Sunday, December 11, 2011

Մենք թողեցինք մեր հեղափոխության արժեքները

Մեր զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը
-Պարոն Մանուչարյան, Ըստ Ձեզ՝ ո՞ր ուղղությամբ է այսօր զարգանում հայաստանյան ներքաղաքական կյանքի տրամաբանությունը: Դուք պաշտոնականությունների, նոր նշանակումների այս ֆոնին նշում էիք, որ քաղաքական պրոցեսները դինամիկ են զարգանում, այսօր կա՞ արդյոք այդ դինամիկան:
-Կա իրական քաղաքական կյանք, քաղաքականություն խորքային իմաստով, և կա մակերեսային պրոցես, որը մենք անվանում ենք քաղաքական կյանք: Հայաստանում ցավոք սրտի քաղաքականություն ասելով հասկանում են ինտրիգային, մակերեսային մասը, տարբեր խարդավանքների, տարբեր ապարատային խաղերի` սրան ազատեցին, նրան նշանակեցին, այս կուսակցությունը այս կամ այն քայլն արեց և այլն, ինչը, սակայն, քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: Սա քաղաքականության իմիտացիա է, քաղաքական տերմիններով, տնտեսական առիթներով հրմշտոց: Իսկ ինչ վերաբերում է բուն քաղաքական կյանքին, թե ինչպիսի պատկերացում ունի մարդը կամ մարդկանց խումբը կյանքի ամբողջականության վերաբերյալ և այդ պատկերացմանը տանող ինչ ուղի է տեսնում և իրականացնում շարժում այդ ուղղությամբ, հենց սա է իրական քաղաքականությունը:
Այսինքն`այն, ինչ տեղի է ունենում, կարող ենք անվանել քաղաքական պրոցեսների իմիտացիա՞:
Այո: Քաղաքական պրոցեսի շղարշի տակ ձևով քաղաքական, էությամբ`տնտեսական շահերի, դիրքերի պայքար է: Այսինքն`կա մի արժեհամակարգ, որն ընկած է այսօրվա կյանքի հիմքում, և ըստ այդ արժեհամակարգի`մարդը խիստ նյութապաշտ էակ է, և նա պետք է մեծ քանակով նյութ հավաքի: Այսօրվա աշխարհում նյութը հարստությունն է, և մարդը պետք է ձգտի մեծ հարստություն ապահովելու. սա հիմքերի հիմքն է: Այս տեսակետից, այն ամենը, ինչ կատարվում է, պայքար է այդ հարստությունը դիզելու համար:

-Այդ քաղաքական պրոցեսի` ձևով քաղաքական, իսկ բովանդակությամբ տնտեսական պայքարը որքանո՞վ է ներքին և որքանով արտաքին քաղաքական պրոցեսների հետ կապված:
-Շատ բաներով է կապված: Այս փիլիսոփայությունը, այս արժեհամակարգը, մի կողմից պատկանում է ամբողջ մարդկությանը, և չի կարելի ասել, որ ամբողջ մարդկության այս կամ այն հատվածն է միայն դրա կրողը, բայց այսօրվա աշխարհում կա դրա հիմնական կրողը, այն, ինչ մենք անվանում ենք ժամանակակից քաղաքակրթություն կամ այն, ինչ մենք անվանում ենք Արևմուտք ոչ թե աշխարհագրական իմաստով, այլ կյանքի փիլիսոփայության, արժեքների և այլն: Այսօրվա այս նյութապաշտ համակարգի կրողը, հաստատողն Արևմուտքն է, և նա ամենուրեք փորձում է սա հրամցնել որպես առաջատար և դրանով իշխել, քանի որ իրականում իշխում է արժեհամակարգը և ոչ թե այս կամ այն կուսակցությունը կամ այս կամ այն մարդը, որովհետև նրանք իրականացնում են այդ արժեհամակարգից բխող քայլերը, ծրագրերը և այլն:

-Ի վերջո, մի քանի տարի քաղաքացիական հասարակայության կայացման անհրաժեշտությունից ենք խոսում: Մի՞թե այդ համակարգը հենց արևմտյան չէ և հենց դա չէ պետք մեզ: Ի վերջո, քսան տարվա երազանքը սա չէ՞:
-Այդ համակարգն իր ամբողջական տեսքով կայացած է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, բայց մենք հիմա տեսնում ենք`աշխարհի այդ հատվածը խորը ցնցումների մեջ է: Նրանց մոտ այն, ինչ անվանում եք քաղաքացիական հասարակություն, արդար ընտրություններ, այդ ամենը կա, բայց սա հանգեցրել է նրան, որ մարդիկ ի վերջո հասկացել են, որ այդ շղարշի տակ թանքված է մի ուրիշ բան` կապիտալի բացարձակ իշխանություն, որտեղ մարդն ըստ էության ոչինչ է, գերի է այն արժեքներին, որը ստրկացնում է նրա բուն մարդկային էությունն ամենադաժան ձևով:
Դուք ասում եք սա չէ՞ երազանքը… Այո, քսան տարի առաջ բոլորս երազում էինք այդ աշխարհից ունենալ, որովհետև մեզ հեքիաթային պատմություններ էին պատմել, թե դա ինչ աշխարհ է, չնայած կան մարդիկ, ովքեր այդպես չէին համարում: Կար ընդհանուր այդ հրապուրանքն այս աշխարհում, և հետագայում մեզ համար կամաց-կամաց բացահայտվեց, որ իրականում դա շղարշ է մի ավելի խորքային երևույթի: Այն, ինչ իրական հասկանում ենք քաղաքացիական հասարակության կամ ժողովրդավարության տակ, դրանց բուն էությունների հետ այսօրվա արևմտյան համակարգը որևէ կապ ունի:

-Աշխարհում ո՞ր համակարգը կապ ունի ժողովրդավարության բուն էության հետ:
-Այսօր մոլորակի վրա առայժմ չկան այդպիսի համակարգեր, մարդկությունը փնտրում է այսօր նոր համակարգեր: Սա մերժված համակարգ է, չի աշխատում, բայց նորը մարդիկ դեռ չեն շոշափել, բայց այդ փնտրտուքն ընթանում է: Օրինակ, Լատինական Ամերիկայում մարդուն ավելի մոտ լինող ներքին ակտիվացում կա, այն, ինչ անվանում ենք սոցիալական համակարգեր, այդ սոցիալականի ավելի ուժեղ և ցայտուն դրսևորումը կա: Այնտեղ փնտրտուքն այդ ուղղությամբ է ընթանում: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում մարդկային ընդվզումն ակնհայտ է, և փնտրտուքները ամենաֆանտաստիկ լուծումներով են գնում: Սա առայժմ մարգինալ փնտրտուք է, չի դարձել ամբողջությունների հաստատման, գործողության տանող մի ուժ, ծրագիր: Արևելքի ընդվզումների դեպքում 2-4 պրոցեսներ իրար վրա են գտնվում` ընդվզում այս գործող համակարգի բացասական գծերի դեմ, ընդվզում սրանից ավելի վատ համակարգերի դեմ, օրինակ հետխորհրդային տարածքում այդ փորձը կար` նմանվել արևմտյանին, բայց շատ ավելի անկատար տարբերակով, շատ ավելի գռեհիկ ձևով էր դրսևորվում, և կամ մի ընդվզում, որն ուղղված է դրա դեմ. դա փնտրտուքն է իրական քաղաքացիական համակարգի, իրական լիբերալիզմի: Եվ կա երրորդ տարբերակը` ընդհանուր աշխարհակալ ուժերի, նրանց, ում ձեռքում է աշխարհի հարստությունը, ձգտում են պահպանել, ուժեղացնել և մեծացնել և մանիպուլյացիայի են ենթարկում ոչ միայն մարդկանց, մարդկային խմբերի, այլ ամբողջական պետությունների: Աշխարհակալ ուժերը մարդկանց ամեն մի արդարացի ընդվզում հարմարեցնում են իրենց համար հարմար հակառակ նպատակների համար:

-Պարոն Մանուչարյան, մեր զրուցակիցները նշում են, որ քսան տարի առաջ քաղաքականությունը էություն և բովանդակություն ուներ: Դուք հենց այդ ժամանակներում ակտիվորեն ներգրավված էիք քաղաքական պրոցեսներում: Ի՞նչ տեղի ոնեցավ, ի՞նչ տրանսֆորմացիայի ենթարկվեց մեր քաղաքականությունը:
-Քսան տարի առաջ կար մի մղում, և կար դրա հետ կապված ընդվզումը: Կար սովետական համակարգը` իր բոլոր նվաճումներով և իր բոլոր բացթողումներով, սխալներով, կորուստներով, այլափոխություններով, և կար մի ընդվզում այդ բոլոր սխալների դեմ` ձգտելով ավելի բարձր կյանքի կազմակերպման: Իրականում այդ ընդվզումն այլափոխվեց ավելի բարձր նպատակների: Եթե ամբողջացնեմ`մարդկային էության ավելի բարձր կատարելության ձգտում կար, երբ ստանում ենք մարդ, որն ավելի ու ավելի կատարյալ կեցվածք է ձեռք բերում, և ստեղծվում է այդ կատարյալ մարդու ստեղծած ավելի կատարյալ և ներդաշնակ աշխարհը: Թեև մենք այսպես չէինք ձևակերպում, բայց փնտրտուքի էությունը սա էր, և սրա հետ կապված ամեն մի բան քաղաքականություն է` անկախ նրանից՝ խոսում եք էկոլոգիայից, մշակույթից, թե ազգային ազատագրական պայքարից: Մինչդեռ մեզ հրամցվեց մի բան, որը դրսից էր` որպես այդ կատարելության գտնված ուղի, գտնված արժեհամակարգ, և մենք թողեցինք մեր հեղափոխության ստեղծած արժեքները և տարվեցինք մեկ ուրիշ բանով, որ ինչ-որ մի պահի, դարեր առաջ կատարած հեղափոխության արգասիք էր, որ իր պահին եղել էր պրոգրեսիվ, իր դերը խաղացել էր և այսօր մոտենում է իր մայրամուտին: Բայց մենք դա վերցրեցինք որպես փայլուն ապագա, որն այսօվա մարդուն հարիր չէ, այսօր մարդը ուրիշ փնտրտուքի մեջ է: Մենք պարզապես պետք է ինչ-որ իմաստով վերադառնանք մեր սկզբնական դրված խնդիրների շարունակությանը, մեր ընտրած ուղու շարունակությանը:

-Պարոն Մանուչարյան, ի վերջո մարդն ի՞նչ է փնտրում, ա՞յլ կյանքի բովանդակություն, ա՞յլ արժեքներ:
-Արժեքները պայմանավորված հետևյալով. ինտեգրալ մի բառ վերցնենք`մարդկային արժանապատվություն: Մեկը համարում է, որ արժանապատվությունն այն է, երբ դու ունես շատ շենքեր, շատ մեքենաներ, շատ փող և շատ հնարավորություն մյուսներին խեղճացնելու, ճնշելու, թելադրելու, մյուսը մարդկային արժանապատվությունը համարում է այն, որ մարդը գտնվում է այն ճանապարհին, որ ինքն ավելի ու ավելի կատարյալ է դարձնում և իր քայլքով նաև մյուսներին այդ նույն ձգտմամբ է վարակում: Նրանց ընթացքը դեպի կատարելություն իրեն է հարստացնում, իրենը` նրանց, և սրա հետ մեկտեղ այդ մարդիկ ընկալում և ձևափոխում են աշխարհը, աշխարհն են իրենց համար դարձնում մի կողմից ստեղծագործության ոլորտ, մյուս կողմից այդ ստեղծագործությունն ուղղում ներդաշնակությունն ավելի ու ավելի շատ աշխարհում տարածելուն: Հիմա ո՞րն է մարդու ճանապարհը` սա՞ է, թե՞ նա է: Ըստ էության, առաջին տարբերակով մարդուն վերջին մի քանի հարյուր տարին առաջնորդել է այդ արժեհամակարգը, հիմա այլ է արժանապատվության ուղին, հիմա մարդն այս արժեհամակագում իրեն վիրավորված է զգում:

-Հաճախ է հնչում, որ մենք առհասարակ արժանապատվության կորուստ ունենք, որ հարևան Վրաստանում այս առումով իրավիճակն այլ է և մեզ մոտ մի պահ արթնացավ արժանապատվության գիտակցումը, հետո նորից հանգեց: Համաձա՞յն եք:
-Տարբերությունը Հայաստանի և Վրաստանի կամ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջեւ այն է, որ այստեղ ձեր գրպանը երբ մեկը մտնում է, որ փող հանի, նա օլիգարխի կեցվածք է ընդունում, մոնոպոլիա է հաստատում ինչ-որ մի բանի վրա, և դուք, որ հաց պետք է գնեք, երկու-երեք անգամ թանկ եք գնում և տեսնում, որ ակնհայտորեն ձեր գրպանից փող են հանում, դուք տեսնում եք, դուք վիրավորված եք, ձեր արժանապատվությունը վիրավորված է: Վրաստանում կամ Միացյալ Նահանգներում բանկիրը բանկային մանիպուլյացիաների արդյունքում երեք անգամ ավելի շատ է փող հանում, բայց դուք դա չեք զգում և ձեր արժանապատվությունը վիրավորված չէ: Այդ խաբեության դաշտը պետք է հաղթահարենք: Այդ մարտն ավարտված է:
Բացի այդ, մերոնք ասում են` թող բոլորը հարուստ լինեն, բայց, իմ կարծիքով, մարդու համար ավելի մեծ վիրավորանք, քան հարուստ լինելն է, չկա (հարուստ լինել, նշանակում է շատ իրեր ունենալ), մարդը հո ապուշ չէ, որ կյանքի իմաստը տեսնի շատ իրեր ունենալու մեջ, այդ իրերը խանգարում են իրեն, որովհետև նա ստիպված է այդ իրերով զբաղվել, իսկ մարդը պետք է զբաղվի լրիվ ուրիշ բանով աշխարհը հասկանալու համար: Ինձ շատ իրեր պետք չեն, ինձ պետք է շատ ժամանակ մտածելու համար, որպեսզի ես զգամ դիմացինիս խորությունը, նրա բովանդակությունը, ինձ պետք է շփման ժամանակ:

-Կյանքի իմաստը ինչի՞ մեջ պետք է տեսնել 21-րդ դարում, ոչ թե իրերի, շքեղության, այլ մարդկային փոխհարաբերությունների՞:
-Կա մարդկային կատարելության ճանապարհը: Խոսքը գնում է մշակութային հեղափոխության մասին, թե ամբողջ կյանքը ինչպես պետք է կազմակերպված լինի, ինչն է իր հիմնական փնտրտուքը: Փաստորեն մշակույթը և նրա միջուկը կազմող արվեստն է թույլ տալիս, որ մարդը գտնի այդ կատարյալը որն է, այդ ներդաշնակության ճանապարհը որն է թե իր մեջ, թե շրջապատող աշխարհի: Այս փնտրտուքն է մարդուն հարիր: Եթե նախկինում շատ ավելի քիչ մարդկանց էր հասու ձևակերպել, հասկանալ, գործել, այսօր զգալի հատվածն այս ամենը հասկանում է և սկսում է կերտել, փնտրել այն աշխարհը, որը կբերի այլ անդյունքների:
Այն, որ հայ մարդը միշտ այս դիսոնանսը հասկացել է, միանշանակ է: Մենք երբեք Նարեկացուն և Նարեկացու ժամանակ ապրած օլիգարխին չենք դնի համեմատության նժարի վրա: Նոր աշխարհը կերտում է մարդկանց մտավոր շերտը, ոչ թե օլիգարխն ու նախագահը: Մտավոր շերտն իր ծուլության կամ անբանության պատճառով չի կարողանում այն դարձնել իշխող համակարգ: Այսօր մարտը տանում են նրանք, և այդ մարտը շատ առարկայական է: Իսկ մեր մտավորական շերտը փակ տարածքում նստած ասում է` այս ինչ փայլուն գաղափար դու ասացիր, սա ժամանակի վատնում է:

-Այսինքն` չկա դիսկուրս, տեքստեր, գաղափարներ…
-Այդ բոլոր բաները` տեքստեր, դիսկուրս և այլն, շատ դեպքերում այդ պարապ մարդկանց մտավարժանքների դաշտում է, նրանք իրենց համար ստեղծել են մի առանձին աշխարհ, որտեղ լուրջ տեսքով խոսում են դիսկուրսներից, տեքստերից և այլ բաներից, մինչդեռ կյանքը շատ առարկայական է: Նրանք պետք է այսօրվա կյանքից և այսօրվա մարդուց խոսեն և շատ պարզ ձևով կարողանան հասկացնել` ինչն է սրա բացը և ինչ կյանք է առաջարկվում և ինչ կյանք է հնարավոր, և ուղին այնտեղ տանող: Նրանք այս իրողությունը չեն ստեղծում, որ մարդիկ հասկանան` իրենք են պահապանն այսօվա վիճակի, որովհետև օլիգարխն ի վիճակի չէ այդ ճանապարհը շոշափել և հասկանալ:
Այսօր ամենամեծ արժեքը մեր երկրի, ժողովրդի, նաև մոլորակի համար այն է, որ պետք է հասկանալ այն, ինչի պետք է գալ, և որն է դրան տանող ճանապարհը, և սա պետք է կատարի մտավոր, մշակութային արվեստի շերտը:

-Ինչո՞ւ են դրանք դատարակաբանություններ և ինչո՞ւ չկան ռեալ դիսկուրս, տեքստեր:
-Նա, ով ունի տեքստեր, դիսկուրսի և այլ բաների մասին խոսելու հնարավորություն, նա ունի հնարավորություն հեռուստաեթերով խոսելու. մի ալյանս է ձևավորվում դատարկախոսության և նյութի, հարստության, իշխանության մեջ, որովհետև այսպիսի խոսակցությունները տպավորություն են ստեղծում, որ ինչ-որ մի բան տեղից շարժվում է, բայց իրականում չկա շարժում: Իրական խոսքը, որը կարող է հասնել մարդկանց, որպես կանոն պարզ լեզվով է ասվում, իրական խոսքն այսօր հնարավորություն չունի լայն դրսևորվելու: Բայց կամաց-կամաց դա սկսում է իշխող դառնալ, որովհետև մի իմաստություն կա` մինչև դժոխքի դուռը չհասնես, փրկյա տերը չես հիշի: Հիմա տեխնոլոգիան այդպիսին է՝ եթե բոլորս լքում ենք, այստեղ իրար ատում ենք, բզկտված ենք, մենք սրընթաց գնում ենք դժոխքի դուռը, և այդ պահին սկսում է այդ փրկյա տերի որոնումը, մարդկային կատարելության, բարձր արժեքների և այլ ճանապարհի փնտրտուքը: Ինչքան շուտ մեր մտավոր հատվածը հասկանա այս ամենը, ինչքան շուտ սկսի խոսել, այնքան ավելի մեծ տարածության վրա դժոխքի դռնից կկանգնենք և կգնանք հետ:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 10-12-2011.

No comments: