Thursday, December 22, 2011

Պատկերացում, որ երեւի թե պետք է փոխել

«Լրագիր» 22-12-2011- Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկելու է մարդկության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն այսպես ասած հայկական օրինագիծ է, քանի որ Ֆրանսիան միայն հրեաների եւ հայերի ցեղասպանությունն է ճանաչել որպես մարդկության դեմ գործած ոճիր:
Օրենքի ընդունման հավանականությունը մեծ է, որովհետեւ դրան կողմ է թե իշխող, թե ընդդիմադիր ուժը: Նպաստող է նաեւ այն հանգամանքը, որ Ֆրանսիայում նախագահի ընտրության նախընտրական շրջան է, եւ բոլորն էլ ուզում են սիրաշահել հայ համայնքին:
Մյուս կողմից, արդյոք հայ համայնքին սիրաշահելու պարագան թե Ֆրանսիայում, թե նաեւ օրինակ Միացյալ Նահանգներում մի փոքր չափազանցված չէ: Այսինքն, արդյոք մի փոքր չափազանցված չէ հայ համայնքի դերն այդ երկրներում: Այն, որ այդ երկրներում կան ազդեցիկ հայեր, իհարկե աներկբա է, բայց նրանց ազդեցության առաջին գրավականն այն է, որ այդ հայերը խորապես ինտեգրվել են տվյալ երկրի կյանքին եւ իրողություններն ու իրադարձությունները պատկերացնում են այդ պրզիմայով, որպես ասենք ամերիկացի կամ ֆրանսիացի:
Դա ամենեւին չի նշանակում, որ նրանք մոռացել են իրենց հայ լինելը, որ նրանք պատկերացում չունեն հայկական շահի եւ նաեւ Հայաստանի պետական շահի մասին: Հակառակն, ունեն, եւ հենց ունենալով հանդերձ հստակ պատկերացնում են, որ այդ շահին առավեագույնն օգտակար կարող են լինել միայն այն դեպքում, երբ հնարավորինս լիարժեք ինտեգրվեն ասենք ամերիկյան, ֆրանսիական կամ այլ երկրի կյանքին, հանդես գան որպես ամերիկացի, որպես ֆրանսիացի:
Ի վերջո, Ամերիկան, Ֆրանսիան բավական հզոր երկրներ են եւ այնտեղ ընտրությունը չի կարող կանխորոշվել ազգային որեւէ փոքրամասնության պատկերացման վրա: Եթե լիներ այդպես, ապա Ամերիկան չէր լինի Ամերիկա, իսկ Ֆրանսիան էլ Ֆրանսիա չէր լինի:
Պետք է թերեւս դուրս գալ այդ պատրանքից, թե հայկական համայնքը վճռորոշ կամ կանխորոշիչ ձայն ունի այդ երկրների համապետական ընտրություններում: Նահանգային, կամ շրջանային ընտրության պարագայում ինչ որ տեղ հնարավոր է այդպիսի բան, քանի որ տարածքը փոքրանում է եւ որոշակի այլ առանձնահատկություններ են ի հայտ գալիս, բայց համապետական, կենտրոնական իշխանության ձեւավորման պարագայում, թե ԱՄՆ, թե Ֆրանսիան, թե որեւէ այլ հզոր երկիր թերեւս երբեք իրեն թույլ չի տա վճռորոշություն թույլ տալ որեւէ ազգային փոքրամասնության, որեւէ համայնքի ձայնի պարագայում, լինի դա քրիստոնեական համայնք, թե մահմեդական:
Երբ մենք պատկերացնենք ու գիտակցենք դա, թերեւս կհասկանանք, որ այդ երկրների օրակարգում հայկական հարցի հայտնվելու պարագան կախված է ոչ այնքան հայկական համայնքին սիրաշահելու պարտադրանքից, այլ այդ համայնքը սիրաշահվում է այսպես ասած “ձեռքի հետ”, իսկ հայկական հարցն օրակարգում է հայտնվում զուտ տվյալ երկրի պետական շահի եւ քաղաքականության հետ կապված շարժառիթներով:
Այդ հանգամանքը թերեւս կարեւոր է նաեւ նրանով, որ պատկերացնելով այդ իրողությունը, մեզանում կարող են փոխվել պատկերացումները հայկական համայնքների քաղաքական ազդեցության, պոտենցիալի մասին: Մենք այդ համայնքները դիտարկում ենք հիմնականում երկու հարթության վրա՝ կամ փողի աղբյուր, կամ հայ դատի պաշտպանության զենք:
Մինչդեռ, համաշխարհային ժամանակակից գործընթացները ստիպում են վերանայել հայկական սփյուռքի հանդեպ հայաստանյան այդ պատկերացումները: Մենք պետք է հասկանանք, որ կարեւոր արժեք են, Հայաստանի շահի համար մեծ պոտենցիալ են ոչ թե Ֆրանսիայում ապրող հայերը, կամ ԱՄՆ-ում ապրող հայերը, այլ հայկական ծագումով ֆրանսիացիները, հայկական ծագումով ամերիկացիները, որոնք իրենց երկրի լիարժեք քաղաքացի են եւ հենց այդ պրիզմայով են դիտարկում այդ երկրներում տեղի ունեցող գործընթացներն ու այդ պրիզմայով են հարաբերվում իրենց երկրների իշխանությունների հետ:
Այդ հայերն են, որ կարող են առավելագույնս օգտակար լինել Հայաստանին, կարող են առավելագույնս ազդեցիկ լինել իրենց երկրներում: Ասենք, ԱՄՆ կամ Ֆրանսիայի փողոցներում հայ դատի կարգախոսներով ցույցեր անող քաղաքացիների թվով չէ, որ պետք է կանխորոշվի կամ ուրվագծվի տվյալ երկրում հայկական համայնքի ազդեցիկությունը: Հայկական համայնքի ազդեցիկությունը ոչ թե այն է, թե քանի հայ փողոց դուրս կգա, այլ այն, թե քանի հայ ակտիվորեն կմտնի տվյալ երկրի կենսագործունեության ոլորտներ, շահելով առաջին հերթին ասենք ֆրանսիացիների կամ ամերիկացիների վստահությունը:
Մեզանում թերեւս իսկապես կա այդ մասին առկա կամ գերիշխող պատկերացումների վերանայման անհրաժեշտություն, այլապես մենք կսպառենք սփյուռքահայության պոտենցիալը, այն կթողնենք ասենք նախորդ դարի 70-ականների կամ 80-ականների մակարդակին, այն դեպքում, երբ արդեն 21-րդ դարն է եւ տեղի են ունենում համաշխարհային բոլորովին այլ զարգացումներ, քան 20,30 կամ 40 տարի առաջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: