Saturday, November 26, 2011

ԲՀԿ-ն դարձել է «առանցք»

«Լրագիր» 26-11-2011- Մինչ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Դուբայում պատրաստվում է նշել իր 55-ամյակը, Հայաստանում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ, որոնց կենտրոնում ԲՀԿ-ն է: Մի կողմից, տեղեկություններ են տարածվում, որ ԲՀԿ համաձայնել է ՀՀԿ հետ միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանի առաջիկա ընտրությանը, մյուս կողմից Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի բացառում ԲՀԿ հետ համագործակցությունը, եթե վերջինս «հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից: Բարգավաճ Հայաստանն իր դեմքն իսպառ կկորցնի նաեւ այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ Բարգավաճի համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա»:
Բացի այդ, վերջին օրերին ԲՀԿ հետ սերտ առնչություն ունեցողների հանդեպ քրեական բնույթի պատմություններ են շրջանառվում: Մասնավորապես, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին ԲՀԿ անդամ Թամար Պողոսյանի գործունեության չարաշահումների վերաբերյալ, իսկ Ծառուկյանի մերձավորներից մեկը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է:
ԲՀԿ պատասխանատուներն առայժմ հստակ չեն արտահայտվել իրենց կուսակցության դիրքորոշման վերաբերյալ. նրանք չեն բացառում համագործակցությունը թե ՀՀԿ-ի, թե Կոնգրեսի, ինչպես նաեւ այլ կուսակցությունների հետ, միաժամանակ հայտարարում են նաեւ ընտրությանը ինքնուրույն մասնակցելու մասին:
Տպավորություն է, որ ՀՀԿ-ն եւ Կոնգրեսը «պայքարում են» ԲՀԿ համար: Դա զարմանալի չէ, քանի որ Բարգավաճը ունի զգալի ընտրազանգված եւ նյութական ռեսուրս: Գուցե փոքր ինչ զարմանալի է Կոնգրեսի պարագայում, որը հայտարարել է ավազակապետության կազմաքանդման մասին, եւ ժամանակին ավազակապետության հիմնասյուներից մեկն էլ համարել ԲՀԿ-ն:
Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում պարզաբանեց այդ իրավիճակը. «Քաղաքականության այբուբենին ծանոթ որեւէ մեկը, սակայն, այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ։ Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի։ Ուրիշ բան, եթե մեր ընդդիմախոսները բացեիբաց հայտարարեն, որ գերխնդիրը սխալ է, եւ ամենեւին հարկ չկա ազատվելու քոչարյանա-սերժական վարչախմբից։ Այլապես, իրենց անհասկանալի պահվածքով, նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին»:
Եւ այսպես, ստեղծվել է մի վիճակ, երբ Բարգավաճին իշխանությունն ու Կոնգրեսը փորձում են «թասիբի գցել». մեկը «իրավական» հարթությունում, մյուսը՝ «քաղաքական»: Դժվար է ասել, թե ինչն ավելի շատ ազդեցություն կունենա ԲՀԿ որոշման վրա. այս կուսակցությունում բազմաթիվ են թե «իրավական» խնդիրներ ունեցողները, թե նաեւ նրանք, ովքեր ցանկանում են լինել քաղաքական հարթությունում, եւ կուսակցությունն ի վերջո որոշակի խմբերի բիզնես շահը սպասարկելու հարթությունից տեղափոխել քաղաքական առավել լայն հարթություն:
Այսպիսով, ԲՀԿ-ն առայժմ գտնվում է հայտնի գործագործ խաղի «պետուշոկի» վիճակում:
Հայկ Արամյան

No comments: