Sunday, December 4, 2011

Հայկական պետության «մեխանիկան»

Հայկական պետություն և իշխանություններ. լայնակի կտրվածքներ
«Լրագիր» 3-12-2011- Հետսովետական անկախացումից ի վեր մենք կանգնած ենք հայկական լեգիտիմ իշխանություններ կերտելու խնդրի առջև: Արդեն երրորդ նախագահ ու հինգերորդ պառլամենտ ենք իբր ընտրել, բայց դեռևս որևէ հարց չլուծած՝ ավելի ու ավելի ենք հեռանում նախնական լավատեսական դրվածքներից, ակնկալիքներից ու նպատակներից : Երկիրը դատարկվում է, և պետությունը կանգնած է ինքնափլուզման շեմին: Հենց այս նկատառումով, կարծում եմ, տեղին է հասկանալ հայկական պետություն և հայկական իշխանություն կոչվող սուբյեկտների առանձնահատկությունները:

Հայկական պետությունը
Վերջին հարյուրամյակում ներկա Հայաստանի տարածքում կազմավորված հայկական 3 «պետություն-ինքնավարությունները» ունեցել են մի սկզբունքային նմանություն: Բոլորն էլ առաջացել են ի հետևանք արտաքին գործոնների: 1918-ին, առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, Գենոցիդի հետևանքով ու Ջորավար Անդրանիկի ազգապաշտպան առաքելության շնորհիվ, կտրուկ բարձրացել էր հայերի տեսակարար կշիռը ներկա հայկական տարածքում: Ռեգիոնալ ժամանակավոր քաղաքական վակուումի պայմաններում (ռուսները զբաղված էին ներքին հարցերով, թուրքերը պարտվել էին պատերազմում, վրացիք ու ադրբեջանցիք ևս մոտավորապես մեր վիճակում էին) միջազգայնորեն խրախուսվեց տարածքի տնօրինությունը հայերին տալու գաղափարը: Առանց պետականակերտ, ազգային ազատագրական ներքին կամ արտաքին որևէ պայքարի, առաջացավ իշխանություններ ստեղծելու անհրաժեշտությունը, և եղած մի քանի գրագետ ու կիսագրագետ մարդկանց կողմից ֆորմալացվեց առաջին հայկական պետությունը և իշխանությունը:
Քանի որ այն «կերտողները»՝ և ժողովուրդը, և հապճեպ ի մի բերված կառավարությունը, այդ պետականության համար որևէ ջանք չէին թափել, չկար այն սնող և նպատակամղող գաղափարախոսությունը, ստեղծման պահից ի վեր նկատվեց պետականության հետ անհամատեղելի քաղաքական –հասարակական թուլություն, որը 1920-ական թվականներին հանգեցրեց մեծ տարածքային կորուստների, և ի վերջո՝ դեռևս չկայացած պետականության կորստի:

Սովետական շրջանում ևս, կենտրոնի կողմից նպատակահարմար գտնվեց ինքնավարության տրամադրումը հայերին, և հայկական վերնախավը «վայելեց» 1923-1991 թվականների ռուսական հովանու ներքո ստեղծված քաղաքական ինքնավար «անդորրը»: Այս տարիներին ևս հայկական հասարակությունը չդրսևորեց քաղաքական կամք և չծնեց ազգային պետականությունը պահպանելու, առավել ևս զարգացնելու գաղափարախոսություն ու մնաց հետևողի կարգավիճակում:

Նույնիսկ լեզվի հարցում, երբ 60-ականներին կենտկոմը որոշել էր նսեմացնել ազգային լեզուների դերը, Հայաստանում որևէ ծպտուն դուրս չեղավ այդ թեմայով, և միայն վրացիների ըմբոստ կեցվածքի արդյունքում կենտրոնական իշխանությունը ձեռք քաշեց այդ մտահղացումից: Հայերն օգտվեցին վրացիների ընձեռած ազգայինի պաշտպանության դափնիներից, բայց որևէ ազնիվ ինքախոստովանություն չեղավ առ այն, թե ինչ սկզբունքների հասարակություն ու ազգ ենք մենք:

1991-ին ինքնափլուզվեց Սովետական Միությունը: Երրորդ անգամ մեկ դարում, մեր տարածքում ստեղծվեց քաղաքական վակուում, և նորից հայերիս դրսից հրամցվեց ինքնիշխանություն:



Այս անգամ արդեն մարդկանց մի փոքր խումբ պատրաստ էր իշխանությանը տիրանալու: Բայց կոմունիստներից նորերին իշխանության փոխանցման փաստը ֆարսի էր նմանվում: Ոչ հներն էին իրական իշխանության տերեր, ոչ էլ նորերն էին պատկերացնում, թե ինչ են անելու դրա հետ: Արդյունքում կերտվեց սինթետիկ կիսասովետական-կիսահհշական պառլամենտ և նույնանման գործադիր իշխանություն, որը և մասնագիտորեն, և իր քաղաքական կեցվածքով ոչ ադեկվատ էր տվյալ պահի պետականակերտման խնդիրներին:

1991-ի Սովետի անկումը հայերովս սիրում ենք գնահատել նաև որպես ղարաբաղյան պայքարի կողմնակի արդյունք: Հետագայում, մի գուցե պատմությունը որոշ պարզություն մտցնի այս մութ խնդրի մեջ, բայց ես, որպես ականատես ու մասնակից կարող եմ ասել, որ նույնիսկ լոզունգային մակարդակով հակասովետական որևէ դրսևորումներ չեն եղել մեր կեցվածքում 1988-1991 թվականներին: Ղարաբաղում լոզունգներն էին՝ «Լենին-Պարտիա-Գորբաչովն» ու «Միացումը»: Հայաստանում անորոշ՝ «Պայքար-պայքար-պայքար մինչև վերջ»-ը, որի իրական իմաստը մինչև հիմա որևէ մեկը չի կարող վերծանել: Իմ կարծիքով, այն մարդկանց անժամկետ տետանուսի մեջ պահելու հոգեբանական կործանարար գործիք էր, որը մսխեց հայերիս կուտակած հոգևոր ու ազգային շատ փոքր պոտենցիալը (1992-94 թվականների ղարաբաղյան պատերազմն էլ տարավ ազգի սերուցք՝ երիտասարդներին):
1991-ին, փաստորեն նորից դրսի բարյացaկամությամբ, մեզ շնորհվել էր (թույլ էր տրվել ժառանգել ) պետական տարածք, և իշխանությունների ձևավորման մանդատ: Հետագան ցույց տվեց, որ մենք մեզ պահելու ենք հարստության անգիտակից ու փուչ ժառանգորդի ձևով՝ անհոգ ու անխնա մսխելու ենք եղածը:

Հայկական իշխանությունները
91-ի՝ նախագահական առերևույթ օրինական ընտրություններից մի քանի օր անց, երբ սկսվեց նախագահական նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմացի 3 մետրանոց սրածայր երկաթաձողերով պարսպի շինարարությունը, պարզ դարձավ, որ նորընտիր նախագահի առաջին քայլը դա ժողովրդից ֆիզիկապես մեկուսանալ, պաշտպանվելն է լինելու, և մենք մեծ պրոբլեմների առջև ենք կանգնելու մոտ ապագայում:
Մի գուցե պատմաբան լինելով՝ առաջին նախագահը մեզանից լավ գիտեր, որ նախագահական գրասենյակ մտնելու պահից իսկ, այլևս անջրպետ է առկա իր և իրեն ընտրած ժողովրդի միջև, և որ նախապես է պետք պատրաստ լինել հնարավոր առճակատմանը:
Իհարկե, հայտնի է որ, նույնիսկ հավասարակշիռ թևերով արևմտյան ներկայացուցչական, օրինական ժողովրդավար իշխանություններն ու հասարակությունը ձևավորման պահից սկսած արդեն ունեն տարբեր տեսակետներ ու նպատակներ ամենատարբեր հարցերի շուրջ: Եւ դա տրամաբանական է: Առանձին սուբյեկտ լինելով, իշխանությունը ձգտում է անել միայն այն, ինչն իրեն է ձեռնտու: Հասարակությունն էլ ձգտում է իշխանություններին պարտադրել իր կամքը:
Ցանկացած պետություն (իրականում նրա փաստացի իշխանությունը), գործում է նրա դեմ ուղղված ներքին ու արտաքին որոշակի ուժերի դաշտում և նպատակ ունի գոյատևել և վերատադրվել: Արտաքին ասպարեզում իշխանությունը խնդիր ունի դիմագրավելու հարևանների ոտնձգությունները, իսկ ներքին տարածքում հնարավորինս շահագործելու հասարակական և այլևայլ ռեսուրսներն իր վերարտադրման համար:
Իշխանությունն անում է այն, ինչ իրեն թույլատրվում է: Գործելով արտաքին թշնամի- ներքին զսպող հասարակական դաշտ տարածքում, իշխանությունը կարող է տանուլ տալ արտաքին հարաբերություններում, բայց արտաքին զիջումների գնով և ներքին բեսպրեդելի հաշվին շարունակել վերարտադրվելը:
Այսինքն իշխանության առջև չկան որոշակի ստանդարտի համապատասխանող սահմանային հոգեբանական, կամ արժեհամակարգային արգելքներ: Առավել ևս դրանք չկան ժառանգված իշխանության կրողների համար:
Ամեն իշխանություն կենսունակ է այնքանով, ինչքանով որ ինքը հանդուրժելի է թե դրսից, և թե ներսից: Եւ եթե դրսում նա անելիք չունի, զուտ պաշտպանական-զիջողական դիրքերի վրա է, ապա ներսում հակառակը, ինքնավերարտադրվելու նպատակով իր հասարակության հանդեպ միայն ու միայն հարձակողական դիրքերում է:
Որևէ հղում, կոչ՝ ուղղված ինքնամաքրմանը, ազգային կամ հասարակական ընդհանուր նպատակային, կամ արժեհամակարգային ստանդարտների պահպանմանը, այդպիսի իշխանության համար անիմաստ է, քանի որ հակասում է նրա գոյության հիմնական պայմանին՝ վերարտադրմանը: Իսկապես, եթե իշխանությունը վերատադրվում է միայն ու միայն ներքին սուղ ռեսուրսների շահագործման ու հասարակական նվաղեցման՝ արտագաղթի հաշվին, ապա նման իշխանությունը չի կարող դրականորեն արձագանքել զուտ կոչին: Նա ընդունակ չէ լսելու, բայց իհարկե ստիպված է լինելու զիջել ուժին, եթե այդպիսին հանդես գա:
Իրականում ցանկացած իշխանություն է այդպիսին: Ուղղակի բարձր կեսնամակարդակի հասած հասարակություններում այդ փաստը հետին պլան է մղված համընդհանուր բարեկեցության փաստի շնորհիվ: Մեզանում ներքին անհանդուրժողականությունն ու պետական կառավարման ինքնաթողի վիճակը ծայրագույնի են հասած առաջին հերթին հասարակության՝ իշխանության կերտելու և պահելու անարժան ժառանգորդ լինելու պատճառով: Հասարակության մոտ իսպառ բացակայում է իշխանության հանդեպ գործուն վերաբերմունքի գաղափարախոսությունն ու ավանդույթային մշակույթը: Մեզ համար լրիվ նորմալ է համարվում «իշխանությունները գողանալով պետական փողերը, հայդա Փարիզ» թեզը: Հայկական հասարակական արժեհամակարգը չունի իշխանական հանցագործի պատժի գաղափարն իսկ իր խոհանոցում: Մեր պատկերացումներում պետական իշխանավորը լավ կամ վատն է, և իսպառ բացակայում է հասարակականը այլանդակած պետական այրին պատժելու պատրաստակամությունը:
Նորմալ երկրներում ընտրական արդար մեխանզիմի և ազատ տեղեկատվության շնորհիվ իշխանությունների դեգրադացվելու բնատուր տենդենցը՝ ամենօրյա մեկուսացումը հասարակության խնդիրներից, պարբերաբար բերվում է չեզոք սկզբնակետի և ամեն նոր իշխանություն ստիպված է «այլանդակվել» միայն իրեն տրված միջընտրական ժամանակահատվածի մեջ:
Իսկ այնտեղ, ուր չի գործում արդար ընտրությունների մեխանիզմը, և իշխանությունը հաշվետու չէ հասարակության առջև, ապա այն քայլ առ քայլ, ծավալվող ջրիկ խմորի նման, կլանում է ողջ ասպարեզը և անում է միայն իր ուզածը:
Նման պայմաններում, երբ ոչ թե ընտրություններն են ձևավորում իշխանությունը, այլ իշխանութունը ինքն է իր հայեցողությամբ է ընտրում իր պաշտոնյաներին ու իշխանական այլ սուբյեկտներին, սկզբունքային են դառնում ներիշխանական ուղղահայաց հիերարխիայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները:
Որպես կանոն, արագորեն գոյանում է ենթակայության մի բուրգ, որի վերին հատվածներում են հայտնվում տմարդի, կլանային առավել պոտենցիալների տեր, անբարիշտ ու անսկզբունք, մաքսիմալ բեսպրեդելի ընդունակները: Իսկ ամենավերին դիրքն էլ գրավում է եղածներից այդ տեսակի ամենա-ամենա կարկառունը:
Փաստորեն ֆորմալ իշխանությունն իր տեղը զիջում է ոչ ֆորմալ ստվերային դեմքերին, որոնց ազդեցությունը որոշումների ընդունման մեխանիզմի վրա դառնում է կրիտիկական:
91-ին ընտրված ու ցանկապատ կառուցող ու ժողովրդից մեկուսացող Լեւոն Տեր- Պետրոսյանը հաստատ գիտեր սպասվելիք բարդությունների մասին, բայց իրականում չէր պատկերացնում, որ քիչ անց ինքն է ստիպված է լինելու ենթակա դառնալ իրենից շատ ավելի համառ ու բազմազան մի մեծ ոհմակի առջև, և որի ամենավերին մակարդակին է նստելու ամենա-ամենա կարկառունը:
Հայկական իշխանությունների այս սկզբնական և հետագա այլասերումն ընթացավ քաղաքական պատմությանը հայտնի ամենատարրական մեխանիզմով՝ հասարակական վերահսկողությունից դուրս եկած իշխանության կրիմինալացման ճանապարհով:
Այս իշխանությունը կազմող սուբյեկտների հիմնական և գուցե միակ խնդիրն ամենօրյա պայքարն է իր անձնական դիրքի սպասարկման, հասարակական թալանի ու սեփական բարգավաճման համար: Եւ հարատևում են միայն նրանք, ովքեր պարտադրված ոճերում փաստացի հաղթող են դուրս գալիս մրցակիցների հետ պայքարում: Եղած դեմքերը բազմիցս ապացուցել են իրենց գոյատևելու ունակությունը, կարևոր չէ թե ինչ որակների հաշվին՝ բեսպրեդելի, տմարդի վարվելակերպի, թե ծառայամտության հաշվին: Կարևորն այն է, որ կոնկրետ այդ սուբյեկտներն անպարտելի են եղել նույն տեղի համար պայքարող այլոց հանդեպ:
Այսինքն հասարակությանը ոչ ենթակա իշխանության ներքին և արտաքին գործելակերպի տրամաբանությունը խիստ օրինաչափ է՝ գզվռտոց, զոռբայություն, ուժային, կոմպրոմատային շանտաժ ու սրիկայություն իշխանության ներսում, անպատժելի բեսպրեդել ու այլանդակություն՝ հասարակ մահկանացուների հանդեպ, և անողնաշար, անսկզբունք ու կամազուրկ կեցվածք արտաքին հարաբերություններում: Սա հետևանք է, հետևանք առանց ջանքի ժառանգված պետական ինքնիշխանության և իշխանություն պահելու ու զսպելու հասարակական ավանդույթների բացակայության:

Այդպիսի իշխանությունը ինքնակամ չի կարող լծվել ծանր հասարակական պահանջների սպասարկմանը, քանի որ չկա դրա համարժեք պահանջը և պարտադրանքը:
Այս տրամաբանությունը հուշում է նաև, որ այս իշխանության ներսում որևէ պատահական մարդ չկա և չի կարող լինել: Ամենափոքր պաշտոնյայից մինչև ամենավերինը պարտավոր են ամեն վայրկյան մասնակցել իրենց դիրքը սպասարկելու և վերատադրելու մեծ լարում և գիշատիչ որակներ պահանջող ներքին տարատեսակ ինտրիգային խաղերին, և պաշտապանել սեփական եսը, ամենօրյա թալան- եկամուտը՝ օր-օրի առավել զգաստ կանխատեսումներով ու անհրաժեշտ հակահարվածներով:
Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ եթե չկա վերին կարգավորող գերուժ, ապա նման անկայուն վիճակը չի կարող երկարատև լինել:
Նման իրավիճակներն ունենում են 2 հանգուցալուծում:
1. Ի վերջո, հայտնվում է մեկը, որը իր ենթականերից վեր է բարձրանում իր բացարձակ գերակշիռ անձնական հատկությունների հաշվին և իր անվերապահ իշխանությունն է տարածում մնացածի վրա: Նրա կառավարման արդյունքում համակարգը կայունանում է, ըստ ներդրված ստանդարտների ու պահանջների:
2. Չի հայտնվում հաղթող ներիշխանական գերանհատը, և համակարգը մնում է անկայուն -խամաճիկային: Առաջանում են մի քանի ուժային կենտրոններ, որոնք զբաղված են ամենօրյա իրար բզկտելով: Նրանք բավարար ուժ ու կամք չունեն լրիվ իշխանությունը վերցնելու, բայց մանիպուլյատիվ քայլերով փոքր տարածքների լիիրավ տիրակալ են ու ձգձգում են կենտրոնական իրավիճակը, գոյատևելով արտաքին, կամ կողմնակի հանգուցալուծումների հաշվին: Այդպիսի իշխանությունը փլուզվող է արտաքին ամենաթույլ հարվածներից, բայց բավարար կայուն է ներքին՝ ոչ ուժային ընդվզումների հանդեպ: Իմ կարծիքով, ներկայում հայկական իշխանությունը հենց այդպիսին է:
Այս իշխանության էությունն առավել խորը հասկանալու համար առաջին հերթին պետք է պատկերացնել խնդիրների այն ողջ բազմությունը, որն անկախ ներկա իշխանական գզվռտոցից իրապես դրված է իշխանական դեմքերի վրա:
Քննարկենք այս պայմաններում գործող հայկական իշխանական սուբյեկտներին:

1.Հիերարխիայի ստորին օղակները: Դրանք փողատեր, իրենց իսկ գվարդիաներով պաշտպանված մարզային, ախպերական ու գողական, ներմուծման և հումքային առաքման սկզբունքային հանգույցներին մոնոպոլ տիրացած կրիմինալ դեմքերն են, որոնցից հիմնականում կազմված է պառլամենտը ու որոնք զուրկ են որևէ կենտրոնական կառավարման ֆունկցիաներից ու պետական պարտականություններից: Բայց նրանք ունեն մի գերխնդիր՝ վերատադրել համակարգը: Եւ այդ խնդրի սպասարկումը նրանց տալիս է արտոնյալ պայմաններ իրենց անձնական-շահայինը հոգալու համար:
Չնայած այս շերտի բոլոր դեմքերն էլ իբր փոխարկելի են կենտրոնական իշխանության վերին օղակների համար, այնուհանդերձ սրանց կազմը բավական կայուն է, որովհետև ամեն մեկն իրենից իրական մեծ ուժ է ներկայացնում իրեն ենթակա ոլորտներում ու տարածքներում և նորի ներդրումը հղի է մեծ վտանգներով իշխանության համար, հենց վերարտադրության հարցում: Այս առումով հայկական իշխանական համակարգը իրականում դասական ֆեոդալական է, ուր ամեն մի տեղական ֆիգուր ինքնին բացարձակ իշխանություն է:

2. Հիերարխիայի բարձրագույն շերտերը՝ որոնք են պետական որոշումներ ընդունող դեմքերը՝ դատախազը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը, մաքսայինի պետը, մի քանի սկզբունքային նախարարներ, նախագահին մերձակա ստվերային մի քանի դեմքերը: Այդ բոլոր սուբյեկտները այս կամ այն կերպ ձայն ունեն այլևայլ հարցերով որոշումների ընդունմանը, և նրանց դերակատարությունը հիմնական ֆիգուրի՝ նախագահի համար, կարևոր է: Այդ ֆիգուրներն իրենց դիրքերին են հասել իրենց անձնական բացառիկ ունակությունների ու հատկությունների շնորհիվ և օբյեկտիվորեն նրանք դժվար փոխարկելի, սկզբունքային համակարգող ֆիգուրներ են:

3. Իշխանական բուրգի գագաթին կանգնած է նախագահը, որպես ներքին և արտաքին բոլոր հարցերի հիմնական համակարգող և որոշում կայացնող: Սա այն դիրքն է, որից պահանջվում են հզոր մանիպուլյատիվ և կամային որակներ, որպեսզի կարողանա իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանական համակարգը: Այդ դիրքի գործունեությունը պատկերացնելու համար արժե այն համեմատել կրկեսային լարախաղաց ժանգլյորի հետ:

Իրոք, նախագահը դա այն կիզակետային ֆիգուրն է, որն ուզած թե չուզած պարտավոր է անել ամեն անհրաժեշտ ու անսպասելի քայլերը, իրեն շրջապատող իրավիճակը լիովին վերահսկելու, կայունացնելու ու վերատադրելու համար: Նա պարտավոր է համապատասխանեցնել պետության ներքինն ու արտաքինը, սահմանափակել կամ խթանել կառավարության գործունեությունը ու հավասարակշռել առանձին իշխանական անհատներին այն հաշվով, որպեսզի իրեն ենթակա ողջ սուբյեկտային ապարատը վերատադրի հենց իրեն և ոչ որևէ մեկ այլի: Նա պետք է կարողանա հաղթել թե ներիշխանական՝ իր դեմ դավ նյութող անհատներին, թե ընդիմությանը, և թե կոնկրետ իր դեմ հանդես եկող արտաքին թշնամիներին:

Նույնիսկ ամենախամաճիկային երկրի նախագահի դիրքը չի կարող հանդուրժել մարդկային հարաբերություններում անհեռատես, չհաշվարկող, անկարող, կամ անընդունակ որևէ մեկին:

Կախված անձնականից, տեսականորեն, նման դիրքի հասածները հիմնականում 2 տիպի են լինում՝ բռնապետական կամ մանիպուլյատիվ ոճի: Բառնապետը դիրքին է հասնում իր հակառակորդներին չեզոքացնելով, վերացնելով, ինչպես նաև պարտադրելով ու որպես վստահելի թիմակից՝ նաև խրախուսելով ու պաշտպանելով: Մանիպուլյատիվ վերատադրվող նախագահն ունակ է ճշգրիտ հաշվարկների իր բոլոր «հաճախորդների» հանդեպ և դաշտը պահում է ներմուծված ներքին հակասությունների և հակակշիռների շատ բարդ մեխանիզմի հաշվին:

4. Նկարագրված այս դեմքերից առանձնանում է վարչապետի ֆիգուրը, որը կոմպրոմիսային պետք է լինի բոլորի համար՝ թե հասարակության, թե նախագահի, թե քաղաքական դաշտը ներկայացնող դեմքերի ու կուսակցությունների, և թե ներիշխանական ֆորմալ ու ոչ ֆորմալ սուբյեկտների համար:

Եթե նախագահը գործում է իր անձնական թիմի և իրեն տրված ֆորմալ իրավունքների ուժի շնորհիվ, ապա վարչապետը թիմազուրկ է և պարտավոր է դիմանալ զուտ իր մասնագիտական, անձնական, միջուժային, միջսուբյեկտային բալանսների արտակարգ հաշվարկների շնորհիվ:
Նախագահական համակարգերում վարչապետն առաջին մատաղացու դիրքն է, հօգուտ չբավարարված հակառակորդ սուբյեկտների և ընդհանուր հավասարակշռության վերականգման: Այդ իսկ պատճառով երկարակյաց վարչապետի՝ հաճախ չընկալվող այս կամ այն տարօրինակ կեցվածքները հասկանալու և գնահատելու համար պետք է իրապես ու ամեն պահի տեղյակ լինել իշխանական ներքին խոհանոցի մանրամասներին:

Ի մի բերելով նկարագրվածը, պետք է փաստել, որ Հայաստանում կերտված է այն իշխանությունը, որը հանդուրժելի է ներկա հասարակության կողմից: Այդ իշխանության մեջ ներգրավված առաջնային, երկրորդական և առհասարակ բոլոր սուբյեկտներն ունեն ստույգ դերակատարումներ խիստ որոշակի հարցերում:
Իշխանության ներքին սկզբունքները, խնդիրները և դրանցից բխող փաստացի կառուցվածքայինը ձևավորում են նրա ներքին և արտաքին քաղաքականությունը: Հիմնված լինելով զուտ վերարտադրմանը միտված ուժային պոտենցիալների վրա, այս իշխանությունը որևէ կերպ ընդունակ չէ սպասարկելու արտաքին դաշտի խնդիրները: Ինչի պատճառով էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը զուրկ է որևէ սուբյեկտայնությունից և լիովին ենթակայեցված է ռուսականի ծիրին: Դա ոչ թե ռուսական էքսպանսիայի հետևանք է, այլ հայկական իշխանությունների ներքին ֆեոդալական որակի պարզ արտացոլումն է:

Այս իշխանությունները որևէ կերպ չեն կարող սպասարկել պետության և այն կազմող հասարակության որևէ խնդիր, քանի որ չունեն դրա կարիքն ու պահանջը:

Արևմտյան քաղաքական բառապաշարում առկա է «Իշխանական կերակրամանից մեծ փայաբաժին փախցնել» տերմինը: Որի իմաստը պառլամենտականների և նրանց սատարող տնտեսական սուբյեկտների՝ պետական միջոցների վերահսկումն է ու վատնումը:
Հայաստանի պարագայում դա չկա: Մեզանում այն փոխարինված է հասարակության ու երկրի ռեսուրսների թալանի քվոտայով, որը մեջ-մեջ է արված իշխանական տարբեր շերտերի սուբյեկտների կողմից՝ իրենց և իրենց ձեռնտու իշխանական կենտրոնական ապարատը վերարտադրելու համար: Այս քվոտան իրականում չի էլ վերահսկվում կենտրոնական իշխանության կողմից: Հակառակը, այն մատուցվում և պարտադրվում է կենտրոնական իշխանությանը՝ նախագահին, որպես պահանջ և պարտադրանք, վերարտադրման:
Իշխանությունն այդպիսին է դարձել սկզբնական մեկուսացման օրվանից սկսած, և նրա վրա վերահսկողություն սահմանելու հասարակական–մեթոդական լծակների գոյությունն այսօր դեռ տեսանելի չէ:
Ընդիմությունը որպես թիրախ տեսնում է նախագահին, մինչդեռ քվոտավորված իշխանությունը ներքևներում է՝ տեղական ֆեոդալների ու անմեղսունակ ներկայացող գողականի ձեռքում:
Այս իշխանությունը մի գուցե ինչ որ անկանխատեսելի հանգամանքների բերումով կարող է մի օր կանգնել ինքնափլուզման վտանգի առջև, բայց նկատելի է, որ այժմ այն ունի բավարար մանիպուլյատիվ ունակություն՝ կանխազգալու վտանգը, և ռեպրեսիվ –կամային պոտենցիալ՝ վերադասավորվելու-վերարտադրվելու:
Նրանք, ովքեր կարծում են, թե այս իշխանությունները կանգնած են լուրջ արտաքին ու ներքին խնդիրների առջև, կամ լավ չեն տիրապետում այս իշխանության կառուցվածքային առանձնահատկություներին, կամ էլ առհասարակ չեն պատկերացնում իշխանության իրական խնդիրների դաշտը:
Ընդիմությունն իր քաղաքական հասունության մեջ որակապես հետ է իշխանականից և նույնիսկ չպատկերացնելով իշխանական իրական կառուցվածքը, մեխանիզմները, և նրանց դեմ պայքարի որևէ գործուն մեխանիզմի անհրաժեշտությունը, իրականում կործանարար պայքար է մղում հենց հասարակության, ժողովրդի դեմ՝ անհաշվենկատ պարտություններով մղելով նրան հուսալքության, անելանելության բացարձակ փակուղի ու որպես հետևանք՝ տրամաբանական արտագաղթի:
Արա Հարությունյան

No comments: