Tuesday, November 22, 2011

Ազնավուրի հրապարակում Պարսկական աշտարակ չի կառուցվի. համոզված է Մկրտիչ Մինասյանը

Tert.am. 21-11-2011- Մայրաքաղաքի կենտրոնում 50 հարկանի երկնաքերի կառուցման մասին իրանական կիսապետական ընկերության առաջարկը չի համապատասխանում Երևանի գլխավոր հատակագծով հաստատված գոտիավորման նախագծին և կմերժվի: Նման համոզմունք հայտնեց այսօր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի միջև գտնվող տարածքը 90-ականներին վաճառվել էր պարսկական մի ընկերության, որը, քանդելով այդտեղի կիսակառույց շինությունը, որոշակի ծրագրեր չէր առաջարկել տարածքի շահագործման համար: Երկնաքեր կառուցելու առաջարկը եղել է 2009-ին քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման օրոք: Քաղաքապետարանի կողմից տրվել է ճարտարապետական առաջադրանք կառուցել մինչև 20 հարկ բարձրությամբ շինություն, սակայն այսօր նման շինության կառուցումը, Ճարտարապետների միության նախագահի կարծիքով, անթույլատրելի է:
Այսօր թե քաղաքապետարանը, թե պարսկական կողմը անելաների դրության մեջ են: Հողը պատկանում է պարսկական կողմին, շինարարության թույլտվությունը՝ մեզ: Ըստ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության նախագահ Հրայր Պողոսյանի՝ հողատարածքի շահագործման վերաբերյալ էլ ընդհանուր եզրեր չկան: Կառուցվելիք երկնաքերում պարսկական մշակույթի կենտրոն էր լինելու: Քաղաքապետարանի վարչության պետի կարծիքով՝ անգամ եթե կառուցվի ճարտարապետական նորմերին համապատասխանող շինություն, Ազնավուրի հրապարակում պարսկական կենտրոնի գոյությունն անտրամաբանական կլինի:
Այսօր քաղաքապետարան – պարսկական կիսապետական կազմակերպություն հարաբերություններում պետական լծակներ չեն կիրառվում: Հայ ճարտարապետներն այս փուլում ապավինում են հանրային կարծիքի ուժին:

No comments: