Sunday, December 4, 2011

Ինչո՞ւ է Ադրբեջանը ներդրումներ կատարում պայթունավտանգ Հյուսիսային Կովկասում

News.am. 3-12-2011- Ադրբեջանի հարուստ եւ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող օլիգարխները ներդրումների նոր «օջախ» են հայտնաբերել. դա պայթունավտանգ Հյուսիսային Կովկասն է: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցչական խումբը մի քանի օր է, ինչ բանակցություններ է վարում Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կարաչայեւո-Չերքեզիայում, Կաբարդինա-Բալկարիայում ադրբեջանցի գործարարների եւ ադրբեջանական ընկերությունների կողմից այդ շրջաններում հսկայական ներդրումներ կատարելու հարցի շուրջ: Ներդրումային գոտում ընդգրկվելու են զբոսաշրջության, էներգետիկայի, շինարարության, մետալուրգիայի եւ այլ բնագավառները: Ադրբեջանական ներկայացուցչությունը գլխավորում է Տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը: Ներկայացուցչության մեջ ընդգրկվել են բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցի օլիգարխներ:
Փորձագետների համոզմամբ, նման զարգացումները պատահական չեն: Դրանք ունեն երկու հիմնական պատճառ: Առաջին, «արաբական գարունից» հետո տեղի ունեցած փոփոխությունները ցույց են տալիս, որ փողերը արտասահմանյան բանկերում պահելը բնավ էլ անվտանգ չէ, քանի որ օրերից մի օր օլիգարխները կարող են զրկվել «իրենց վաստակած գումարները» տնօրինելու հնարավորությունից: Այդ առումով ավելի նպատակահարմար է համարվում փողերը պահել Ադրբեջանի «քթի տակ», այսինքն` Հյուսիսային Կովկասում: Բացի այդ, այդ տարածաշրջանում ներդրումներ կատարելը շատ հեռանկարային է Ադրբեջանի համար: Երկրորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ, ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են այդ ձեւով հաճոյանալ նրան: Նման պարագայում երկու կողմ էլ շահում է. Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում տնտեսական աշխուժություն կապահովի, իսկ ադրբեջանցի օլիգարխներն էլ իրենց փողերը կպահեն անվտանգ գոտում, եզրափակում է «Ենի Մուսավաթ»-ը:

No comments: