Wednesday, December 21, 2011

Շալակի դրախտը

«Լրագիր» 20-12-2011- Երբ այսպես ասած լավագույն ընտրության մասին խոսում է Սերժ Սարգսյանը, հավաստիացնում, թե այդպիսին է լինելու ընտրությունը, դա հասկանալի է: Ի վերջո ընտրական գործընթացի կազմակերպման հարցում նրա ձայնը վճռորոշ է, եւ երբ ինչ որ բան հայտարարում է, ապա պարզ է, որ ինչ որ բան մտածում է եւ գիտե իր անելիքի մասին:
Այլ հարց է, հավատում ենք արդյոք նրան, կամ կկարողանա արդյոք նա անել այն, ինչ ասում է: Բայց պարզ է, որ նա խոսում է մի բանի մասին, որին ունի անմիջական առնչություն: Միգուցե այդ հանգամանքն առկա է նաեւ Տիգրան Սարգսյանի, ինչ որ առումով էլ Հովիկ Աբրահամյանի պարագայում, որոնք անկասկած նույնպես ներգրավվածություն են ունենալու ընտրական գործընթացում եւ նույնպես որոշակի տեղեկատվության ու լծակների կրող են:
Բայց երբ այսպես ասած լավագույն ընտրության մասին հավաստիացումներով հանդես են գալիս շարքային այլ հանրապետականներ, թեկուզ ԱԺ պատգամավոր, թեկուզ ինչ որ չինովնիկ, ապա դա առնվազն ծիծաղ է առաջացնում: Ախր դուք ինչ գիտեք, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ինչ է ծրագրել, ինչ մեխանիզմ է աշխատելու ընտրությանը, որ հայտարարություններ եք անում լավագույն ընտրությունների մասին, հավաստիացումներ եք տալիս, թե այդպես է լինելու:
Բանն այն է, որ շարքային հանրապետականները երեւի թե նույնիսկ չգիտեն էլ, թե հենց անձամբ իրենց հետ ինչ է լինելու ընտրության ժամանակ, ուր մնաց գիտենան, թե ինչ է լինելու ընտրությունն ինքնին: Նրանք հիմա բոլորը մեկ մարդու նման տառապում են երեւի թե այն խնդրով, թե ինչ տեղ են ստանալու նախընտրական ցուցակում, կամ ստանալու են արդյոք: Հիմա նրանք մեկ մարդու նման երեւի թե փորձում են գուշակել, թե իրենց հիմնական մրցակիցը այդ տեղերի հարցում ովքեր են լինելու, որպեսզի կարողանան մի քիչ օճառ դնել մրցակցի ոտքերի տակ:
Միթե լուրջ է մտածել, որ այսպես ասած շարքային ՀՀԿ-ականները այդ ամենից բացի, որեւէ այլ մտորումներ ունեն առաջիկա ընտրության վերաբերյալ: Եթե ունենային, ապա տարբեր ամբիոններից նրանց ելույթները կունենային բոլորովին այլ բովանդակություն, կամ ավելի շուտ բովանդակություն կունենային: Մինչդեռ այժմ, դրա փոխարեն նրանց ելույթներում աղմուկ եւ աղաղակ է առկա, որպեսզի Սերժ Սարգսյանը լավ լսի աղմուկն ու գնահատի ըստ դեցիբելի, համարելով, որ այս կամ այն գոռացողը իրեն պետք կգա ապագա խորհրդարանում ընդդիմության եւ հասարակության վրա բղավելու համար:
Իսկ ամենամեծ խնդիրը հենց այն է, որ Սերժ Սարգսյանն էլ լսում է ու գնահատում: Եթե չգնահատեր, ապա այդ մարդիկ ներկայում չէին հայտնվի ամբիոնների մոտ: Գնահատում է, ինչպես ասենք Լիսկայի «քաջությունը»:
Հասկանալ կարելի է նաեւ Սերժ Սարգսյանին: Նա երեւի թե մտածում է, որ եթե նրանց չգնահատի, էլ ով կկանգնի իր կողքին, եթե ոչ այդ մարդիկ: Բայց, եթե նրան թվում է, թե այդ մարդիկ կանգնած են իր կողքին, նա իհարկե չարաչար սխալվում է: Այդ մարդիկ երբեք որեւէ իշխանության կողքին չեն կանգնում, նրանք բարձրանում են շալակը, որպեսզի իրենց շալակած իշխանությունից շատ ավելի շուտ տեսնեն այն, ինչ կատարվում է շրջապատում եւ անհրաժեշտ պահին թռչեն մեկ ուրիշի շալակը:
Ի վերջո, Սերժ Սարգսյանն ինքը շատ լավ գիտե, որ այդ մարդկանց մեծ մասը մի քանի տարի առաջ Քոչարյանի շալակին էր, դրանից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ իրենից հետո մեկ ուրիշի շալակին են հայտնվելու, կամ ավելի շուտ հայտնվելու են մեկ ուրիշի շալակին, ու դրանով գալու է Սերժ Սարգսյանի հետոն, եթե շարունակվի դեցիբելների գնահատումը:
Մյուս կողմից, պետք է իհարկե արձանագրել, որ այդ մարդկանցից բացի, երկրում չի մնացել մեկը, ով ինքն է պատրաստ երկիրը շալակել եւ զգում է Սերժ Սարգսյանի գնահատականի կարիքը: Դե մնում է գնահատել միայն շալակաբնակներին:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: