Sunday, December 18, 2011

Եթե հանկարծ Սարգսյանը սխալ ընտրի

«Լրագիր» 17-12-2011- Հայաստանի խորհրդարանի գործարար պատգամավորների մի մասը հայտարարում է, թե ինքը որոշում է կայացրել չառաջադրվել խորհրդարանի առաջիկա ընտրությանը: Ինչով է իշխանությունը, կամ ավելի շուտ հենց Սերժ Սարգսյանը, համոզել այդ պատգամավորներին, որ չառաջադրվեն: Թե նա պարզապես արգելել է առաջադրվել, այսինքն ոչ թե համոզել է, այլ ուղղակի այդպես հրահանգել:
Կա կարծիք, որ Սարգսյանը չի կարող այդպիսի հրամաններ տալ օլիգարխներին, քանի որ նրանք «կդառնան ու կպատառոտեն իրեն»: Ընդ որում, այդպիսի կարծիքը տարածված է նաեւ օլիգարխիայի հետ կապված այլ հարցերում: Օրինակ, քիչ հավանական է համարվում օլիգոպոլ համակարգի դեմ իրական պայքարը, քանի որ օլիգարխիան այդ դեպքում «կդառնա ու կպատառոտի...»:
Դա իսկապես կարեւոր հարց է` Սերժ Սարգսյանն է օլիգարխների «գերին», թե նրանք են իշխանության «պատանդը»: Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, հայտարարեց, որ օլիգարխիան է իշխանության պատանդը: Միարժեք չէ իհարկե, բայց, անկախ այդ հայտարարության քաղաքական շարժառիթներից ու համատեքստից, այդուհանդերձ խոշոր հաշվով դա հենց այդպես է` օլիգարխիան է իշխանության «պատանդը», այսինքն օլիգարխիայի պոչն է իշխանության տակ, ոչ թե հակառակը:
Հետեւաբար, իշխանությունը միանգամայն ի զորու է լուծել օլիգարխիայի հարցը, այդ սեգմենտը դնել խաղի այլ` ազատական կանոնների շրջանակի մեջ, դնել օրենքի առաջ հավասարության շրջանակի մեջ, վերացնել օլիգարխիկ դասի տնտեսա-քաղաքական եւ ֆիզիկական արտոնությունները: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք ով է այդ իշխանությունը, կամ արդյոք Սերժ Սարգսյանն այդ իշխանությունն է:
Այն, որ նա փորձում է դառնալ իշխանություն, թերեւս ակնհայտ է: Բայց, հարցը նաեւ այն է, թե ինչպես է փորձում եւ ինչի համար է փորձում: Փորձում է օլիգարխիային պարզապես լիովին իրեն ենթարկեցնելու եւ օլիգարխների հենց իր թիմը ձեւավորելու համար` հիմնական եւ պահեստային կազմերով հանդերձ, թե՞ փորձում է իր հայտարարած եւ հռչակած բարեփոխումներն առաջ տանելու համար լինել իշխանություն:
Իհարկե, Հայաստանում մեղմ ասած շատերն են կասկածում, որ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ բարեփոխումների ներքին մղում, կարող է լինել այն ժողովրդավարական եւ ազատական արժեհամակարգի կրողը, որի հիման վրա Հայաստանում պետք է հաստատվի իրավական պետություն: Եվ այդ կասկածներն առ այսօր միանգամայն հիմնավոր են, քանի դեռ Սերժ Սարգսյանը գործով չի հաստատել հակառակը: Բայց, նաեւ կա այն պահը, որ Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմի իրականացումն ամենեւին չի ենթադրում, որ իրականացնողը կամ առաջնորդողը կարող է լինել իրապես ժողովրդավար, ներքուստ ռեֆորմատոր: Բանն այն է, որ Հայաստանի համակարգային ճգնաժամը հասունացել է անտանելիության եւ անելանելիության աստիճան, եւ չլինելով ներքուստ ռեֆորմատոր, չլինելով այն արժեհամակարգի կրողը, որի մասին հայտարարում է միջազգային ամբիոններից, նա այդուհանդերձ ստիպված է լինելու գնալ բարեփոխումների: Դա է պահանջում նրա անձնական շահը, դա է պահանջում ինքնապաշտպանության եւ ինքնապահպանման բնազդը:
Շատերի համար է գուցե իրավիճակը շատ արագ հասունացել անելանելիության աստիճան, եւ դա գուցե շատերի համար անսպասելի էր: Բայց, Հայաստանի համակարգը չափից արագ սպառվեց, որովհետեւ հայտնվեց համաշխարհային համակարգի սպառման գործընթացի ծիրում, անխուսափելիորեն հայտնվեց: Եվ համաշխարհային ճգնաժամը էլ ավելի արագացրեց Հայաստանի համակարգային կոլապսը: Դրանից դուրս գալու միակ միջոցը ռեֆորմներն են:
Եվ եթե ոչ ներքին համոզումով, ապա ինքնապաշտպանման եւ ինքնապահպանման բնազդով Սարգսյանը ստիպված է հաստատել իր իշխանությունը, որպեսզի հետո առաջ տանի ռեֆորմները: Անկասկած, նա նույն կերպ էլ փորձում է գործողությունների հաջորդականության սխեմա կառուցել միջազգային հանրության մոտ, ակնկալելով աջակցություն իշխանություն հաստատելու հարցում` «օգնեք իշխանությունս հաստատեմ, որ հետո էլ կարողանամ ռեֆորմներ անել», միջազգային հանրությանը թերեւս ասում է Սերժ Սարգսյանը:
Ակնհայտ է, որ նրա այդ խոսքն ընդունվում է եւ նրան աջակցում են իշխանություն հաստատելու հարցում: Սերժ Սարգսյանն էլ գուցե ակնկալում է, որ գուցե իշխանությունը հաստատելուց հետո, հնարավոր կլինի ինչ որ կերպ համոզել Արեւմուտքին եւ խուսափել ռեֆորմներից, այսինքն չհասնել դրանց, այլ մնալ միայն իշխանությամբ:
Բայց, Սարգսյանն այստեղ թերեւս պետք է որ գիտակցի այդ ակնկալիքի անհեռանկար լինելը: Բանն այն է, որ թեեւ Արեւմուտքն աջակցում է իշխանության հաստատման գործընթացին, այդ հարցում առանցքային հանգրվան դիտելով 2012 թվականի խորհրդարանի ընտրությունը, այդուհանդերձ պահում է այն բոլոր մեխանիզմները, որոնց միջոցով Սարգսյանի իշխանությունը կարող է չեզոքանալ հաշված րոպեներում, անցնելով կամ Տեր-Պետրոսյանին, կամ Քոչարյանին, կամ էլ երկուսին միասին:
Բանն այն է, որ եթե Հայաստանում չեն իրականացվելու ռեֆորմները, իրական ռեֆորմներ, եթե Սարգսյանը չի անելու այն, ինչ հանձն է առել եւ ինչի համար աջակցվում է, ապա այդ դեպքում Հայաստանը շատ ավելի կառավարելի կարող է լինել Տեր-Պետրոսյանի, եւ առավել եւս Քոչարյանի միջոցով, հետեւաբար Սարգսյանին պահելու իմաստը` թե Արեւմուտքի, թե նույնիսկ Ռուսաստանի համար, կարող է վերանալ:
Հայաստանի դերը աշխարհաքաղաքական եւ տնտեսական նոր զարգացումներում էապես պայմանավորված է երկրի ժողովրդավարացման եւ իրավականացման աստիճանի էական բարձրացումից: Եթե դա տեղի է ունենում, ուրեմն Հայաստանը ձեռնամուխ է լինում համաշխարհային զարգացումներում իր դերակատարությանը, իսկ եթե դա տեղի չի ունենում, ուրեմն իր դերը չի կատարում Սերժ Սարգսյանը, եւ այդ դեպքում որպեսզի Հայաստանը «չհեռացվի» քարտեզից, Հայաստանի իշխանությունից պետք է հեռանա Սերժ Սարգսյանը:
Կասկած չկա, որ թե Արեւմուտքը չի կամենա Հայաստանի հեռացում, այլապես այդքան ջանք չէր թափի երկրի վերափոխման ուղղությամբ, թե առավել եւս Հայաստանի «հեռացում» համաշխարհային սցենարներից չի կամենա Հայաստանի հասարակությունը: Հետեւաբար, հանրային եւ միջազգային կոնսենսուսը, այն դեպքում, երբ Սարգսյանը կփորձի կիսատ թողնել եւ հրաժարվել իր ստանձնած դերակատարությունից, անխուսափելիորեն կհանգեցնի նրա հեռացմանը:
Ընտրության հնարավորության մեծությունը սովորաբար բարդացնում է ընտրությունը: Սերժ Սարգսյանի պարագայում, ընտրության հնարավորությունը մեծ չէ, հետեւաբար ընտրությունն էլ բարդ չէ: Նրա դեպքում, չափազանց բարդ կարող է լինել սխալ ընտրության հետեւանքը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: