Tuesday, November 22, 2011

Oլիգարխների «տրանսպորտի փողը»

«Լրագիր» 21-11-2011- Ինչպես հայտնի է, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերթական «կործանիչ» հարվածն է հասցրել Հայաստանի մոնոպոլ եւ օլիգոպոլ տնտեսությանը, բացահայտելով դրա խոշոր բացահայտումներից մեկը՝ կարագի անվան տակ սփրեդի իրացում:
Բացահայտված է մոնոպոլ ու օլիգոպոլ տնտեսական համակարգի եւս մի խարդախություն, իսկ խարդախները տուգանված են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ տարածել է, որ բացահայտել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ սուպերմարկետը՝ «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուփ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք»:
Ինչպես հայտնի է, այդ սուպերմարկետները պատկանում են Հայաստանի օլիգարխիկ համակարգի որոշ դեպքերում շատ հայտնի, իսկ որոշ դեպքերում էլ քողարկված ներկայացուցիչներին: Օլիգարխներին ու համակարգի հայտնի եւ անհայտ ներկայացուցիչներին են պատկանում նաեւ կարագ ներկրող այն ընկերությունները, որոնք սփրեդ են անցկացրել կարագի անվան տակ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանց բոլորին՝ ներկրողներին եւ վաճառող սուպերմարկետներին, տուգանել է 3-ական միլիոն դրամի չափով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ասել է, որ իրավախախտումը կրկնվելու դեպքում տուգանքը մի քանի անգամ ավելին կլինի: ՏՄՊՊՀ հայտնում է նաեւ, որ տուգանքի չափն ընտրելիս հաշվի է առնվել այն փաստը, որ վարույթի ընթացքում իրավախախտումը վերացվել է:
Այդ ամենն առնվազն հետաքրքիր է, եթե ոչ զավեշտալի: Մարդիկ ամիսներ, գուցե տարիներ շարունակ խաբել են սպառողին, խաբել են նաեւ պետությանը, բայց տուգանվում են ընդամենը 3 միլիոն դրամ: 3 միլիոն դրամը մոտավորապես 7-8 հազար, կամ մի քիչ ավելի դոլար է: Հիմա պատկերացրեք, թե ինչ է այդ տուգանքը այն մարդկանց համար, ովքեր կանգնած են այդ տնտեսվարողների, հատկապես Հայաստանի մանրածախ առեւտրի շուկան նվաճած սուպերմարկետների համար, կամ ավելի շուտ՝ նրանց սեփականատեր օլիգարխների համար:
Այդ 7-8 հազար դոլարը նրանց համար երեւի թե ունի «տրանսպորտի փողի» գին: Նույնիսկ «պերերիվի» էլ չէ, որովհետեւ նրանք թերեւս անհամեմատ ավելի ճոխ «պերերիվներ» են անում: Փաստորեն, պարզ է դառնում, թե ինչ գին ունի պետության ու քաղաքացուն խաբելը. վճարիր 7-8 հազար դոլար եւ խաբիր:
Իրականում, դրանով թերեւս հենց պետությունն է խաբում քաղաքացիներին, ձեւացնելով, թե իբր պայքարում է օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ:
ՏՄՊՊՀ հայտարարում է, որ տուգանքը չափը քիչ են սահմանել, որովհետեւ վարույթի ընթացքում իրավախախտումը վերացվել է: Հանձնաժողովում մի պահ թերեւս մոռացել են, որ այդ ամենն առնչվել է մարդկանց հետ, այսինքն հազարավոր մարդիկ են խաբվել իրավախախտման հետեւանքով, հետեւաբար որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել նաեւ այդ հանգամանքը: Որովհետեւ երբ վարույթից հետո սփրեդը դադարել է կարագ լինելուց եւ դարձել է սփրեդ, մինչ այդ խաբված հազարավոր եւ տասնյակ հազարավոր քաղաքացիները չեն դադարել խաբված լինելուց:
Հետեւաբար տուգանելուց արժեր նաեւ դրա մասին հիշել:
Ի դեպ, թերեւս արժե նաեւ, որ դրա մասին հիշեն սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունները, որոնք պարբերաբար աշխուժանում են այս կամ այն ապրանքատեսակի հետ կապված ինչ որ պատմության առիթով, դեպքերի զգալի մասում սպասարկելով ոչ այնքան սպառողի, որքան տեղական որեւէ արտադրողի կոմերցիոն շահը:
Թերեւս ավելորդ չէր լինի, որ այդ կազմակերպությունները սպառողների լայնածավալ դատական հայցեր նախաձեռնեին կամ խթանեին, որպեսզի նրանց խաբած տնտեսվարողները նաեւ դատարանի առաջ պատասխան տային՝ արդեն ուղղակի սպառողին:
Ակնհայտ է, որ եթե օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարը մնա իշխանության հույսին, ապա դրա արդյունքը թերեւս կլինի ընդամենը այն, որ Հայաստանի «վաճառակետերում» կսկսեն արդեն կեղծ հույսեր վաճառել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: