Thursday, November 17, 2011

«Ազգ». ՀՅԴ-ն կարծում է, թե միայն ի´նքը կարող է Թուրքիայի հետ բանակցել, մյուսները միամիտ են

«Ազգ». Պատմականորեն հայ-թուրքական հարաբերությունները միշտ բարդ են եղել, բայց կարծես իրադրությունն ավելի է վատթարացել ներկայումս, դարձել առավել վիճելի, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով կարող է խոսել թուրքերի հետ հայերի անունից: Ինչպես միշտ, մենք ավելի շատ առաջնորդներ ունենք, քան Ամերիկայի բնիկ հնդկացիները:
Իրավական տեսանկյունից որևէ երկրի կառավարությունն է, որ կարող է վարել իր միջազգային հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ սփյուռքահայերը ցեղասպանությունից ճողոպրածների անմիջական հետնորդներն են, նրանք ևս բարոյական իրավունքն ու պարտականությունն ունեն մասնակցելու այդ հարաբերությունների ձևավորման բանակցություններին կամ երկխոսություններին:
Սակայն թվում է, թե որոշ խմբակցություններ սեփականատիրական իրավունք են վերապահում իրենց, երբ խոսքը վերաբերում է Հայ դատի հետապնդմանը, ցեղասպանության ճանաչմանը կամ փոխհատուցման պահանջներին: Այսպես, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը, նրա տարբեր մասնաճյուղերը և առաջնորդներից ոմանք հավատացած են, որ իրենց է պատկանում ցեղասպանության կամ հայ-թուրքական երկխոսության հարցերով զբաղվելու մենաշնորհը:
Պետք է ընդունել, որ ՀՅԴ-ն նշանակալի ներդրում է ունեցել այդ հարցերումՙ սկսած ցեղասպանությունն իրականացնողների հանդեպ արդար դատաստան տեսնելուց, մինչև Հայաստանը դեպի անկախություն առաջնորդելը 1918 թվին: …Սակայն կուսակցությունը պետք է գիտակցի, որ Հայ դատի ասպարեզում իր ներդրումների նշանակությունն ուղիղ համեմատականով նվազելու է այնքան ժամանակ, որ կուսակցությունն անտեսի կամ թերագնահատի այլ կուսակցությունների և խմբակցությունների ներդրումները միևնույն ասպարեզում:
ՀՅԴ կուսակցության առաջնորդները կտրականապես դեմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացներին ամեն անգամ, որ իրենք ներառված չեն եղել դրանցում: Մյուս կողմից, սակայն, կուսակցությունը միակողմանիորեն ինքն է Թուրքիայի եւ թուրքերի հետ երկխոսություն ձեռնարկել, ինչպես օրինակՙ Խորհրդային Միության դեմ մղված «Պրոմեթևս» շարժման ժամանակ, որը երկպառակություն ստեղծեց կուսակցության ներսում (Շահան Նաթալին դրա վառ օրինակներից է):
ՀՅԴ-ի առաջնորդների գերիշխանական հավակնությունների հետևանք է կարծիքը, թե միայն իրե՛նք կարող են Թուրքիայի հետ բանակցել: Մնացյալներն այնքան միամիտ են, որ մոռանալով ցեղասպանությունը՝ կներեն թուրքերին մեր պատմական հայրենիքը զավթելու համար:
Ցավը բոլորինս է, և ոչ ոք իրավունք չունի մենաշնորհյալ կարգավիճակ սահմանելու իր համար Հայ դատի հարցում:

No comments: