Wednesday, November 30, 2011

Ինչն է «բացել» Հայաստանին

«Լրագիր» 30-11-2011- Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպելով վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «ներկայում ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, որը հնարավորություն է ստեղծում լուծելու հարցերը, որոնք իրենց հերթին հնարավորություն կտան Թբիլիսիի եւ Ջավախքի հայ համայնքներին հարատեւել»:
Այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փաստացի, կամա, թե ակամա հավաստում է, որ մինչեւ այժմ առկա վիճակը վտանգի տակ է դրել Թբիլիսիի եւ Ջավախքի հայ համայնքների գոյությունը: Եթե նա հայտարարում է, որ ներկայիս վիճակը թույլ է տալիս լուծել այն հարցերը, որոնք կնպաստեն համայնքների հարատեւմանը, ուրեմն այդպիսով ընդունում է, որ դրանք չլուծվելու դեպքում սպառնում են անմիջականորեն համայնքների գոյությանը:
Իսկ ինչ իրավիճակ նկատի ունի Սերժ Սարգսյանը, խոսելով հնարավորությունների մասին: Խոսքը միայն հայ-վրացական հարաբերության տիրույթում կատարվող փոփոխությունների մասին է, թե առնչվում է առավել գլոբալ՝ տարածաշրջանային եւ գուցե նաեւ համաշխարհային փոփոխություններին:
Անկասկած է, որ թեեւ Ջավախքի հարցը երբեք չի հայտնվել միջազգային քաղաքական օրակարգում, անգամ տարածաշրջանային օրակարգում, այդուհանդերձ այն միշտ եղել է այդպիսի նշանակության հարց եւ դիտարկվել այդ շրջանակներին վերաբերող քաղաքական տարատեսակ ծրագրավորումներում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, նկատի ունենալով Ջավախքի առանձնահատկությունը թե աշխարհագրական, թե էթնոքաղաքական տեսանկյունից, այդ ամենից բխող այլ իրողություններով:
Հիմա, որ հարթության վրա են տեղի ունեցել այն փոփոխությունները, որոնք ըստ Սերժ Սարգսյանի հնարավորություն են տալիս լուծել Վրաստանի հայ համայնքների «հարատեւության» հարցը: Որ «ատյանում» է կայացվել այդ հարատեւությունն ապահովելու «որոշումը», դա Սահակաշվիլին ու Սերժ Սարգսյանն են որոշել, թե ասենք Հարավային Կովկասով հետաքրքրված միջազգային քաղաքական կենտրոնները:
Օրինակ, արդյոք այն հնարավորությունները, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը, առաջացել կամ ձեւավորվել են Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ռուսական գերազդեցության թուլացման միտումներին զուգահեռ: Չէ որ գաղտնիք չէ, թե Ռուսաստանն ինչ մեծ ազդեցություն ունի վիրահայ համայնքներում, այդ թվում նաեւ Ջավախքում: Հետեւաբար, Վրաստանի հայ համայնքները թերեւս գտնվում էին նաեւ ռուս-վրացական հարաբերության պատանդի դերում, նկատի ունենալով Ռուսաստանի ազդեցությունը այդ համայնքների վրա:
Ահա այդ համատեքստում, Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման առաջին հայացքից ոչ ակնհայտ, բայց ստրատեգիական առումով շոշափելի միտումները կարող են նոր հնարավորություն բացել վիրահայերի եւ պաշտոնական Թբիլիսի միջեւ նոր որակի հարաբերություն ձեւավորելու համար:
Մյուս կողմից, հնարավորություն կարող էր բացվել նաեւ ռուս-վրացական հարաբերության որոշակի փոփոխության պարագայում: Այդ առումով էլ կան որոշակի միտումներ, որոնք օրինակ դրսեւորվեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացում, երբ ռուսներն ու վրացիները կարողացան պայմանավորվել: Վրացիները դրա արդյունքում հանեցին Ռուսաստանի առաջ դրված վետոն:
Թեեւ, մյուս կողմից, այդ ասպեկտը գուցե ավելի շատ ռուս-արեւմտյան հարաբերության տիրույթում էր, եւ այդտեղ Վրաստանն ընդամենը գնաց այն հունով, որով հորդորեց շարժվել Արեւմուտքը:
Այդուհանդերձ, իրավիճակն ըստ երեւույթին իսկապես գլոբալ փոփոխության է ենթարկվում, այլապես հազիվ թե Հայաստանի իշխանությունը համարձակվեր, թեեւ ոչ ամենաուղղակի, բայց բավական բաց տեքստով խոսել վիրահայ համայնքների հարատեւությանը սպառնացող խնդիրների մասին, հայտարարելով ներկայում դրանք լուծելու հնարավորության մասին: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը բավական համարձակ է դարձել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հայտարարություններում, ինչը համընկավ Սերժ Սարգսյանի ԱՄՆ, Ֆրանսիա, իսկ հետո նաեւ Լեհաստան՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողով, կատարած այցերին, նաեւ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցին:
Հայաստանը մասնավորապես խոսում էր տարածաշրջանային էներգետիկ նախագծերը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, փաստացի Եվրոպային հայտնելով դրանք Հայաստանով տանելու վերաբերյալ բանակցության պատրաստակամություն: Ահա այդ համատեքստում, հայ-վրացական ուղղությամբ նոր հնարավորությունների մասին հայտարարություններն էլ կարծես թե փոքր ինչ այլ լույսի ներքո են պատկերվում:
Թեեւ, այդ ամենով հանդերձ, պետք չէ նաեւ բացառել այն, որ գործ ունենք ընդամենը հայտարարության հետ, որի ընթացքում հեղինակը պարզապես առանձնապես մանրախնդիր չի գտնվել բառերի եւ ձեւակերպումների հարցում, այլ փորձել է ընդամենը տվյալ տեղում տվյալ պահին տպավորություն թողնել լսարանի վրա:
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ մասնավորապես հայաբնակ Ջավախքը, Վրաստանի համար հանդիսանում է կարեւոր ռազմավարական տարածաշրջան թուրքական էքսպանսիայի դեմ: Վրաստանն ի վերջո վաղ թե ուշ պետք է գիտակցի Ջավախքի հայաբնակության կարեւորությունը հենց իր ռազմավարական շահի տեսանկյունից: Ու հավանական է, որ այդ գիտակցումը Վրաստանի իշխանության մոտ աստիճանաբար ձեւավորվում է, ինչն էլ նկատի կարող էր ունենալ Սերժ Սարգսյանը «ներկայիս իրավիճակի» հնարավորության մասին խոսելիս: Ի վերջո, Վրաստանն առանց հայաբնակ Ջավախք բուֆերի անզոր է դիմագրավել թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական էքսպանսիային, ինչը անխուսափելի է լինելու այդ երկրի համար եւ տարանցման դոլարների կարճատեւ էֆեկտից հետո երկարատեւ խնդիրներ կարող է առաջացնել Վրաստանի պետականության համար:
Այդ խնդիրների հարցում շատ ավելի հեշտ է լինելու պայմանավորվել Հայաստանի, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Բացի այդ, թուրք-ադրբեջանական այդ հավանական էքսպանսիան գլխացավանք է դառնալու նաեւ Արեւմուտքի համար, եւ նույնիսկ Ռուսաստանի: Ու այդ առումով էլ անշուշտ երկար տարիների փորձից հետո կարծես թե թե Արեւմուտքի, թե նույնիսկ Ռուսաստանի համար պարզ է դառնում, որ այդ էքսպանսիայի ճանապարհը անհնար է այլ կերպ լուծել, քան Ջավախքի հայության խնդիրների լուծմամբ, եւ ավելի լավ է Ջավախքում հայկական «բուֆերի» հարատեւությունը, քան թուրք-ադրբեջանական միաձուլումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: