Wednesday, December 7, 2011

Կոնգրեսը թող չհավատա Հովիկին

«Լրագիր» 6-12-2011- ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում զրուցելով լրագրողների հետ, հայտարարել է, թե իր կարծիքով Հայ ազգային կոնգրեսը կմտնի խորհրդարան:
Ինչ կշիռ ունի Հովիկ Աբրահամյանի կարծիքն այժմ: Բանն այն է, որ Աբրահամյանի դերը Հայաստանի իշխանական համակարգում կարծես թե սրընթաց նվազում է: Նրան հեռացրին ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնում էլ նրան վերահսկելու են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի միջոցով:
Երբ Կոնգրեսին ԱԺ-ում տեղ տալու մասին է խոսում իշխանական համակարգում սրընթաց վայրէջքի ռեժիմում գտնվող մարդը, ապա այդ տեղը կարծես թե դառնում է բավական կասկածելի:
Կոնգրեսին երեւի թե հարկ է մտածելու, որ եթե Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Կոնգրեսը տեղ է ունենալու խորհրդարանում, ուրեմն իշխանության կուլիսում կարող է քննարկվել ընդհուպ Կոնգրեսին խորհրդարանից դուրս թողնելու հարցը:
Ընդհանրապես, ինչ է անելու Կոնգրեսը, եթե հանկարծ պարզվի, որ չի հաղթահարել 5 տոկոսի շեմը: Իհարկե, բոլորը կզարմանան, շատերը կզայրանան, ոչ ոք չի հավատա, որ դա արդար է, բայց հարցն այն չէ, թե ով կհավատա կամ չի հավատա, այլ այն, թե ինչ պետք է անի Կոնգրեսը:
Ասենք, եթե Կոնգրեսի մոբիլիզացիան չի ստացվում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության առանցքով, էլ ինչպես է ստացվելու խորհրդարանական մի քանի մանդատի առանցքի պարագայում: Այսինքն, եթե քաղաքացին չի գալիս ու Կոնգրեսի հետ մոբիլիզանում հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության, ապա ինչ երաշխիք, որ նա կգա եւ կմոբիլիզանա հանուն խորհրդարանական մեկ կամ երկու, թեկուզ երեք եւ նույնիսկ չորս տասնյակ մանդատի համար:
Իսկ եթե Կոնգրեսը հետընտրական փուլում դնելու է ավելի լուրջ հարցեր ու պահանջներ, քան մանդատների խնդիրը, ապա երեւի թե իշխանությունն ավելի լավ կանի Կոնգրեսին իսկապես չտա այդ մանդատները, որ Կոնգրեսը կարողանա հետընտրական փուլում ավելի լուրջ հարցեր դնել, այլապես չի ստացվի մանդատ վերցնել ու դնել լուրջ հարցեր:
Հետեւաբար Կոնգրեսի համար, եթե իհարկե հետագա նպատակները լուրջ են, ավելի լավ կլինի, որ Հովիկ Աբրահամյանը սխալվի, եւ Կոնգրեսը խորհրդարանում մանդատ չստանա: Այդ դեպքում Կոնգրեսը կպահպանի վճռորոշ քաղաքական գործոնի դիրք վերադառնալու շանսը, իսկ հակառակ պարագայում ասենք ԱԺ նոր նախագահի ընտրությանը ստիպված կլինի անել այն, ինչ ասենք արեց Րաֆֆի Հովհաննիսյանը Լարիսա Ալավերդյանի հետ՝ նրան առաջադրեց իշխանական թեկնածուի դեմ, ու ոչ ոք չհասկացավ, թե որպես ինչ:
Բայց, քիչ հավանական է, որ իշխանությունը Կոնգրեսին տա վճռորոշ քաղաքական գործոնի դիրքեր վերադառնալու շանսը: Իշխանությունն ամենայն հավանականությամբ կնախընտրի Կոնգրեսին մանդատ տալ շանսի փոխարեն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: