Thursday, December 8, 2011

ԼՂ հակամարտության բանակցություններում առաջընթացը Հայաստանից է կախված. Մամեդյարով

Tert.am. 7-12-2011- ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում (Լիտվա, Վիլնյուս) իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացն այսօր ամբողջությամբ Հայաստանի դիրքորոշումից է կախված, և հայկական կողմը պետք է համաձայնի ստատուս քվոյի փոփոխությանը։
«ԼՂ հակամարտության հարցում ստատուս քվոն անընդունելի է, սակայն, ցավոք սրտի, հակամարտության կարգավորման գործում որևէ առաջընթաց չի նկատվում՝ չնայած որ հաջորդ տարի լրանում է ԵԱՀԿ–ի միջնորդության 20 տարին»,– ասել է Մամեդյարովը։
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը վճռական խաղորդ է տարածաշրջանում, իսկ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքը» կասկածի տակ է դնում ողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։
«ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության առկայությունը գցում է կազմակերպության (ԵԱՀԿ–ի) հեղինակությունը և խախտում է դրա հանդեպ վստահությունը»,–ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե բարիդրացիական հարաբերությունները ողջ տարածաշրջանի զարգացման գրավականն են, և Ադրբեջանը, միջազգային նորմերի շրջանակում, պատրաստ է փոխզիջման գնալ՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու համար։ «Տարածաշրջանում սահմանների բացումը հնարավոր կդարձնի ողջ Հարավային Կովկասի բարգավաճումն ու հաջող զարգացումը»,–նշել է նա։

No comments: