Wednesday, December 14, 2011

Եզդիները դիմել են ՄԱԿ-ին. Իրաքում ցեղասպանություն է կատարվում

Աշխարհի եզդիների ազգային միությունը դիմում-բողոք է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակին` իր բողոքի ձայնը բարձրացնելով Իրաքում եզդիների հետապնդման փաստով:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Ամբողջ աշխարհի եզդիները, որ չունեն պետականություն, կրկին տագնապած ու անհանգստացած են, պատճառը՝ իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել եւ, կարծում ենք, շարունակվում են Հյուսիսային Իրաքում, ուր ապրում է աշխարհի թվով մոտ մեկ միլիոնից ավելի ամենամեծ եզդի համայնքը, եւ որտեղ գտնվում են եզդիական սրբավայրերը՝ Սուրբ Լալըշ կենտրոնով:
Մեզ՝ եզդիներիս, մտահոգող իրադարձությունների մասին ավելի հանգամանալից կարդում ենք բազում կայքերում, ուր ասվում է. «Դեկտեմբերի 2-ին մի խումբ քուրդ ծայրահեղականներ, 300 հարյուրից ավելի մարդ, Դոհուկում, Սեմելում եւ Զախոյում իրականացրել են եզդիների եւ քրիստոնյաների խանութների եւ հյուրանոցների հրկիզում՝ հաղորդում է ankawa.com-ը: Ասվում է, որ Իրաքյան Քուրդիստանում ալկոհոլային խմիչքների խանութները հիմնականում համարվում են եզդիներինն ու քրիստոնյաներինը, ում ամբողջ օրը զանգահարել են՝ սպառնալիքներով: Այս ամենը Զախոյում տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքից հետո՝ երկրորդ օրը: Ինչպես հաղորդում են որոշ կայքեր, Զախո քաղաքի մոլլան տվել է ֆետվա եւ կոչ է արել ավերել եզդիների ու քրիստոնյաների խանութներն ու հյուրանոցները:

Հրկիզվել են քրիստոնյաներին եւ եզդիներին պատկանող բոլոր խանութներն ու պահեստները եւ՝ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել: Շիյուզ գյուղի բնակիչները ստիպված են եղել զենքը ձեռքերին պաշտպանել իրենց տները: Քրիստոնեական բնակչությունն անհանգստացած է, որ իրավապահ մարմինների ու իշխանությունների կողմից ընթացիկ իրադրաձությունների նկատմամբ չկա համապատասխան արձագանք, քանի որ այս ակցիան կազմակերպել են քրդական ավտոնոմիայի ղեկավար Մահսուդ Բարզանին եւ Իրաքի Հանրապետության նախագահ Ջելալ Թալաբանին: Դրանից բացի, ծայրահեղականները փորձել են հարձակվել Զախոյում գտնվող խալդեական եպիսկոպոսի նստավայրի վրա, բայց պահապանները կարողացել են դիմակայել հարձակվողներին: Ինչպես նաեւ եղել են հարձակումներ քրիստոնյա խաղաղ բնակիչների տների վրա: Զոհեր վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություններ չկան: Հարձակվողները հակաեզդիական եւ հակաքրիստոնեական կոչեր էին անում: Նրանցից ոմանց ձեռքերին եղել են քրդական դրոշներ»:

Անհրաժեշտ ենք համարում անպայման նշել, որ նման հարձակումներ տվյալ տարածաշրջանում իրականցվում են հաճախ, եւ դրանք ուղղված են հատկապես եզդիների դեմ, ովքեր, ինչպես ասվեց, չունեն պետականություն եւ դարերով հարձակման ու ճնշման են ենթարկվում քուրդ ազգայնամոլների կողմից, որոնց նպատակն է. կամ կրոնափոխ անել եզդիներին, ովքեր ունեն յուրահատուկ, ազգային կրոն (արեւապաշտներ են), կամ նրանցից դատարկել իրենց բնօրրանը, կամ՝ ընդհանրապես վերացնել աշխարհիս երեսից, ինչը եղել ու մնում է նրանց գերագույն նպատակներից մեկը:

Դիմելով Ձեզ, մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող եզդիներ, ովքեր ահազանգում են մեզ վերոհիշյալ վայրագությունների մասին, ականկալում ենք Ձեր եւ միջազգային բոլոր կամակերպությունների եւ առաջադեմ ու մարդասեր մարդկության արձագանքը վերոհիշյալ իրադարձությունների վերաբերյալ: Սա առաջին անգամը չէ, եզդի ժողովրդի նկատմամբ միշտ նման ասիմիլացման եւ ցեղասպանության ակցիաներ են կազմակերպում: Խնդրում ենք փրկել մեզ` եզդիներիս այս հրեշավոր խոշտանգումներից

Միաժամանակ աշխարհի եզդիների անունից խնդրում ենք Ձեզ եւ մյուս միջազգային կազմակերպությունների աջակցությունը՝ եզդիներին՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկին, փրկել ցեղասպանությունից: Այո, անվարան ու առանց չափազանցության՝ Ցեղասպանությունից»:

Նամակը ստորագրել է միության նախագահ Ազիզ Թամոյանը:

No comments: