Wednesday, November 30, 2011

Առանց այդ էլ Հայաստանի բեռը ծանր է

«Լրագիր» 29-11-2011- Հայ-վրացական հարաբերության, բարձր մակարդակի հարաբերությունների տիրույթում հաճախ է հնչում գնահատական, որ Երեւանը կարող է միջնորդ դառնալ ռուս-վրացական լարված հարաբերության հարցում:
Հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումներից, կամ այլ նշանակալից արարողություններից առաջ կամ դրանց ընթացքում, հաճախ կարելի է լսել այդօրինակ գնահատականներ:
Իրականում սակայն, այստեղ թերեւս գործ ունենք ցանկալին իրականության տեղ դիտարկելու հետ: Բանն այն է, որ Հայաստանը ռուս-վրացական լարվածությունը հաղթահարելու միջնորդ դիտարկելը փոքր ինչ չափազանցնում է Հայաստանի հնարավորությունները, Հայաստանի առկա արտաքին քաղաքական պետնցիալը թե զուտ նյութական, առարկայական, շոշափելի բազայի առկայության, թե նաեւ պարզապես ինտելեկտուալ պոտենցիալի առումով:
Հայաստանը, որքան էլ որ ցավալի չհնչի, ընդամենը կարող է լինել խոսք-տանող բերողի՝ սուրհանդակի դերում, երբ ասենք Մոսկվան ինչ որ բան ասի, որն էլ Երեւանը փոխանցի Թբիլիսիին:
Ի դեպ, այդ իմաստով, նույն գործառույթը կարող է ունենալ նաեւ Թբիլիսին Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում՝ երբ Սահակաշվիլիին ինչ որ բան ասեն, նա էլ փոխանցի Երեւանին:
Ավելին անելու պոտենցիալ, թե Հայաստանը, թե անգամ բարեփոխվող Վրաստանը, չունեն:
Մասնավորապես, այդ պոտենցիալի բացակայության մասին է վկայում Հայաստանի ներքին կյանքի որակը, որը բացարձակապես թույլ չի տալիս ակնկալել արդյունավետ, նախաձեռնողական, եւ գլխավորը՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն, եւ թե Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության որակը, երբ այդ երկիրը բավարարվում է ընդամենը թուրք-ադրբեջանական «կոնսորցիումի» տարանցիկ կցորդը լինելու դերով, բացարձակապես չձգտելով առավել լայն, ընդգրկուն, հեռանկարային եւ ռազմավարական բնույթի քաղաքական վարքի:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա այստեղ շատ էական է նաեւ այն, թե պաշտոնական Երեւանն ինչ նշանակություն ունի Մոսկվայի համար, այսինքն ինչ արժեք ունի: Այդ տեսանկյունից, իրավիճակը նույնպես բավական անմխիթար է, քանի որ Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես ֆորպոստ, թեեւ բարեբախտաբար գոնե բարձրաձայն այլեւս չի հիշեցնում այդ մասին:
Հետեւաբար, հայ-վրացական հարաբերության վրա պետք չէ դնել ավելի մեծ խնդիրներ եւ առաքելություն, քան կա իրականում, քան իրականում կարող են կրել թե Հայաստանը, թե Վրաստանը: Հայ-վրացական հարաբերության տիրույթում ինքնին այնքան խնդիրներ կան լուծելու, որոնց մի զգալի մասը դեռ նույնիսկ բարձրաձայնված ու ձեւակերպված էլ չէ, բայց ժամանակի ընթացքում անխուսափելիորեն զգալ է տալու իրեն, որ պետք է մտածել այդ հարաբերությունը բարելավելու, ոչ թե ռուս-վրացական միջնորդի դերի մասին, առավել եւս, որ այդ դերը բացի Հայաստանի իշխանահեն քարոզչական հերթական հումք լինելուց, որեւէ այլ հեռանկար Հայաստանի համար չունի:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: