Wednesday, December 14, 2011

Իլհամ Ալիեւի հակառակորդ, նախագահական հավակնություններ ունեցող Ռասուլ Գուլիեւը շուտով կվերադառնա Ադրբեջան

News.am. 14-12-2011- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիեւը մտադիր է առաջիկայում վերադառնալ Ադրբեջան: Այդ մասին Գուլիեւը հայտնել է Turan գործակալության վաշինգթոնյան թղթակցին տված հարցազրույցում, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: «Ամեն տարի, ամեն ամիս մտածում եմ Ադրբեջան վերադառնալու մասին, սակայն չեմ կարողանում իրագործել մտադրությունս: Բայց այս անգամ հաստատ վերադառնալու եմ, ամեն դեպքում մինչեւ 2013-ը կլինեմ Ադրբեջանում»,-ասել է Գուլիեւը:
Նախկին խոսնակը համոզված է, որ ընտրակեղծիքների հետեւանքով Արեւմուտքը չի ճանաչում Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմությունը, ուստի Ադրբեջանի պես երկրներում ընտրությունները պետք է կազմակերպվեն միջազգային կառույցների, օրինակ ՄԱԿ-ի կողմից:

Գուլիեւը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված դրությանը եւ նշել, որ այնտեղ ուղղակի անտանելի վիճակ է: «Եթե Ադրբեջանում ֆեոդալական վարչակարգ է, ապա Նախիջեւանում ստրկատիրական կարգեր են իշխում»,-ասել է Գուլիեւը, հաղորդում է «Ազադլըգ»-ը:
Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը:
Նա մասնավորապես հոդվածներ էր ուղարկել «Ազադլըգ» թերթի խմբագրություն, որտեղ քննադատել էր Ադրբեջանում իշխող վարչակարգը,ինչպես նաեւ զուգահեռներ անցկացրել Ադրբեջանի եւ արաբական աշխարհի ավտորիտար վարչակարգ ունեցող պետությունների հետ:

No comments: