Thursday, December 22, 2011

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Tert.am. 23-12-2011. Ֆրանսիայի Ազգային ժողովը վայրկյաններ առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտին պետք է քննարկվի Վերին պալատում՝ Սենատում։
Նշենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ այդ օրինագծի ընդունումն «անդառնալի հետևանքներ է ունենալու» թուրք–ֆրանսիական հարաբերությունների համար։ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված է Թուրքիայի պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։ «Ցանկանում եմ բացահայտ կերպով հայտարարել, որ նման քայլերը շատ ծանր հետևանքներ կունենան թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար, իսկ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ այդ քայլի նախաձեռնողների վրա է»,–Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղղված նամակում գրել էր Էրդողոնը։
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք գործում է նաև Շվեյցարիայում։

No comments: