ենթարկվում մերձավորագույն մարդկանց կողմից, ովքեր և կոծկում են արարքը։
Ուսումնատենչ համարվելով հանդերձ՝ արդի դպրոցական ծրագրերը հեռու են կատարյալ լինելուց։ Հատկապես փոքրիկների համար ծանր են թե ուսումնական ծրագրերը, թե՝ դպրոցական պայուսակները, որով վտանգվում է նրանց ողնաշարի առողջությունը և ուսման նկատմամբ առողջ հետարքրությունը։
Իսկ «ինչ անում ենք, երեխաների համար ենք անում» արտահայտությունն, ըստ հոգեբանների, երբեմն ուղղակի հոգեբանական բեռ է դառնում երեխաների համար։
Աղտոտված էկոլոգիան և ոչ բնական սննդի կիրառումը մեր առօրյայում առավել վտանգում է փոքրիկների առողջությունը։
Նաև հիշենք, որ Սոցապ նախարարության ենթակայության տակ գտնվող գիշերօթիկ հաստատություններում և մանկատներում ապրում է մոտ 1600 երեխա. նրանք բոլորը մի ընդհանուր երազանք ունեն՝ ապրել ընտանիքում։
Այնպես որ, երեխաներին այսօր մեր առաջարկած աշխարհը հեռու է կատարելությունից. առավել քան երբևէ «աշխարհին մանկան մաքրություն է պետք»։

No comments: