Saturday, December 3, 2011

Ադրբեջանի ռասիստական բնույթը ՄԱԿ-ում գնահատվեց ըստ արժանավույն

«Լրագիր» 2-12-2011- Նոյեմբերի 30-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի են ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների ընտրությունները, որոնց մասնակցում էր նաեւ Ադրբեջանը:
ՄԱԿ-ի այս փորձագիտական կոմիտեն իրականացնում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման դաշնագրի անդամ պետությունների կողմից այդ միջազգային փաստաթղթի կիրառման մեխանիզմները, քննարկում պետությունների կողմից ներկայացված զեկույցները, այս առթիվ առկա խնդիրներն ու մտահոգությունները: Կոմիտեի իրավասության ներքո են գործում վաղ նախազգուշացման ընթացակարգը, միջպետական ու անհատական զգուշացման բողոքարկումների մեխանիզմները:
Հետաքրքրական է, որ ընտրություններին մասնակցելու համար թեկնածություն էր ներկայացրել Ադրբեջանը, մի երկիր որտեղ բացահայտորեն քարոզվում ու խարխուսվում է ռասիզմն ու դրա բոլոր ձևերը հարևան ժողովուրդների նկատմամբ, ինչը բազմիցս դատապարտվել է նաեւ միջազգային հանրության՝ մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կողմից:
Վերջերս այս թեմայով ՄԱԿ-ում ելույթ էր ունեցել Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով կազմակերպության անդամ երկրների ուշադրությունն էր հրավիրել հայատյացությունը Բաքվի կողմից վտանգավոր պետական քարոզչություն՝ հռչակելու մասին փաստերին ու նշել, որ Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության դրսևորումներն ու ձևերը վտանգում են վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացն ու հետևաբար վնասում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին:
Ադրբեջանը ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց, ինչը, կարելի է օրինաչափ համարել: Այն նաեւ սառը ցնցուղի դեր կատարեց ադրբեջանակա գլուխգովանների համար, որոնք Անվտանգության խորհրդի ընտրություններից հետո էյֆորիայի մեջ էին ընկել: Այս պարտությունը միջազգային հանրության յուրատեսակ պատգամն էր առ այն, որ պետական մակարդակով ռասիզմի և ռասայական խտրականության քաղաքականություն քարոզելը համարվում է հանցագործություն ուրիշների, իսկ երկարժամկետ առումով նաև սեփական ժողովրդի ու ապագա սերունդների հանդեպ:

No comments: