Thursday, December 22, 2011

«ԼՂ անկախությունը ճանաչվելու է, բայց ինչպես, դեռ չգիտենք». Մելիք–Շահնազարյանին ասել են արևմտյան դիվանագետները

Tert.am. 22-12-2011- ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղված բանակցային գործընթացի գլխավոր ձեռբերումն այն է, որ ԼՂՀ-ին մասնակցում է Հայաստանի և Մինսկի խմբի հետ անցկացվող խորհրդատվական բնույթի քննարկումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը:
«Այս տարի ԼՂՀ-ի սուբյեկտը ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին, ինչը որոշակիորեն Արցախի հանրապետության ճանաչում է նշանակում: Պետք է փաստենք նաև, որ մի շարք արևմտյան դիվանագետներ փաստում են, որ անհրաժեշտ է որպես բանակցային կողմ ընդգրկել ԼՂՀ-ին, այլապես սայլը տեղից չի շարժվի»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ այս գործընթացի էական փոփոխություններից մեկը բանակցային գործընթացի ղեկավարության փոխանցումն էր Ռուսաստանից Մինսկի խմբի մյուս ներկայացուցիչներին:
«Անկախ այն բանից, թե ով է ստանձնել նախագահությունը, միջազգային հանրությունը շահագրգռված է կայունություն հասաստելու գործին և պատերազմի վերսկսումը տարածաշրջանում հասցնել նվազագույնի»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը այն վստահությունը հայտնեց, որ առաջիկա տարում Մինսկի խումբը փորձելու է ԼՂՀ-ի սոցիալական խնդիրների վրա ուշադրություն դարձնել:
«Իրենք շատ լավ հասկանում են, որ քաղաքական լուծման հասնելը շատ դժվար է, այդ պատճառով փորձելու են իրագործել սոցիալական ծրագրեր: Միևնույն ժամանակ նշեմ, որ երբ խոսում եմ արևմտյան շատ դիվանագետների հետ ասում են՝ Արցախի անկախությունը ճանաչվելու է, բայց ինչպես՝ դեռ չգիտենք»,-ասաց քաղաքագետը:

No comments: