
Ըստ կայքէջի, Բաղըշը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շրջանային կազմակերպությունների համագումարում ասել է. «Օրերս հարեւան փոքրիկ երկրի իր չափը չիմացող ղեկավարըՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրքերի մասին իրենից դուրս բաներ է ասել: Ես այս ամբիոնից դիմում եմ նրան եւ ասում. «Դու սովի եւ աղքատության մատնելով ուժասպառ ես արել քո ազգին: Սովի պատճառով Հայաստանի բնակչությունը 4 միլիոնից նվազել է 2 միլիոնի: Մարդիկ երկրից փախչում են: Նրանց մի մասը եկել է մեր երկիր: Այստեղ մեր ծերերին ու երեխաներին են խնամում: Դա թուրք ազգի մեծահոգության ցուցանիշն է: Եթե հարկ է պատասխանել նրան, ապա թող իմանա, որ թուրքերին ծնկի իջեցնելը դեռ որեւէ մեկին չի հաջողվել: Կարծում եմ, նա զգալով այս խոսքերի գինը իր երկրի համար, արդեն պետք է սկսած լինի ծեծել իր ծնկերը: Թող ոչ ոք չկասկածի, որ մեր ազգը գիտի անգիտակիցներին ծնկի բերելու ձեւը»:
Հաջորդ օրը սանձարձակությամբ Բաղըշին է հավելել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբՙ Մեջլիսի նախագահը, մասնակցելով Հեյդար Ալիեւի մահվան 8-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած երեկոյին, «ցնցող» խոսքեր է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Թուրքական հանրայինի հաղորդմամբՙ Չիչեքն ասել է, որ ներկա պահին կարեւորագույն խնդիրը Ադրբեջանի տարածքի 1/5-ի գտնվելն է օկուպացիայի տակ, Հայաստանը ոչնչացնելով օկուպացրած տարածքի բնական պաշարները, մարդկության դեմ գործում է նաեւ մեկ այլ հանցագործություն: Այնուհետեւ Չիչեքն անդրադարձել է «ցեղասպանության պնդումներով Հայաստանիՙ Թուրքիային հասցրած մեղադրանքներին»: Ապա նա նշել է. «Մինչդեռ նորագույն պատմության ամենամեծ կոտորածներից մեկը 1992-ին աշխարհի աչքի առջեւ իրականացվեց Խոջալուում: Այդ կոտորածներին անձամբ մասնակցել է ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնը վարող Սերժ Սարգսյանը»:
Վերջում Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքն ավելացրել է. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Կովկասում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր խնդիրն է: Մենք հիմնահարցով շահագրգիռ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում վերջ տալ հայերի անարդարացի օկուպացիային: Ադրբեջանի տարածքում օկուպացիայի վերացումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման անառարկելի նախապայմանն է»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment