Tuesday, November 1, 2011

Հիլարի Քլինտոնը լրտեսների թիրախն էր. The Washington Times

«Լրագիր» 1-11-2011- ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի` անցած տարի բացահայտած ռուսական խոշոր լրտեսական ցանցի նպատակն է եղել ԱՄՆ բարձրագույն իշխանական օղակներ, մասնավորապես Օբամայի վարչակազմ ներդնել սեփական գործակալի: Այս մասին հայտնել է ՀԴԲ-ի տնօրենի` հակահետախոզության գծով տեղակալ Ֆրենկ Ֆիլյուցին: Նա կոնկրետ գործակալների անուններ չի նշել, սակայն The Washington Times պարբերականի տեղեկություններով, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ այդ գործակալը ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինտոնն է:
Ֆիլյուցին շեշտել է, որ հակահետախույզները որոշել են ավարտել իրենց ավելի քան 10 տարի տևած հետաքննությունը, մտավախություն ունենալով, որ «լրտեսները չափազանց մոտ են իրենց նպատակին»:
«Այդ 10 ռուս սպաները ուղարկվել են ԱՄՆ հատուկ առաքելությամբ, հնարավորինս մերձենալ ամերիկյան քաղաքական գործիչներին ու կառավարության ղեկավարներին», - շեշտել է ՀԴԲ փոխտնօրենը:
Սկանդալի առաջացման ժամանակ Քլինտոնի ներկայացուցիչ Պի Ջեյ Քրոուլին հայտարարել էր, որ հիմքեր չկան կարծելու, որ լրտեսների թիրախը եղել է հենց պետքարտուղարը:
Բարձրաստիճան պաշտոնյաների հավաքագրման հարցում կասկածներ առաջացրած գործակալը Սինտիա Մերֆին է, ով, ինչպես հետագայում պարզվել է, Ռուսաստանի արտաքին հետախուզության սպա Լիդիա Գուրևան է: Հետաքննությունը պարզել է, որ նա բազմիցս հանդիպել է նյույորքյան հայտնի ֆինանսիստ Ալան Պատրիկոֆի հետ, ով ներգրավված է եղել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնի ընտրարշավին գումարների ներգրավմանը:
Լրտեսական խմբի` Մոսկվա ուղարկված հաղորդագրությունները պարունակել են տեղեկություններ ոսկու միջազգային շուկայի մասին, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, հատկապես Ռուսաստանին ու Ասիական երկրներին վերաբերող հարցերի, ինչպես նաև Հետախուզական կենտրոնական վարչությունում պաշտոնների դիմած անձանց մասին տեղեկություններ:
Լրտեսների բացահայտման համար կարևոր նշանակություն է ունեցել 2000-ականների կեսերին Մոսկվա ուղարկված գաղտնի հաղորդագրության ապակոդավորումը ամերիկացի մասնագետների կողմից: Հետագայում կապի այդ ալիքը օգտագործվել է ողջ ցանցի բացահայտման համար:
Հիշեցնենք, որ լրտեսական խմբի ամենահայտնի անդամը երիտասարդ Աննա Չապմանն է, ով հետագայում վերադառնալով Ռուսաստան, անդամագրվեց Եդինայա Ռոսիյա կուսակցությանը և զբաղվում է ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությամբ:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրենի խոսքով, այս դեպքը կրկին ցույց է տալիս, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները անընդհատ փորձում են մուտք ունենալ ԱՄՆ բարձրագույն իշխանական օղակներ:

No comments: