Wednesday, December 21, 2011

Կարս-Ախալքալակը եզրափակիչում

«Լրագիր» 20-12-2011- Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախագիծը գտնվում է եզրափակիչ փուլում, եւ բոլոր ֆինանսական հարցերը լուծված են, Թբիլիսում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո նա ասել է, որ երկաթուղին կավարտվի 2012 թվականի վերջին կամ ծայրահեղ դեպքում 2013 թվականի սկզբին: Այդ մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները:
Ռասիզադեն ասել է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա Եվրոպան Ասիայի հետ կապելու առումով, քանի որ մարդիկ կարող են ասենք Թբիլիսիում գնացք նստել եւ առանց իջնելու հասնել մինչեւ Փարիզ:
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտնել է, որ երկաթուղու վրացական հատվածը պատրաստ կլինի 2012 թվականի վերջից 2013 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Նա էլ ասել է, որ ծրագիրը տարածաշրջանի համար շատ կարեւոր է եւ կստեղծի ուղիղ հաղորդակցություն Եվրոպայի հետ, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր տարածաշրջանի համար:

No comments: