Thursday, December 15, 2011

Շառլի խոսքերը ծանր են տանում

«Լրագիր» 14-12-2011- Հայաստանի իշխանությունն արագորեն ձեռնամուխ եղավ Շառլ Ազնավուրին «հերքելուն». Արմենպրես պետական գործակալությունը հարց ուղղեց աշխարհահռչակ երգչին նրա վերջին հայտարարությունների վերաբերյալ, որին Ազնավուրը պատասխանեց, թե ինքը նման բան չի ասել, եւ դա թարգմանական սխալ էր: Հիշեցնենք, որ ըստ Life Showbiz-ի՝ Ազնավուրն ասել էր, թե «Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, երկիրը զրկում են երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»:
Ազնավուրն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Դա է ճշմարիտ մտավորականի կեցվածքը՝ թեկուզ մռայլ գույներով, սակայն բարձրաձայնել երկրում տիրող իրավիճակի մասին: Իսկ այդ իրավիճակը նորություն չէ ոչ մեկի համար, նույնիսկ Հայաստանի իշխանության: Նորությունը թերեւս այն է, որ Հայաստանում սովոր չեն, որ մտավորականը կարող է նման հայտարարություններ անել, այն էլ՝ պետական պաշտոն զբաղեցնող մտավորականը: Հիշեցնենք, որ Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում:
Հայաստանում այլ բան է ընդունված, մտավորականների մասով: Նրանք պարտավոր են քննադատել «արտաքին թշնամուն», եւ իշխանությանը պաշտպանել «ներքին թշնամուց»: Արտաքին թշնամիները, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, նրանք են, ովքեր քննադատում են ՀՀ իշխանություններին, իսկ ներքին թշնամիները նրանք են, ովքեր խոսում են երկրի կյանքի տարբեր ոլորտների խնդիրներից, բողոքում անօրինականություններից ու ամենաթողությունից, խոսում Սահմանադրական կարգ հաստատելու անհրաժեշտությունից: Նրանք մասնակցում են իշխանության ընտրական արշավներին, մատ թափ տալիս սեփական ժողովրդի վրա, արդարացնում անօրինականությունները եւ այլն:
Շառլը խոսում է մարդուց, նրա խնդիրներից, հոգսերից, արժանապատիվ ապրելու իրավունքից: Իսկ հայ մտավորականների գերակշիռ մասի համար մարդը որեւէ արժեք չունի, նրանք ձեւավորել են մի մտայնություն, որի արդյունքում առաջին պլան են մղվել ինչ որ վերացական արժեքներ՝ ազգ, հայրենիք եւ այլն, որոնց ստորադասվել է կոնկրետ մարդը, հայ մարդը: Նրանց «ստեղծագործություններում» չկա հայ մարդը, եւ չի էլ կարող լինել, որովհետեւ նա վերացական արժեքների «միսն է», ոչ թե բովանդակությունը:
Ահա թե ինչու, Հայաստանի պաշտոնական շրջանակները ծանր են տանում մտավորականի ճշմարիտ կեցվածքը, որը Հայաստանում դարձել է էկզոտիկ երեւույթ, իսկ քաղաքակիրթ աշխարհում դա սովորական մի բան է, նույնիսկ պարտականություն:
Հայկ Արամյան

No comments: