Sunday, December 4, 2011

Պաշտոնական Մոնտեվիդեոն պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել պաշտոնական Ստեփանակերտի հետ. մեկնաբան

Tert.am. 4-12-2011- ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ուրուգվայի խորհրդարանի նախագահի հետ։ Անդրադառնալով այս հանդիպմանը «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն»-ի տաղավարում մեկնաբան Արտյոմ Երկանյանը նշեց, որ այս հանդիպումն անուղղակիորեն հաստատում է, որ Ուրագուգվայը պատրաստ է ճանաչել ԼՂ անկախությունը կամ՝ նվազագույնը, որ պաշտոնական Մոնտեվիդեոն պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել պաշտոնական Ստեփանակերտի հետ։ «Չի բացառվում, որ ԼՂ-ն պաշտոնական ներկայացուցչություն բացի Ուրուգվայում»,- նշեց նա։
«Ուրուգվայն առաջին երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և աջակցել Հարավային Ամերիկայի խորհրդարանական վեհաժողովում Ցեղասպանության ճանաչմանը։ Ուրուգվայը կաշկանդված չէ ադրբեջանական նավթով, նաև ԱՄՆ-ի ազդեցությունն է Ուրուգվայի վրա համեմատաբար համեստ, այնպես որ կարելի է պաշտոնական Մոնտեվիդեոյից կտրուկ քայլեր սպասել»,- նշեց Արտյոմ Երկանյանը։
Արտգործնախարար Լյուիս Արմագրոն հայտարարել էր, որ Ղարաբաղը Հայաստանն է, և լավագույն ճանապարհը կամ ԼՂ անկախության ճանաչումն է, կամ դրա միավորումն է Հայաստանին։ Ադրբեջանում դա հերթական հիստերիան էր առաջացրել, պահանջել էին հերքել, պնդել, թե դա ենթատեքստից հանված առանձին միտք է, որ բանավոր խոսքում անզգուշաբար իրեն թույլ է տվել մի պաշտոնյա, որը պաշտոնական դիրքորոշում չէ։ Սակայն արտգործնախարարը նույն ելույթում նշել էր, որ իր այս խոսքը կարող է ցնցում առաջ բերել, սակայն այն հիմնված է սկզբունքների վրա, «ինչը փաստում է, որ պաշտոնական Մոնտեվիդեոն մտադիր չէ իր խոսքերից հրաժարվել»։

No comments: