Thursday, November 3, 2011

Today’s Zaman». Թուրքիա. զրո հարեւան առանց հիմնախնդիրների

News.am. 3-11-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Յոստ Լագենդեյկի հոդվածը` հրապարակված թուրքական «Today’s Zaman»-ում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության շատ վերլուծաբաններ վերջին մի քանի տարիների ընթացքում երբեք այսպես չէին արտահայտվում: Նրանք կամ շատ բարեկիրթ են, կամ ենթադրում են, որ Անկարայի գլոբալ ակտիվության վերջին շրջանի դրսեւորումների ծաղրանքը դուրեկան չի լինի Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությանը, որոնց հետ այդ վերլուծաբանները պետք է դեռ աշխատեն: Սակայն մասնավոր զրույցներում կամ կուլիսներում նրանք միայն ծաղրանքով են խոսում «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» քաղաքականության եւ այդ հայեցակարգի հեղինակ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասին:
Պատճառն այն է, որ Թուրքիան բախվում է սահմանակից երկրներում ահագնացող խնդրահարույց իրավիճակների հետ: Զրո հիմնախնդիրների փոխարեն այժմ Թուրքիան չունի հարեւան, որի հետ հիմնախդնիր չունենա: Ապացույցների ցուցակը երկար է:
Անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ մտել են փակուղի, իսկ Կիպրոսի հետ հարաբերությունները նախկինի նման շատ վատ են: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ձախողվեց, իսկ Բաքուն Անկարայի հետ հարաբերություններում դարձավ ավելի կասկածամիտ: Մինչեւ վերջերս Թեհրանը երջանիկ էր` միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության հետ վեճում աջակցություն ստանալով Թուրքիայից: Սակայն Անկարան համաձայնեց իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադարները, նաեւ հակադրվեց տարածաշրջանում Իրանի ամենակարեւոր դաշնակից Սիրիային: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրանքներով հանդես եկան թուրքական կառավարության դեմ:
Դրանց գումարվում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն ու կոշտ հռետորությունը, Դամասկոսի ռեժիմի հետ գրեթե թշնամական հարաբերությունները. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարեկամից վերածվեց թշնամու: Այս ամենից հետո հասկանալի է, թե ինչու են ցինիկ փորձագետները եզրակացնում, որ Դավութօղլուի բազմաթիվ ու ակտիվ գործողությունների արդյունքը բացասական է: Բարի մտադրություններն ու տպավորիչ ինտելեկտուալ հիմքը նախկին ակադեմիկոսի համար բավարար չեղան Թուրքիայի շուրջ բարեկամների օղակ ստեղծելու համար:
Այս շաբաթ Մարշալի գերմանական հիմնադրամը թուրքական արտաքին քաղաքականության համար Արաբական գարնան հետեւանքների մասին հետաքրքիր զեկույց հրապարակեց: Հեղինակներից մեկը Նատալի Տոչին է, որն Իտալիայի ամենատեղեկացված թուրքագետ փորձագետն է: Թեեւ նա զգուշավոր է ձեւակերպումների մեջ, սակայն նրա վերլուծությունը ցավոտ կլինի Թուրքիայի ԱԳՆ-ի համար: Տոչիի կարծիքով, Եգիպտոսի, Լիբիայի եւ Սիրիայի ապստամբություններն առաջին պլան են մղում Դավութօղլուի ռազմավարության հռչակագրային եւ իրական քաղաքական հարթությունների անհամապատասխանության անհաղթահարելի լարվածությունը: Եգիպտոսում Թուրքիան ժողովրդավարության կողմն էր հենց սկզբից, քանի որ այս երկու երկրների միջեւ մշտապես եղել է ոչ բացահայտ մրցակցություն, միեւնույն ժամանակ բացակայել են կայուն տնտեսական կապերը:
15 միլիարդ դոլարի թուրքական ներդրումները եւ 25 հազար թուրք քաղաքացիների ներկայությունը Լիբիայում Անկարային ստիպեցին ավելի զուսպ լինել: Սիրիայում Թուրքիայի վարչապետ Էրդողանն առաջին անգամ ստիպված եղավ իրականության մեջ տեսնել, թե ինչ է նշանակում զրո ազդեցություն ունենալ բռնակալ Ասադի նկատմամբ:
Դավութօղլուն պետք է ապացուցի ցինիկներին, որ իր տեսություններն աշխատում են նաեւ իրական աշխարհում: Դրա համար անհրաժեշտ է խոստովանել, որ հարեւանների հետ Թուրքիան դեռ բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, սակայն պատրաստ է աշխատել բոլոր կառուցողական գործընկերների հետ: Իսկ զրո հիմնախնդիրների մասին այս տարածաշրջանում ավելի ճիշտ կլինի մոռանալ:

No comments: