Wednesday, December 7, 2011

«ՆԱՀԱՊԵՏԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ»

«ԱԶԳ», 07-12-2011- Ադրբեջանի «քաղաքագիտական մտքի նահապետ» Վաֆա Գուլուզադեի արտառոց հայտարարություններին մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Պետք է պարզապես ափսոսալ, որ սույն «խորադիտակը» ոչ միայն դատողություններ անելու ունակությունն է կորցրել (եթե, իհարկե, երբեւէ ունեցել է), այլեւ` իրականությունը ադեկվատ ընկալելու կարողությունը: Այսպես, Գուլուզադեն կարծում է, իսկ ինչ որ նա բարձրաձայնում է, կարելի է համարել ադրբեջանական իշխանությունների «ենթատեքստային» դիրքորոշում, թե «կան բոլոր նախանշանները, որ Հայաստանը կփոխի մոտեցումները»` նկատի ունենալով, իհարկե, ԼՂ բանակցային գործընթացի հեռանկարը:
Մենք, հարկավ, նրան չենք զրկում կանխատեսումներ անելու կամ երազելու իրավունքից: Բայց չէ՞ որ կանխատեսումը, եթե գնչուի բախտագուշակություն չէ, պետք է տրամաբանվի իրադարձությունների ընթացքից: Գուլուզադեն, սակայն, գերադասում է սեփական դատողությունները «հիմնավորել Հեյդար Ալիեւի իմաստնությամբ, որը դեռեւս 1990-ական թվականներին կանխատեսել է բոլոր իրադարձությունները եւ Ադրբեջանն ուղղորդել այդ ճանապարհով»: Խոսքը «դարի գործարքի»` արեւմտյան նավթային ընկերությունների հետ կնքած համաձայնագրերի մասին է, որով, ըստ Գուլուզադեի, «կանխորոշվել է Ադրբեջանի արեւմտամետ ճանապարհը»:

Բայց չէ՞ որ այդ գործարքը գրեթե այնքան վաղեմություն ունի, որքան ԼՂ հարցով միջազգային միջնորդությունը: Եվ նույնքան ժամանակ էլ ադրբեջանական իշխանությունները պնդել են, որ «ղարաբաղյան կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում»: Իսկ վերջերս էլ այդ երկրի արտգործնախարարն ի լուր ամենքի ասել է, որ Ադրբեջանը «ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չունի»: Ավելին, պաշտոնական Բաքուն «մշտական չեզոքություն» է հռչակել: Այս իրավիճակում ինչո՞ւ պիտի «զարգացման արեւմտյան ճանապարհը» Իլհամ Ալիեւին ԼՂ հարցում լրացուցիչ լծակ տրամադրի: Ամենակարեւորը` ինչպե՞ս, եթե բանակցային գործընթացի միջնորդությունը խստորեն բալանսավորված է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:
Գուլուզադեի վարկածով` «ահա-ահա կխորտակվի Ասադի ռեժիմը, Իրանը կախված է մազից, այդ իրավիճակում Հայաստանը գործնականում կորցնում է տարածաշրջանի իր բոլոր դաշնակիցներին, քանի որ Իրանը եւ Սիրիան, փոխակերպվելով այսպես կոչված արեւմտամետ երկրների, ինքնաբերաբար կդառնան Ադրբեջանի դաշնակիցներ»:

Արցախցիները նման դեպքերում ասում են. ««Եթե»-ն որ ցանես, ցորեն չի բուսնի»: Այո, քիչ է հավանական Բաշար Ասադի ռեժիմի «խորտակումը», իսկ Իրանի հարցում Գուլուզադեի ասածն ընդամենը երազանք է: Բացի դրանիցՙ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ երկրներն «ինքնաբերաբար կդառնան Ադրբեջանի դաշնակից»:
Բայց մեկ անգամ գայթակղության տրվելով Գուլուզադեն արդեն անկարող է զսպել «հաճույք ստանալու» ցանկությունը: Նա, ըստ այդմ, Հայաստանի մոտեցումների «փոփոխության ազդակ» է համարում... Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Սա արդեն խորացած զառամախտի դրսեւորում է: Ի՞նչ կապ ունի նախագահ Սարգսյանի վրացական այցը ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշման «փոփոխության» հետ: Մի՞թե Վրաստանն այն երկիրն է, որ նման ազդեցություն կամ ցանկություն կարող է դրսեւորել: Մի բան էլ ավելի` մի՞թե հենց Վրաստանի միջոցով է, որ Հայաստանը «պետք է դիրքորոշում փոխի»: Հայ-վրացական հարաբերություններում նման «ենթատեքստի մուծումը» միանշանակորեն Գուլուզադեի երեւակայության արդյունքն է: Ինչպես եւ այն, որ նա «մեղմացում» է տեսնում նաեւ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշման մեջ:
Այստեղ արդեն նա պարզապես նենգափոխում է: Քանի որ եթե որոշակի «մեղմացման» մասին հարկ կա խոսելու, ապա դա վերաբերում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի երեւանյան այցին եւ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նրա ստորագրած հռչակագրին, որտեղ, մասնավորապես, խոսք կա առաջնային գծից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտության մասին: Մի բան, որ պաշտոնական Բաքուն մերժելով մերժում էր:
Մի խոսքով, Գուլուզադեի «քաղաքագիտական վերլուծությունները եւ կանխատեսումները» մղում են երկու եզրակացության: Նախ, ադրբեջանական վերլուծաբանական հանրությունը, որ իշխանությունների խոսափողն է, շարունակում է կառչած մնալ «հրաշքի» սպասումներից: Երկրորդ, այդ երկրում չեն խորշում հրապարակավ խոստովանել, որ մտադիր են «սեփական երջանկությունը կառուցել ուրիշների դժբախտության հաշվին»: Սիրիայի եւ Իրանի վերաբերյալ «նահապետի» հնչեցրած «կանխատեսումները» վերջին մտահանգման պարզ վկայությունն են:

Այս դեպքում ոչ միայն հարեւան երկրները, այլեւ ողջ միջազգային հանրությունն է պարտավոր համարժեք վերաբերմունք դրսեւորել: Քանի որ ադրբեջանական կողմի մտասեւեռումներն առ ապոկալիպտիկ զարգացումներ կրում են ոչ թե ընտրովի բնույթ, այլ համակարգային են. Ադրբեջանում հանուն սեփական «ձեռքերը ջերմացնելու» պատրաստ են «հրդեհել» ողջ տարածաշրջանը: Նման վերաբերմունքի դեմ տարածաշրջանի երկրների, միջազգային հանրության միավորումն, այսպիսով, գնալով ավելի ու ավելի օրակարգային է դառնում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: