Saturday, December 3, 2011

ԿՈՎԿԱՍԻ «ԺԱՆԴԱՐՄԸ»

«ԱԶԳ», 03-12-2011- «Հայաստանի «տնտեսական ազատագրման» բանալին գտնվում է Բաքվի ձեռքերում, եւ հույս դնել այն կողմի մեծահոգության վրա, որի «դեմ նոր ագրեսիվ ծրագրեր են հյուսվում» (միջանկյալ չակերտները մերն են- Վ. Ա.) միամտություն է»,- սա Հայաստանի եւ Վրաստանի նախագահների` վերջերս Թբիլիսիում կայացած հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի պաշտոնական արձագանքն է, որ հնչեցվել է «անկախ քաղաքագետ» Թոֆիկ Աբասովի մակարդակով: Հարեւան երկրի ԱԳ նախարարությունը կամ Իլհամ Ալիեւի աշխատակազմն, իհարկե, իրենց թույլ չէին տա նմանօրինակ հայտարարություն անել: Բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Էական է, որ Ադրբեջանում խիստ անհանգստացած են հայ-վրացական հարաբերությունների հետագա բարելավման, տնտեսական ինտեգրացման եւ այլնի մասին Թբիլիսիում ձեռք բերված համաձայնություններից եւ հնարավոր զարգացումների հեռանկարից:
Այլ մակարդակ Բաքվից սպասելի չէր: Չէ՞ որ Իլհամ Ալիեւը նպատակադրվել է «տնտեսապես ծնկի բերել Հայաստանը եւ նրան պարտադրել ԼՂ հարցի բացառապես Ադրբեջանին բավարարող լուծում»: Իր այդ նպատակն իրագործելուն է նա ծառայեցնում թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաեւ պարբերաբար «տրորում Իրանի կոշտուկները»: Իսկ Վրաստանի դեպքում Ադրբեջանը գերադասում է տնտեսական լծակներով այդ երկրում հասնել դիրքի, որ թույլ կտա որոշակիորեն ազդել վրաց իշխանությունների քաղաքական որոշումների վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի ցույց տվեց, որ Իլհամ Ալիեւի «եղբայրական» զեղումներն իրենց նպատակին չեն հասել. Վրաստանը հանուն ադրբեջանական կապիտալի ներգրավվածության չի կիսում տարածաշրջանի ապագայի մասին Ադրբեջանի իշխանությունների պատկերացումները: Սա, իհարկե, պայմանավորված չէ Միխեիլ Սաակաշվիլիի հայամետությամբ: Դա է պահանջում հենց Վրաստանի պետական եւ ազգային շահը: Այն է` չդառնալ թուրք-ադրբեջանական գործոնի կցորդ, չկորցնել ինքնիշխանությունը: Այս իմաստով վրաց- հայկական առեւտրատնտեսական եւ քաղաքական հարաբերությունները նույնքան բնական են, որքան թուրք-վրացականը եւ վրաց-ադրբեջանականը: Եվ հայկական կողմը Վրաստանի հետ կապերը չի միջնորդավորում այդ երկրի` Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքով: Ինչպես եւ, պարզվում է, Վրաստանն էլ Հայաստանի հետ հարաբերությունները չի պայմանավորում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակասություններով:
Դա, կրկնենք, շատ բնական եւ տրամաբանական է. ամեն երկիր ինքն է որոշում իր արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթությունները: Խոսքը քաղաքակիրթ երկրների մասին է, որոնց ցանկից, ըստ ամենայնի, Ադրբեջանը պետք է հանվի: Քանի որ, ինչպես կարելի է դատել վրաց-հայկական բարձր մակարդակի հանդիպման շուրջը Բաքվից հնչած մեկնաբանություններից, Իլհամ Ալիեւի համար «տրամաբանական» է այն, ինչ «բխում է բացառապես իր երկրի շահերից»:
Հոդվածի ամենասկզբում արված մեջբերումը վկայում է, որ Ադրբեջանը միտում ունի վերանայելու Վրաստանի հետ հարաբերությունների ողջ համալիրը: Եթե Հայաստանի «տնտեսական ազատագրման բանալին գտնվում է Բաքվի ձեռքերում», կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը նպատակադրվելու է, որ հայ-վրացական համաձայնությունները չգործեն: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի «սպառնալիքներ» հնչեցնել:
Ինչպե՞ս կարձագանքի դրան վրացական կողմը` իր խնդիրն է: Մեզ, այդուհանդերձ, արժե նկատել տալ, որ վրաց-հայկական առեւտրատնտեսական ինտեգրացիայի հեռանկարը Թբիլիսիի կողմից արված «մեծահոգություն» չէ: Դա որքան Հայաստանին, նույնքան էլ Վրաստանին է պետք: Թերեւս նաեւ թուրք-ադրբեջանական «տնտեսական աջակցության» կապանքները մեղմելու առումով:
Ավելի մտահոգիչ է, որ Ադրբեջանն իրեն վերագրում է Կովկասի «առաջատարի առաքելություն»: Մեկ անգամ չէ, որ այդ երկրի պաշտոնատարները բացահայտ խոսել են Հարավային Կովկասի տնտեսական ներուժի մեջ Ադրբեջանի չափաբաժնից: Վերջերս էլ մի պատկառելի ադրբեջանական պատվիրակություն շրջել է ՌԴ հյուսիսկովկասյան տեղաշրջանում եւ ուսումնասիրել «ներդրումներ անելու հեռանկարը»:
Այլ աշխարհաքաղաքական իրավիճակում դա թերեւս ընկալվեր որպես օրինաչափ երեւույթ: Ադրբեջանի մեծապետական անթաքույց հավակնությունների նկատառմամբ, սակայն, Բաքվի «բացառապես տնտեսական նախաձեռնություններից» Կովկասի «ժանդարմ» դառնալու եւ քաղաքական կամք թելադրելու` Իլհամ Ալիեւի վտանգավոր ցանկության տպավորություն է ստեղծվում:
Գուցե դրա այլընտրա՞նքն է հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացման նպատակը, որ առաջադրել են նախագահներ Սարգսյանն ու Սաակաշվիլին: Թերեւս ա՞յդ պատճառով է, որ Բաքուն ջղագրգռվել է: Այլ ենթադրության տեղ Սարգսյան-Սաակաշվիլի գագաթաժողովի ադրբեջանական կողմի բացահայտ թշնամական արձագանքը չի թողնում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: