Wednesday, December 21, 2011

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը զայրացրել է Թուրքիային. BBC

Tert.am. 20-12-2011- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ընդգրկմանն է անդրադառնում նաև բրիտանական «Բի–Բի–Սի» հեռուստառադիոկորպորացիան և հաղորդում, որ Թուրքիայի ղեկավարությունը Ֆրանսիայի առաջնորդներին կոչ է անում ընդդիմանալ այդ օրինագծի ընդունմանը։
«Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը պատրաստվում է քննարկել այդ օրինագիծը, որը մեկ տարվա ազատազրկում և խոշոր չափի տուգանք է նախատեսում....։ Անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նամակ էր գրել և զգուշացրել, որ հինգշաբթի քվեարկության դրվող օրենսդրական նախաձեռնությունը «թշնամական է» և ուղղված է Թուրքիայի և Ֆրանսիայում ապրող թուրքերի դեմ»,– նշված է հոդվածում։
«Բի–Բի–Սի»–ն հաղորդում է, որ Էրդողանը հավելել է, թե նման քայլերը շատ ծանր հետևանքներ են ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար, իսկ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ այդ քայլի նախաձեռնողների վրա է լինելու։
«Պրն. Էրդողանը շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև, թե Ֆրանսիայի Ազգային ժողովը դրա փոխարեն ավելի լավ կլինի ուսումնասիրի Աֆրիկայում Ֆրանսիայի գործողությունները։ Այն կարող է ուսումնասիրել, թե ֆրանսիացի զինվորները որքան մարդ են սպանել Ալժիրում, ինչպես նաև նրանց մասնակցությունը Ռուանդայում 1994թ. 800 000 մարդու սպանությանը»,–նշված է հոդվածում։
Հեռուստառադիոկորպորացիան այնուհետ հաղորդում է, որ Թուրքիան Ֆրանսիային սպառնացել է նաև առևտրային պատժամիջոցներով և հավելում, որ Ֆրանսիայում մոտ1000 թուրքական ձեռնարկություն կա։
«Օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ ուղարկված թուրքական պատվիրակության ղեկավար անդամներից մեկը ընդգծել է, թե պատասխան հարվածի համար պոտենցիալ թիրախներ կարող են լինել թուրքական ավիաընկերությունների կողմից Airbus–ի հետագա պատվերները և էներգետւկայի բնագավառում պետական ներդրումները»,– նշված է հոդվածում։
«Բի–Բի–Սի»–ն այնուհետև նշում է, որ պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպել Սարկոզիի դիվանագիտական խորհրդական Ժան Դավիդ Լևիտի և Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի հետ։

«Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրն ասել է, թե պատվիրակության նպատակն է լինելու հասնել այդ օրինագծի՝ Ազգային ժողովի օրակարգից հանմանը, և եթե դա չստացվի, ապա ձախողել դրա ընդունումը Վերին պալատում(Սենատում)»,–ասված է հոդվածում։

«Չնայած այն հանգամանքին, որ այդ օրինագիծն առաջարկվել է Սարկոզիի՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներկայացուցիչ Վալերի Բոյերի կողմից, այդուհանդերձ, կառավարությունը պնդում է, որ ինքը կանգնած չէ այն նախաձեռնության հետևում։ Երեքշաբթի Ֆրանսիայի հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ կառավարության մամուլի խոսնակն ասաց, թե քննարկումը շարունակվելու է այնպես, ինչպես նախատեսված էր»,– հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն՝ ավելացնելով, որ մամուլի խոսնակը նշել է, որ այդ քննարկումները կոնկրետ Հայոց ցեղասպանությանը չեն վերաբերելու, այլև՝ «ցեղասպանությանը նման բոլոր արարքներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

No comments: