Saturday, December 24, 2011

Ողբերգական անորոշությունն ու գեներալները

«Լրագիր» 23-12-2011- Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը դեկտեմբերի 23-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պետք է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին իշխանություն տալ բանակն անցանկալի սպաներից մաքրելու համար: Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ կոնկրետ անուններ է տվել՝ Յուրի Խաչատուրով եւ Միքայել Հարությունյան:
Ինչպես հայտնի է, Խաչատուրովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, իսկ Հարությունյանը՝ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչը:
Այդ երկու կարեւորագույն պաշտոնները պետք է որ լինեին հանրային առանցքային ուշադրության կենտրոնում, հատկապես բանակի հետ կապված վերջին ողբերգական խնդիրների համատեքստում: Բայց, Յուրի Խաչատուրովն ու Միքայել Հարությունյանը կարծես թե ստվերում են:
Խաչատուրովի հրաժարականը պահանջում էր «Չենք լռելու» նախաձեռնությունը, բայց դա էլ բավականաչափ լուրջ ընկալում չի ստանում թերեւս այն պատճառով, որ այդ նախաձեռնությունը կարծես թե խուսափում է կոնկրետ մարդկային դեմքերով հանդես գալուց, ավելի շատ թողնելով ինչ որ վիրտուալ մի բանի, ուրվականի տպավորություն:
Խաչատուրովի պատասխանատվության մասին գրում են քիչ լրատվամիջոցներ, իսկ փորձագիտական հանրությունից կարծես թե Ռիչարդ Կիրակոսյանն է, որ բաց եւ կոնկրետ խոսում է այդ մասին:
Բայց, այստեղ շատ էական է, թե իսկ ինչին են սպասում Զինված ուժերի գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանն, օրինակ, որեւէ կերպ չի փորձում առարկայական քննարկում ծավալել զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքի կապակցությամբ, չի փորձում հանրությանը իրազեկումներ տրամադրել, թե այդ շտաբն ինչ արդյունավետությամբ է աշխատում, ինչպես է իրականացնում պաշտպանական ոլորտի կառավարման իր բաժինը, ընդ որում բավական զգալի բաժինը:
Այսինքն, ընդհանրապես հարց է առաջանում, թե իսկ Սեյրան Օհանյանն ինքը ուզո՞ւմ է արդյոք, որ ստանա բանակն անցանկալի սպաներից ազատելու իշխանություն, Սեյրան Օհանյանն ինքը զգո՞ւմ է արդյոք, որ Խաչատուրովն է խանգարում բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանը, կամ դրան խանգարում է Միքայել Հարությունյանը:
Այն, որ այդ երկու գեներալները թերանում են իրենց աշխատանքում, վկայում է թե բանակում առկա վիճակը, թե այն, որ բոլոր խնդրահարույց դեպքերում նրանք ստվերում են, չեն մասնակցում քննարկումներին, չեն փորձում պատասխանատվություն ստանձնել:
Բայց, ստվերում է նաեւ Սեյրան Օհանյանի վերաբերմունքն այդ անցանկալի սպաների հանդեպ:
Եթե Օհանյանն ունի բանակում իր իշխանությունն ընդլայնելու անհրաժեշտություն, որ կարողանա լուծել կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը, բանակի վերափոխման խնդիրը, ապա այդ մասին նա պետք է հստակ մեսիջներ հղի հասարակությանը: Առանց հասարակության օժանդակության, Օհանյանն անկարող է այդ խնդիրը լուծել:
Բայց, բանն այն է, որ հասարակությունը նույնիսկ հստակ մեսիջ չի ստանում այն մասին, որ Օհանյանն ընդհանրապես ուզում է լուծել այդ խնդիրը:
Բայց, միգուցե այնպիսի մի իրավիճակ է, երբ Սեյրան Օհանյանը խոսելու, արտահայտվելու, հասարակությանը մեսիջ հղելու դեպքում պետք է դուրս գա Գերագույն գլխավոր հրամանատարի դեմ:
Նրա մասով ընդհանրապես անորոշ լռություն է եւ հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանն ինչպես է վերաբերում Գլխավոր ռազմական տեսուչի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատանքին: Գուցե նրանց Սերժ Սարգսյանն է պահում, ինչի համար էլ Օհանյանն անզոր լռում է:
Այդ ամենը կմնա անորոշ, քանի դեռ չի ծավալվել բաց ու հստակ քննարկում զինված ուժերի արդիականացման թեմայով, քանի դեռ դրա վերաբերյալ հարցերը մի կողմը՝ իշխանությունը, ներկայացնում է ընդամենը որպես դավաճանություն եւ անհայրենիքություն:
Այդուհանդերձ, որպես որոշակի միտում պետք է թերեւս դիտարկել Վովա Գասպարյանի հեռացումը համակարգից: Ինչպես հայտնի է, մինչ Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելը, նրա եւ պաշտպանության մեկ այլ փոխնախարար Դավիթ Տոնոյանի միջեւ գուցե ոչ ուղղակի, բայց հակասություն էր առաջացել բանակի խնդիրների վերաբերյալ արտահայտվող հասարակական նախաձեռնությունների հանդեպ վերաբերմունքի մասով:
Գասպարյանը նրանց համարում էր «անհայրենիք գրանտակերներ», իսկ Տոնոյանն ընդունում նրանց եւ խոսում հասարակության այդ նախաձեռնություններին լսելու եւ նրանց հետ գործակցելու անհրաժեշտության մասին, ի շահ բանակի:
Վովա Գասպարյանի ոստիկանապետ նշանակումը այդ հակադրության կամ հակասության անուղղակի հանգուցալուծում էր նաեւ, ինչ որ առումով: Դա հույս է տալիս, եւ հիմք ենթադրել, որ այդուհանդերձ առկա են ավելի բանակի վերափոխմանն ու արդիականացմանը հակված միտումներ, ինչի շնորհիվ էլ նախարարությունում մնաց Տոնոյանը, ոչ թե Գասպարյանը:
Բայց, ակնհայտ է, որ այդ միտումները չափազանց դանդաղ են, եւ աններելի դանդաղ, քանի որ այդ դանդաղությունն արժենում է հայ զինվորի կյանքը խաղաղ պայմաններում, առանց թշնամու միջամտության: Հետեւաբար, իսկապես ժամանակն է, որ իշխանությունը հստակեցնի իր դիրքորոշումը բանակի հարցում եւ բանակում հստակվի իշխանությունը:
Հայաստանի ժողովուրդն արդեն չափազանց շատ ու թանկ է վճարել կարեւորագույն այդ կառույցում ողբերգական անորոշության համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: