Wednesday, November 30, 2011

Ֆրանսիան հայ փախստականներին 2000–ական եվրո կտա և հետ կուղարկի Հայաստան

Tert.am. 29-11-2011- Ֆրանսիայի իշխանություններն իրենց երկրում բնակվելու թույլտվություն չստացած փախստականներին մինչև 2000 եվրո կվճարեն (յուրաքանչյուր անձի համար), եթե նրանք կամավոր համաձայնեն հայրենիք վերադառնալ։
Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտարարել է, որ այդպիսով իրենք մտադիր են վերջ դնել այն դեպքերին, երբ ներգաղթյալները, բնակության համար թույլտվություն չստանալով, համալրում են ապօրինի ներգաղթյալների շարքը։
«Փախստականներին ապաստան տրամադրելու մեր համակարգը վտանգի տակ է, քանի որ հաճախ այն օգտագործվում է մեր երկրում ապօրինի կերպով ամրապնդվելու նպատակով»,–Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեանը։ Իր խոսքներն ապացուցելու համար նախարարը որոշ թվեր է ներկայացրել. վերջին 4 տարվա ընթացքում Ֆրանսիայում փախստականների թիվը 55 տոկոսով աճել է։
Նախարարը հավելել է, որ մինչև 2011թ. վերջ, ապաստան տրամադրելու մասին 60 000 միջնորդություն է քննվելու, իսկ 2008թ. տվյալներով այդ թիվը 42,6 հազար է կազմել։
Գեանը նշել է, որ փախստականների մեծ մասը Ֆրանսիա է ժամանում Բանգլադեշից և Հայաստանից, և քանի որ Ֆրանսիայի փախստակաների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության վարչությունը վերոնշյալ երկրները, ինչպես նաև Մոլդովան և Չեռնոգորիան դասել է այնպես կոչված անվտանգ երկրների շարքը, ուստի նախևառաջ արագացվելու է հենց այդ երկրներից գաղթած անձանց գործերի քննությունը։
Ֆրանսիայի իշխանությունները յուրաքանչյուր տարի մերժում են ապաստան ստանալու համար միջնորդություն ներկայացրած փախստականների 70–80 տոկոսին։ Օրենքի համաձայն՝ մերժված անձինք պետք է մեկ ամսվա ընթացքում լքեն երկրի տարածքը, իրականում, սակայն, այլ բան է տեղի ունենում։

No comments: