Saturday, December 24, 2011

Սարկոզիի հայրը Էրդողանին խորհուրդ է տվել գնել ու կարդալ իր գիրքը

Tert.am. 23-12-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայրը՝ Պոլ Սարկոզին, հայտարարել է, որ ինքը երբեք չի ծառայել Ալժիրում։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահի հայրն այդպիսով պատասխանել է Թուքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքը 1940–ական թթ. Ալժիրում ֆրանսիական լեգեոնի զինվոր է եղել և «շատ լավ տեղյակ է, թե ֆրանսիացիներն ինչպես են ոչնչացնում ալժիրցիներին»։
«Ես երբեք Ալժիրում չեմ եղել։ (Օտարերկրյա) Լեգեոնում ես ընդամենը 4 ամիս եմ ծառայել, հետո ինձ հիվանդանության պատճառով հետ են ուղարկել։ Ամեն ինչ նկարագրված է իմ «Այսքան կյանք» գրքում, բավական է գնել ու կարդալ այն»,–ասել է Պոլ Սարկոզին և հավելել, որ Էրդողանի հայտարարությունները ծիծաղելի են։
Էրդողանն այսօր կրկին անդրադարձել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը։ «Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, թե Եվրոպայում ռասիզմի, խտրականության, բացասական վերաբերմունքի դրսևորումները մուսուլմանների հանդեպ որքան են շատացել։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ցանկանում է թուրքերի և մուսուլմանների հետ թշնամանալով հաղթել ընտրություններում»,–ասել է Էրդողանը։
Նա հավելել էր, որ 1945թ. սկսած՝ Ալժիրի բնակչության մոտ 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների կողմից։
«Ալժիրցիները զանգվածաբար այրվել են վառարաններում, դաժանաբար ոչնչացվել։ Եթե Սարկոզին այդ ցեղասպանության մասին չգիտի, թող իր հորից՝ Պոլ Սարկոզիից հարցնի։ Նրա հայրը 1940–ական թթ. Ալժիրում ֆրանսիական լեգեոնի զինվոր է եղել։ Վստահ եմ, որ նա ֆրանսիացիների գործած սպանդի մասին որդուն շատ բան կունենա պատմելու »,–ասել էր նա։

No comments: