Sunday, December 18, 2011

Հայաստանում եվրոպական ոճի նոր բանտ կկառուցվի

News.am. 17-12-2011- 2011 թվականին հնարավոր եղավ կրճատել մահերի թիվը քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, հայաստանյան ՔԿՀ-ներում 2010 թվականին արձանագրվել 37 մահ, իսկ 2011 թվականին (դեկտեմբերի 17-ի դրությամբ)` 26 մահ:Նախարարն ասաց, որ թեեւ ավելի շատ խնդիրներ են մնացել, քան լուծվել են, այդուհանդերձ որոշ հարցեր լուծում են ստացել: Նրա ներկայացմամբ, առաջնահերթ են մնում ՔԿՀ-ներում բժշկական ծառայության բարելավման ու տեխնիկական հագեցվածության խնդիրները: «Եթե մարդը մահանում է, որովհետեւ մեքենա չկա, որ նրան քաղաքացիական հաստատություն տեղափոխեն, դա ուղղակի ողբերգություն է»,-ընդգծեց Թովմասյանը:
2011-ին ՔԿՀ-ներում բարելավվել է սանհանգույցը, օրինակ 800 կալանավորի համար նախատեսված «Սեւան» ՔԿՀ-ում սանհանգույց ընդհանրապես չի եղել: Վերանորոգվել են տեսակցության սենյակները: Նախարարը առկա խնդիրները համեմատել է ավտոմեքենայի հետ, նշելով. «Որքան էլ վերանորոգես «Զապորոժեցը», նա «ապորոժեց» էլ կմնա: Կարծում եմ, որ անհրաժեշտ է նոր, ժամանակաից տիպի ՔԿՀ կառուցել»:
Այս ուղղությամբ արդեն քայլեր արվում են. Արմավիրի մարզում նոր, եվրոպական տիպի ՔԿՀ է կառուցվում: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 2013-ի կեսերին:
«Ներկա պայմաններում, երբ նույն խցում են գտնվում մարդասպանը եւ խաբեբան, ՔԿՀ-ն չի կարող ծառայել բանտարկյալների վերադաստիարակման գործին: Տեղի է ունենում յուրօրինակ փորձի ձեռքբերում, որի արդյունքում ունենք կրկնահանցագործությունների բարձր մակարդակ»,-ասաց նախարարը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի ՔԿՀ-ներում կա 4500 դատապարտյալներ: Տարվա սկզբին այդ ցուցանիշը 5500 էր: Բանտարկյալների շուրջ 1/3-ը կրկնահանցագործներ են:

No comments: