Wednesday, December 21, 2011

ԲՀԿ առաջնորդը պատրա՞ստ է «վա-բանկի»

«Լրագիր» 20-12-2011- Հարցը, թե կհաջողվի արդյոք Սերժ Սարգսյանի միասնական ցուցակի բերել ԲՀԿ-ին, վերջին շրջանում հնչում է հաճախակի: Սարգսյանի համար դա իհարկե կլուծի բավական մեծ մի խնդիր՝ ԲՀԿ ձայների խնդիրը: Այն, որ Բարգավաճ Հայաստանը ձայն ունի, դա թերեւս կասկածից վեր է: Որ դա խնդիր է Սերժ Սարգսյանի համար, դա նույնպես կասկածից վեր է, որովհետեւ ինչքան ԲՀԿ-ն ձայն ունի, այդքան պահանջներ է դնելու Սերժ Սարգսյանի առաջ ընտրության շեմին կամ դրանից անմիջապես հետո:
Սարգսյանն էլ ստիպված է լինելու կամ կատարել դրանք, կամ շատ ավելի կոշտ պայքար սկսել ԲՀԿ դեմ: Բայց ինչ կանի այդ դեպքում ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն դուրս կգա՞ արդյոք Սերժ Սարգսյանի դեմ «վա-բանկ» տարբերակով: Բանն այն է, որ այդ կուսակցությունն իր այսպես ասած ակտիվ գոյության ժամանակից ի վեր երբեք չի փորձել հրապարակավ «ատամ» ցույց տալ Սերժ Սարգսյանին:
Առաջին եւ ամենամեծ զիջումը ԲՀԿ-ն արեց հենց առաջին իսկ մարտի ժամանակ՝ 2007 թվականի մայիսին, երբ 400 հազար անդամի մասին հայտարարող կուսակցությունը համաձայնեց խորհրդարանի ընտրությանը ստանալ ընդամենը 200 հազար ձայն, եւ ձայները կորցրեց դեռ քիչ էր, մի բան էլ ստիպված էր իր վրա վերցնել այդ պարադոքսի բացատրության անհարմար գործառույթը:
Դրանից հետո, ԲՀԿ-ն միշտ եղել է բացատրողի դերում, ընդ որում որպես կանոն միշտ բացատրել է, որ հանրությունը սխալ է հասկացել Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ հետ իր տարաձայնությունը: Բարգավաճ Հայաստանը գրեթե երբեք, որեւէ անգամ հրապարակավ չի ընդունել, ճանաչել, քաղաքական ուժ չի տվել Սերժ Սարգսյանի հետ որեւէ տարաձայնության:
Ինչ է դա՝ արեւելյան խորամանկություն, թե պարզապես վախ բաց տարածքներից, որ դրսեւորել է Բարգավաճ Հայաստանը: Ինչի՞ է ընդունակ այդ կուսակցությունը:
Ծառուկյանն առայժմ կարծես թե անհավանական կամ հավակնոտ պահանջներ չի էլ ներկայացրել Սերժ Սարգսյանին, որոնք լինեին անլուծելի, բայց Սերժ Սարգսյանը երբեք չի կարող վստահ լինել, որ մի օր Ծառուկյանը չի ներկայացնի այդպիսի առաջարկներ: Ու քանի որ Սարգսյանի համար շատ դժվար է պատկերացնել կամ կանխատեսել նաեւ, թե ԲՀԿ-ն արդյոք «վա-բանկ» կգնա մերժման դեպքում, նա պետք է ձգտի չեզոքացնել ոչ թե ԲՀԿ պահանջը, այլ պահանջ ներկայացնելու ռեալ պոտենցիալը:
Միասնական ցուցակը դրա բավական արդյունավետ տարբերակն է, երբ կամ ԲՀԿ-ն ձայն չի ստանա, կամ նրա ստացած ձայները կգրանցվեն այսպես ասած ընդհանուր զամբյուղում, երբ Ծառուկյանի համար դժվար կլինի ասել, թե այդ ընդհանուրից քանիսն է ինքը բերել, իսկ քանիսն է եկել ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի շնորհիվ:
Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը չի կարող չպատկերացնել այդ հեռանկարը, հետեւաբար դժվար է պատկերացնել, որ նա կարող է գնալ միասնական ցուցակի: Բայց, այստեղ իհարկե Ծառուկյանը մեկ այլ բան պետք է պատկերացնի: Նա թերեւս պետք է պատկերացնի, որ չգնալով միասնական ցուցակի, նա պետք է կամ շարունակի մնալ այն շրջանակում, ինչ մինչ այժմ՝ այսինքն ընդամենը շարունակի բացատրություններ տալ, այսպես ասած հանդիսանալով ընդամենը որպես կոալիցիոն գրագիր, կամ էլ պետք է պատրաստ լինի Սերժ Սարգսյանի դեմ «վա-բանկ» դուրս գալուն, որովհետեւ եթե ԲՀԿ-ն Սարգսյանին ներկայացնի իր հանրային կշռին համարժեք պահանջներ, ապա Սարգսյանը միայն իրավիճակին անհամարժեքության դեպքում կհամաձայնի բավարարել դրանք, քանի որ դա կլինի իշխանությունից կամովին հեռանալու նրա առաջին քայլը: ԲՀԿ այդպիսի պահանջների դեպքում Սերժ Սարգսյանի համարժեք արձագանքը թերեւս կլինի ԲՀԿ դեմ էլ ավելի կոշտ միջոցների դիմելը, ինչն էլ հենց Ծառուկյանին կդնի «վա-բանկ» գնալու անհրաժեշտության առաջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: