Tuesday, November 22, 2011

Ռուսաստանն իր ժողովրդագրական խնդիրները լուծում է Հայաստանի հաշվին. Թոմ դե Վաալ

Tert.am. 21-11-2011- «Դա տեղի ունեցավ 23 տարի առաջ՝ հաջորդ ամսին (դեկտեմբերին), Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին, սակայն, չի վերականգնվել 1988թ. ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի հետևանքով զոհվեց բնակչության ութ տոկոսը։ Հայկական թերթերից մեկի խմբագիր Լևոն Բարսեղյանը, որ անցած շաբաթ Գյումրիում իմ անձնական էքսկուրսավարն էր, հպարտորեն նշեց նրբաոճ սև քարե տների մասին, ինչով հայտնի է նախկին սովետական այս քաղաքը։ Նա խոսեց նաև հին շուկայի մասին, որը մինչև այսօր ավերված է. իրականում սովետական շենքերը փլուզվել են, իսկ ավելի հին շենքերը՝ կանգուն մնացել։ Նա նաև պատմեց ինձ, որ 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, որոնք նրանց սովետական կառավարությունն էր տրամադրել»,– «Հայաստանի բնակչության արտահոսքը» վերտառությամբ հոդվածում գրում է Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը՝ ավելացնելով, որ վերոնշյալը միակ խնդիրը չէ, քանի որ բազմասենյականոց կառույցներից շատերը կիսով չափ դատարկ են. հազարավոր մարդիկ պարզապես թողել–հեռացել են։
«Չնայած, որ աշխարհն անցած շաբաթ նշեց իր յոթմիլիարդերորդ բնակչի ծնունդը, որոշ երկրներում բնակչության թվի պակաս կա. Դրանք մեծամասամբ նախկին խորհրդային երկրներն են, որոշներում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում, խնդիրը ծնելիության ցածր մակարդակն է, որոշներում՝ արտագաղթը, բնակչության արտահոսքը»։
Դե Վաալը նշում է, որ արտագաղթի խնդրին բախվում են Միջին Ասիայի երկրները, Վրաստանը և Ադրբեջանը, որտեղ երիտասարդները, թողնելով իրենց հայրենիքը, հիմնականում Ռուսաստան են մեկնում՝ աշխատանք գտնելու։
«Այս խնդիրն առավել ընդգծված է, սակայն, երկու երկրում՝ Մոլդովայում և Հայաստանում,– նշում է վերլուծաբանը և հավելում.– Հայաստանից արտագաղթի մակարադակը, բացարձակ թվերով, այդքան էլ չի զիջում հարավկովկասյան հարևանների՝ Ադրբեջանի և Վրաստանի արտագաղթի ցուցանիշներին, սակայն, բնակչության փոքր թիվն այն ավելի սուր խնդիր է դարձնում։ Սովետական վերջին մարդահամարի համաձայն՝ Հայաստանի բնակչության թիվը 3,3 մլն է, որի երկու երրոդը՝ քաղաքաբնակ է, մեկ երրորդը՝ գյուղաբնակ։ Այսօր հավանաբար գյուղական բնակչության կեսը, ինչպես նաև քաղաքային բնակչության զգալի մասն արտագաղթել է՝ աշխատանք փնտրելու»։
Վերլուծաբանն այնուհետև նշում է, որ 2001թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը 3 միլիոնից քիչ ավելի է։ «Թվի կրճատում գրանցվեց՝ չնայած այն հանգամանքին, որ 1989–92թթ. ավելի քան 400 000 մարդ էր Հայաստան մտել` փախստականներ Լեռնային Ղարաբաղից և ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից, որոնց միայն որոշ մասն է մնացել Հայաստանում: Երկիրը, սովետական կարգերի փլուզումից ի վեր, մոտ մեկ միլիոն մարդ լքած կլինի։
2009թ. Gallup կազմակերպության անցկացած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախկին սովետական երկրներից ամենաշատը Մոլդովայի բնակիչներն են ցանկանում ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով արտասահման մեկնել, իսկ երկրորդ տեղում Հայաստանն է (համապատասխանաբար՝ 53 և 44 տոկոս)։ Իսկ ահա իրենց երկիրը մշտապես լքել ամենաշատը հայաստանցիներն էին ցանկացել, երկրորդ տեղում նոր Մոլդովան էր` համապատասխանաբար 39 և 36 տոկոս։
«Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը շարունակում է տառապել Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության տնտեսական հետևանքներից։ Խնդիրը դժվարանում է նաև նրանով, որ սփյուռքում երկու անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, և նրանք իրենց մոտ բնակության են հրավիրում իրենց հարազատներին.... Այժմ այս հարցը խնդիրներ է առաջացնում նույնիսկ Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակավ իր անհանգստությունն էր հայտնել Ռուսաստանի կառավարության՝ «Հայրենակիցներ» անունը կրող ծրագրի առնչությամբ, որը հազարավոր հայերի քաղաքացիություն և աշխատանք է խոստանում` Սիբիրի չբնակեցված վայրերում ապրելու պայմանով։ Իրականում դաշնակից երկիրն իր ժողովրդագրական խնդիրները լուծում է մյուսի հաշվին»,-գրում է դե Վաալը` հավելելով, որ Համաշխարհային բանկի 2010թ. գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ–ի 9 տոկոսը տրանսֆերներից է ստացվում։
«Դժվար է ակնկալել մի երկրի զարգացումը, երբ այն թուլացվում է արտագաղթով: Գյուղատնտեսությունը ծածկում է միայն առաջին անհրաժեշտության պահանջները։ Մշտական լարվածություն է 80 000-անոնց բանակ պահելը (Ադրբեջանին դիմակայելու համար), երբ 1990–ական թթ. սկզբին ծնված 18–ամյա տղաների թիվն այդքան քիչ է»,-նշում է Թոմ դե Վաալը։
Վերլուծաբանը հոդվածի վերջում լավատեսորեն ընգծում է այն փաստը, որ արտասհամանում բնակվելը հայերին, այդուհանադերձ, հնարավորություն է տալիս ավելի լավ կրթություն ստանալ: «Եվ երբ շրջադարձ տեղի ունենա Հայաստանի ազգային զարգացման մեջ, այդ մարդիկ, այսպես կոչված «վերագաղթյալները» կլինեն այդ նոր պատմության առաջամարտիկները»,-եզրափակում է նա:

No comments: