Thursday, December 22, 2011

Ահմադինեժադը ժամանում է Հայաստան

«Լրագիր» 22-12-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Իրանում հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ասել է, որ անցնող տարում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, հասնելով 300 մլն դոլարի:
Կարեւոր տեղ է գրավում էներգետիկայի ոլորտը: Կառուցվել է գազատար, էլեկտրահաղորդման երկու գիծ, երրորդը կառուցման փուլում է: Քննարկվելու են նավթամուղի, երկաթուղու կառուցման եւ այլ էներգետիկ նախագծեր:
Իրանի նախագահի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԿՀՎ տնօրենը հայտարարեց, որ մեկ տարի անց Իրանը կարող է ստեղծել միջուկային ռումբ, եւ ԱՄՆ կարող է հարված հասցնել Իրանին, եթե վերջինս չհրաժարվի այդ ծրագրերից: Խստացվել են տնտեսական պատժամիջոցները, թեեւ Եվրոպան այդպես էլ նավթային էմբարգոյի չգնաց:
Հետաքրքիր է այն, որ կտրուկ վատթարացել են Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Բազմիցս խոսվել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի դեմ հարվածների համար: Իրանը նույնիսկ զգուշացրել է, որ եթե իրեն հարվածներ հասցնեն Թուրքիայից ու Ադրբեջանից, ապա դրանք կդառնան Իրանի պատասխան հարվածների թիրախ:
Օրերս Բաքվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալը, որը բանակցություններ վարեց Ադրբեջանի իշխանության հետ:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական թերթերից մեկում տեղեկատվություն հայտնվեց, ըստ որի եթե Իրանին հարված հասցվի, ապա Ռուսաստանը կմիջամտի եւ կօգտագործի Գյումրիի 102-րդ բազան:
Այս ամենի ֆոնին, Ահմադինեժադի այցը բավական կարեւոր է դառնում, նկատի առնելով, որ Հայաստանն իր բնական դաշնակիցն է: Ըս ամենայնի, Հայաստանին «բաց չթողնելու» համար հնարավոր է Ահմադինեժադը Ղարաբաղի հարցով տհաճ հայտարարություններ անի Բաքվի համար, եւ այցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչը չէր արել նախորդ անգամ:

No comments: