Thursday, December 8, 2011

ՎԱԽԵՆԱՄՙ ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՑ. ՀԵՆՑ ԴԱ Է ԴԵՐՍԻՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ»

«ԱԶԳ, 08-12-2011- Հայկական դավադրության որոնումները թուրքական իրականության անբուժելի հիվանդությունն են: Դրանով տառապում են ինչպես իշխանությունները, այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակները, ներառյալ ժողովրդական զանգվածները: Դա պատահական չէ, այլ պայմանավորված է հանցագործի այն հոգեբանությամբ, որով հավասարապես տառապում են թուրքական իշխանություններն ու հասարակությունը, որովհետեւ իշխանությունների կազմակերպած Հայոց ցեղասպանությանը սիրահոժար մասնակցել են ժողովրդական ընչաքաղց զանգվածները:
Հենց այդ մասնակցությամբ է բացատրվում ցեղասպանության ժխտողականության հարցում դրսեւորվող իշխանություն-հասարակություն համերաշխությունը Թուրքիայում: Թուրքական իրականության մեջ հայկական դավադրության որոնումներն ունենում են տարբեր դրսեւորումներ, սակայն անկախ տարբերությունից, դրանք վառ պահելով հայերի եւ Հայաստանի նկատմամբ շարքային թուրքի ենթագիտակցության մեջ արմատավորված ատելությունն ու թշնամանքը, երկրում հայատյացության ծավալման պատճառ են դառնում:
Հատկանշական է, որ Թուրքիայում հայատյացության ծավալումն էլ իբրեւ առաջադրանք ընդհանուր է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության հրոսակների ու թուրքական գաղտնի ծառայությունների ուղղորդած ձախակողմյան ստահակների համար: Մինչդեռ այս հրոսակներն ու ստահակները միշտ էլ եղել են ոխերիմ թշնամիներ: 70-ականներին նրանք Թուրքիան դարձրել էին արյունահեղ բախումների թատերաբեմ, օրական փոխադարձաբար սպանելով մինչեւ 20 մարդ:
Համենայն դեպս, 1937-38 թթ. Դերսիմի իրադարձությունների քննարկումները հայկական դավադրության որոնումների դրսեւորման նոր առիթ հանդիսացան թուրքական շրջանակների համար: Քննարկումների հիմքը դեռեւս 2009-ին դրել էր վարչապետ Էրդողանը, բնութագրելով թուրքական պատմագրության մեջ որպես ապստամբություն հիշատակվող իրադարձությունները Դերսիմի կոտորած:

Մինչ Թուրքիայում ծավալվում էին Դերսիմի իրադարձությունների քննարկումները, որոնց հետեւանքով 1935-ին Թունջելի վերանվանված Դերսիմում սպանվել է 50 հազար մարդ, բնակիչները աքսորվել, այսինքն տեղահանության են ենթարկվել, էլ չենք խոսում անհետ կորածների եւ այն հազարավոր երեխաների մասին, որոնց, ծնողազրկելուց հետո, որբանոցներ կամ թուրք ընտանիքներին հանձնելու միջոցով թուրքացրել էին:

Այլ կերպ, 1937-38-ին Դերսիմում շրջանառության մեջ էր դրվել ցեղասպանության մեկ այլ տարբերակ, անհամեմատ փոքր չափերով, որովհետեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր քեմալականները ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ պետության հարաբերություններում ելակետ են ընդունել Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջմամբ կարգավորելու երիտթուրքական սկզբունքը:
Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող տրամաբանությունը պիտի ժխտեր նաեւ Դերսիմի կոտորածները, իսկ դրանց նմանությունը պետք է դրսեւորման նոր առիթ հանդիսանար հայկական դավադրության որոնումների համար: Այդ առումով հատկանշական է Ալի Ադամհասանի դեկտեմբերի 5-ին adanamedya.com հայքէջում հրապարակված հոդվածը: Դա քաղել ենք Ստամբուլի «Հայթերթից», ներկայացնում ենք հատվածաբար:
Ահա թե ինչ է գրել. «Իրադարձությունները պետք է գնահատել ելնելով տվյալ ժամանակի պայմաններից: Պատմական իրադարձությունը մեր օրերի չափանիշներով գնահատելու դեպքում դա նկրտում է ունենում: Նրանք, ովքեր առերեսման քողի տակ ձգտում են հաշիվ մաքրել մեր նախնիների հետ, շուռ տալով պատմական ճշմարտությունները, Դերսիմի հարցը մտցրին օրակարգ: Գլոբալ սադրիչները Նոբելյան մրցանակով էին պարգեւատրել Օրհան Փամուքին, որ հայերի ցեղասպանության մասին հայտարարություն էր արել: Տեսնում ենք, որ հերթի են կանգնում նրանք, ովքեր Դերսիմի հարցը փորփրելու շնորհիվ Նոբելյան մրցանակի են ձգտում:

Ո՞րն էր Դերսիմի հարցում պետության անունից ներողություն խնդրելու իմաստը: Մանավանդ որ դա արվել է ոչ թե նախագահականում կամ վարչապետարանում, այլ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության համաժողովում: 16-րդ դարից ի վեր Դերսիմում ինքնիշխանություն էր, պետությանը հարկեր չէին մուծում, զինծառայությունից խուսափում էին: Այսինքնՙ դեռեւս օսմանյան շրջանում փորձ էր արվում վերահսկողություն սահմանել այնտեղ, բայց ապարդյուն: Վերջապես երկրում հաստատվեցին հանրապետական կարգեր, սակայն դերսիմցիները զինվելովՙ ըմբոստացան Թուրքիայի Հանրապետության դեմ: Յուրատեսակ պետություն էին դարձել պետության մեջ: Ո՞ր պետությունը կհանդուրժի 15 հազար զինյալի ապստամբությունը: Տրամաբանական էր, որ այս ապստամբությունը Քեմալ Աթաթուրքի, վարչապետ Ջելալ Բայարի եւ մարշալ Ֆեւզի Չաքմաքի ձեռնարկումներով ճնշվեր: Երբ ճնշվում է պետության դեմ բարձրացված ապստամբությունը, ի՞նչ կարեւոր է, թե քանի մարդ է մեռնում: Երբ դուք կոտորածի մեջ եք մեղադրում նրանց, ովքեր ճնշել են Դերսիմի ապստամբությունը, ապա ինչո՞վ եք բացատրելու PKK-ի որջերի մերօրյա ռմբակոծությունն ու PKK-ականների սպանությունները:
Օսմանյան կայսրությունը փլուզվելիս, երբ մեծ տերությունները զավթում էին մեր երկիրը, չեզոքացվեցին թշնամիների հետ թուրք զինվորներին սպանող հայերը: Հետաքրքրական է, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդը (նկատի ունի Էրդողանին) հայերից էլ ներողություն կխնդրի՞ թե՞ ոչ:

Վախենամ, որ նա ներողություն խնդրի նաեւ հայերից: Ի վերջո, ինքն է հանդես եկել հայկական նախաձեռնությամբ: Կարծում եմ, Դերսիմի առնչությամբ ներողություն խնդրելը նպատակ է հետապնդում դա հանգեցնել նաեւ Հայկական հարցին: Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչը Հայաստանում հայտարարել է. «Դերսիմի գյուղերում բնակչության 75 տոկոսը հայեր են: Շնորհիվ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության, մենքՙ հայկական ծագումով քաղաքացիներս, կարողանում ենք արտահայտել մեր ինքնությունն ու հայկական եկեղեցի գնալ: Օսմանյան կայսրությունում իթթիհատական սկզբունքների տարածումից հետո դերսիմցի հայերը դարձան ալավիներ: Երբ օսմանյան բանակները ներխուժեցին Դերսիմՙ ոչնչացնելու հայերին, հայերը ապաստանեցին ալավի աշիրաթներին... »:
Ժամանակին այս հացն արծարծել էր Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Հալաչօղլուն: Նա զեկուցագիր էր ներկայացրել կառավարությանը, որտեղ բացատրում էր, որ PKK-ն մեր քրդական ծագումով քաղաքացիները չեն կազմավորել, այլՙ քրդացած հայերը: Այս զեկուցագրից հետո նրան իսկույն ազատել էին պաշտոնից: Առ այսօր Դերսիմում մահացածների աճյունը թեեւ վերցնում են ալավիական աղոթարանից, սակայն նրանց թաղում են հայկական գերեզմանոցում: Գիտենք, որ նման կերպ են վարվել Քըլըչդարօղլուի (Ժողովդա-հանրապետական կուսակցության նախագահ) ազգականների հետ: Միաժամանակ հայտնի են նրանք, ովքեր ալավի են ձեւանում, բայց մի կողմ թողած ալավիների ավանդույթները, գաղտնի հետամուտ են լինում հայկական մշակույթին ու դավանանքին:
Մի՞թե չեն զգում նրանք, ովքեր հանուն առերեսման փորփրելով անցյալի իրադարձությունները, ատելություն ու թշնամանք են սերմանում հասարակության մեջ: Խնդիրը ալավիները չեն, այլ երկրի սուննի առաջնորդները, որոնք ուզում են հաշիվ մաքրել մեր նախնիների հետ այն ժամանակ, երբ ալավի քաղաքացիները միահամուռ ձգտում են մոռանալ անցյալի դեպքերը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: